Կիլիկեան Հաճընի հերոսական պայքարից շուրջ 90 տարի անց Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում հիմնադրուեց մի պարային անսամպլ, որն օժտուած էր հերոսական քաղաքի անկոտրում ոգով եւ ուժով, եւ որի առաքելութիւնը դարձաւ պահպանել ու ներկայացնել հայկական մշակոյթը ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհի տարբեր անկիւններում։
«Հաճըն» պարային անսամպլի հիմնադիր եւ գեղարուեստական ղեկավար, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ոսկէ մետալակիր Արսէն Աւետիսեանը, 13 տարեկանից սկսելով իր պարային գործունէությիւնը, նախ աւարտել է Պարարուեստի ուսումնարանը, այնուհետեւ Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի «Պարարուեստի մանկավարժութեան ամպիոնը»՝ 2018 թուականին ստանալով պարարուեստի մագիստրոսի աստիճան։
2010 թուականին ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Կարէն Գէորգեանի հրաւէրով Արսէն Աւետիսեանը ընդգրկուել է ՀՀ վաստակաւոր պարախումբի՝ «Բերդ» պարային անսամպլի հիմնական կազմում, որի հետ շրջագայել եւ փառահեղ ելոյթներ է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում։
Նոյն թուականին հայկական պարի նուիրեալ Արսէն Աւետիսեանը, պարարուեստում ձեռք բերած գիտելիքներն ու հմտութիւնները կիրառելու, հայկական մշակոյթն ու ժառանգութիւնը պահպանելու եւ սերունդէ-սերունդ փոխանցելու նպատակով, որոշում կայացրեց հիմնադրել պարային անսամպլ՝ այն անուանակոչելով «Հաճըն», ի պատիւ Կիլիկեան փառահեղ Հաճըն քաղաքի։
«Հաճըն» պարային անսամպլն իր հիմնադրման օրուանից ազգային ամուր հիմքերի վրայ դրուեց։ Համերգային կայուն խաղացանկը, ներքին կազմակերպուածութիւնը եւ ղեկավար-պարող փոխադարձ վստահութիւնը կարճ ժամանակահատուածում ձեւաւորեցին ամրակուռ մի անսամպլ։

Անսամպլի գործունէութեան մէջ 2016 թուականից իր մեծ աւանդը ունեցաւ պարուսոյց-մանկավարժ Յասմիկ Աւետիսեանը, ով իր մասնագիտական հմտութիւններով եւս նպաստեց անսամպլի մշակութապահպան գործունէութեանը եւ զարգացմանը։
«Հաճըն» պարային անսամպլն ունեցել է փառահեղ յոբելենական մենահամերգներ Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում եւ Օփերայի ու պալետի ազգային թատրոնում։ Համերգային շրջագայութիւններ է ունեցել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնութեան Ատլեր, Սոչի, Ազով քաղաքներում, Իտալիայի Միլան, Վենեցիա, Հռոմ քաղաքներում, Մակեդոնիայի Օհրիտ եւ Սպանիոյ Պարսելոնա քաղաքներում։ Մասնակցել է բազում մրցութային փառատօների ինչպէս Հայաստանում, այնպէս էլ ՀՀ սահմաններից դուրս։ Վրաստանի Պաթումի, Պուլկարիայի Նեսեպր, Եգիպտոսի Գահիրէ եւ Սպանիոյ Լորետ Տէ Մար քաղաքներում արժանացել է ժիւրիի համակրանքին՝ գրաւելով առաջին հորիզոնականները կամ «Կրան փրի» մրցանակները։ Ունեցել է մենահամերգներ ՌԴ-ի Ազով քաղաքում, Հունգարիոյ մայրաքաղաք Պուտափեշտում եւ Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզում, լաւագոյնս ներկայացնելով հայկական պարն ու մշակոյթը հայ եւ օտարերկրեայ հանդիսատեսին։

«Հաճըն» պարային անսամպլը կարեւորելով ազգային պարի ճիշդ ներկայացումը հանդիսատեսին՝ իր գործունէութեան ընթացքում ստեղծել է բազում տարբերուող բեմական հագուստներ, ինչպէս նաեւ համագործակցելով տաղանդաւոր երաժիշտների հետ, անսամպլի իւրայատուկ եւ չկրկնուող բեմադրութիւնների համար գործիքաւորել եւ ձայնագրել է բազմաթիւ երաժշտութիւններ, որոնց հեղինակային իրաւունքը պատկանում է անսամպլին։
Այսպիսով, այսօր, Արսէն եւ Յասմիկ Աւետիսեանները, իրենց նուիրուած եւ արհեստավարժ աշխատանքի շնորհիւ, միջազգային ասպարէզ են հանում հայկական պարերի հազարամեայ խորհուրդը, իւրայատկութիւնները եւ մշակութային ժառանգութիւնները։

