Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Առեղծուածային Վրձնի Տիրակալը

Մ. Գէորգեան

June 2, 2026
in Մշակութային
0
Առեղծուածային Վրձնի Տիրակալը

Փարաւոն Միրզոյեան. անուն, որ վաղուց իր ուրոյն տեղն ու դերն ունի հայ մշակութային արժեհամակարգում ու միջազգային հարթակում։

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարաւոն Միրզոյեանի իւրաքանչիւր ստեղծագործութիւն արուեստի իւրօրինակ ու մնայուն գործ է։ Մտաւորական արուեստագէտ, որի վրձնահարուածից ծնւում է կեանք ու սէր։ Տիեզերքը բարեհաճ է գտնուել նրա հանդէպ եւ շռայլօրէն շնորհել է տաղանդ։ Աշխատասիրութեան, ձգտման ու ակադեմիական փայլուն կրթութեան շնորհիւ այն հասել է կատարելութեան։

Վարպետի արուեստում չկայ կրկնօրինակում, նա հարթել է իր ուղին՝ ձեւաւորելով ուրոյն ձեռագիր, ոճ, գեղագիտական ճաշակ, համարձակ ներկայանալի Ես։

Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մէկում, Սիւնեաց աշխարհում ծնունդ առած արուեստագէտի ոգեշնչման աղբիւրը հէնց հայրենիքն է։ Այն առաւել արտացոլուած է կտաւներում, որոնք շնչում են հայրենի հողի, ջրի, արեւի, լեռների, ծառ ու ծաղկի համահունչ համադրութեամբ։ Իւրաքանչիւր կտաւում ներդաշնակ, հարմոնիկ լուծումներով է միահիւսուած բանաստեղծութիւըն, երաժշտութիւնը եւ գեղանկարչութիւնը։ Միրզոյեանի գունապնակը վառ է, ուրախ, նա ստեղծագործում է մաժորային տոնայնութեան մէջ։ Անգամ իր հոգու ու ժողովրդի ցաւը, վիշտը, կարօտը հանգուցալուծում է մտաւորականին վայել ճշգրիտ ուղով՝ դէպի լոյսը, արեւն ու կեանքը։

Խիստ ու խրոխտ այս արուեստագէտի հոգին իրականում շատ նուրբ ու փխրուն է. այդ են վկայում այն բազմաթիւ կտաւները, որոնք զարդարում ու լուսաւորում են Հայաստանի ու տարբեր երկրների շատ թանգարաններ։ Չափազանց նուրբ, զգայական գիծ կայ նրա մէջ, որ հասնում է երկնային սահմանագծին։ Նա կարողանում է առանց աւելորդ ջանք գործադրելու հմտօրէն որսալ ակնթարթը եւ յաւերժացնել։

Որպէս բարձր մտաւորական կերտել ու կերտում է գործեր, որ մեր ժողովրդի մշակութային ժառանգութեան հաստատուն մաս են կազմում։ Փարաւոն Միրզոյեանի արւեստը արդի է ու համամարդկային։ Ունենալով անսահմանափակ ստեղծագործական մտահորիզոն, նա կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ հատելով անսահմանութեան շեմը, չդաւաճանելով իր ես-ը, դաւանած հոգեւոր-բարոյական արժէքները եւ ազգային դիմագիծը։ Նրա արուեստը բազմաժանր է, ընդգրկում է ռապսոդիաներ, ռեքուիեմներ, էտիւդներ մինչեւ անգամ «Թռչնի համբոյր» պրելիուդ՝ ի դէմս բնապատկերների, նատիւրմորտների, դիմանկարների, գծանկարների։ Երաժշտափիլիսոփայական ելեւէջները վառ արտայայտուած են նկարչի արուեստում։ Իւրաքանչիւր ոք դիտելով նրա կտաւները՝ կը տեսնի, կը լսի այն հոգեհմայ երաժշտութիւնը, որն այդ պահին համահունչ է իր սրտի զարկին ու կեանքի կշռոյթին։ Նա գտել է մարդկային ծինային կոդի առեղծուածը եւ կարողացել վրձնահարուածով՝ յաւերժացնել ու աշխարհին ներկայացնել բարձրագոյն սիրոյ դրսեւորումները, թողնելով այն լոյսն ու ստուերը, որ առկայծում է սատանայական կրքից մինչեւ կապոյտ անուրջներ։

Ներթափանցելով նկարչի մոգական աշխարհ, թւում է բացայայտում ես անտեսանելին, անիրականը, սակայն հեղինակն ունի գաղտնիք, որը հասու չէ սովորական մահկանացուներին։ Փարաւոնն է թելադրում տեմպն ու ռիթմը իր առեղծուածային կտաւի, որի բանալին միայն ինքն ունի։ Ճշգրիտ, հարմոնիկ լուծումներով գունային խաղը նրա ստեղծագործութիւններում հնչում է իբրեւ կատարեալ տաղ, որտեղ անգամ դադարն ունի իր մեղեդին։

Օժտուած արուեստագէտի կեանքում գերիշխում է սէրը, որն էլ իր շնորհին միաձուլուելով՝ ստեղծում է գլուխգործոցներ։

2026 թուականի ամանորեայ հեքիաթը հրեղէն ձիու կերպարն է, որ պատկերել է Վարպետը, կարծես երազից ծնուած մի տեսիլք։ Կապոյտը, որպէս խաղաղութեան ու վեհութեան խորհրդանիշ, ճերմակը՝ աներեւոյթ հրաշքի ծնունդ։ Յստակ պատկերուած է փերու բերած աւետիսը եւ մոգական այլակների խաղը՝ որպէս հաղորդութիւն մարդկութեանը։

Եւ այն հնչում է Սուրբ ծննդեան գիշերը՝ իբրեւ «Տաղ Աստւածածնայ»…

Գարնանամուտին գոյների մայեսթրոյի սիրառատ ու երփներանգ ներաշխարհից ծնունդ է առել մէկ այլ գլուխգործոց։ Նա կտաւին է անմահացրել «Եդեմական պարտէզ՝ նրբագեղ հայուհու ծաղկունքով»։ Այստեղ նկարագրուած է կեանք, սէր ու կին, որտեղ իշխում է կանացի նրբութիւնը, քնքշութիւնը, վեհութիւնը։ Ծաղկած պարտէզը կնոջ բոյրն ունի՝ վարդագոյն կեանքի խորհրդով։ Ըստ Փ. Միրզոյեանի վրձնի՝ կտաւը հնչում է Սայաթ Նովայի քնարական սիրերգութեամբ, իրական ու երեւակայական աշխարհում։

Իւրաքանչիւր գաղափար, որն արդէն կտաւ է դառնում ունի իր ասելիքը, տրամադրութիւնը, զգացմունքը եւ, իհարկէ, տիեզերքից եկող ուժը, որը հէնց հիմքն է ճշմարիտ արուեստի ու արուեստագէտի առաքելութեան։

… Ապրիլի 24, խորհրդանշական երեք մէկ՝ 111 տարի։

Փարաւոն Միրզոյեան, մտաւորականը, արուեստագէտը, ՀՀ ժողովրդական նկարիչը եւ հայ ազգի նուիրեալ զաւակը, հայրենիքում ապրող եւ արարող անձը՝ իր մտորումներով, հայրենիքի սպիացած, բայց չմոռացուող վէրքերի ցաւերով տարուած, այդ օրը երեկոյեան իրենից անկախ, վերին ուժերի մղումով՝ կեանքի է կոչում եւս մի գլուխգործոց՝ «Վերածնունդ»։ Հայ քրիստոնեայ ազգի դարաւոր պատմութիւնն է այս կտաւում, որը վերածնուելով բազմիցս՝ ապրելով ապրեցնում է, հնչելով մաժորային տոնայնութեամբ։

Հայ մեծանուն նկարչի աշխատանքները պահւում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուքրաինայի, Պելառուսիայի հանրապետութիւնների թանգարաններում եւ ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Սպանիայի, Հնդկաստանի եւ այլ երկրների մասնաւոր հաւաքածուներում։

Share66Tweet41
Previous Post

Արհեստական Բեղմնաւորումը` Մեղքի Եւ Արդար Իրաւունքի Հակասութիւններու Միջեւ

Next Post

Լուրեր. 4 Յունիս 2026

Next Post
Լուրեր. 4 Յունիս 2026

Լուրեր. 4 Յունիս 2026

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.