Շախմատը միայն խաղ չէ, այլ՝ մտածողութիւն ձեւաւորող կարեւոր գործիք: Այս մարզաձեւը Հայաստանում բաւական մեծ պահանջարկ ունի, այդ մասին են վկայում ամէն տարի անցկացուող բազմատեսակ մրցաշարերն ու օլիմփիատաները: Շախմատը Հայաստանում աւելին է, քան պարզապէս մարզաձեւ: Նոր Հաճըն քաղաքը նոյնպէս աշխուժօրէն ներգրաւուած է այդ մարզաձեւի լայն տարածման գործում:

Նոր Հաճընի մշակոյթի տանը գործող շախմատի ակադեմիայի մասնաճիւղը բացուել է 2008 թուականին հայ գրոսմայստեր Սմբատ Լպուտեանի աջակցութեամբ: Որպէս մարզիչ Գոռ Վիրաբեանը աշխատում է 2008 թուականից առ այսօր: Նա 2000-2004 թթ. սովորել է Հայաստանի ֆիզիքական մշակոյթի պետական հիմնարկի շախմատի բաժնում, եղել է Հայաստանի պատանիների 18 տարեկան խմբի մրցանակակիր, 2000թ. մասնակցել է Սպանիայում անցկացուող աշխարհի մինչեւ 18 տարեկան առաջնութեանը: 2007թ. յաղթել է 4-րդ համահայկական խաղերում, 2011թ. համահայկական խաղերում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Փոթիի 2017 թուականի մրցաշարի B խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, նոյն մրցաշարի 2019 թ. զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Այսպիսի ասպարէզ ունեցող շախմատիստը այսօր այդ հինաւուրց խաղի գաղտնիքները մեծ սիրով եւ նուիրուածութեամբ սովորեցնում է Նոր Հաճընի եւ յարակից համայնքների երեխաներին ու պատանիներին, որոնք մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերում շախմատ խաղի նկատմամբ: Տարիների քրտնաջան եւ եռանդուն աշխատանքը տալիս է իր պտուղները:
Շախմատի ակադեմիայի Նոր Հաճընի մասնաճիւղի սաները մասնակցել եւ առ այսօր շարունակում են խաղալ բազմաթիւ մրցաշարերում, յաջողութեամբ լրացնում են մարզական կարգեր, մասնակցում Հայաստանի առաջնութիւնների կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցաշարերի, ինչպէս նաեւ միջազգային մրցաշարերի: Մարզիչ Գոռ Վիրաբեանի պնդմամբ՝ բոլոր յաղթանակների հիմքում հետեւողական աշխատանքն է, անսպառ ջանքը, պայքարը եւ հաւատը սեփական ուժերի նկատմամբ: Շախմատը օգնում է զարգացնել երեխաների տրամաբանական մտածողութիւնը, նպաստում է հմուտ, կազմակերպուած, արագ կողմնորոշուող անհատի ձեւաւորմանը:

Խմբակ յաճախող երեխաների ուսուցումը հաճելի եւ ուրախ դարձնելու համար ստեղծուած են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նոր Հաճընի շախմատի խմբակին մեծ աջակցութիւն են ցուցաբերում Նոր Հաճընի համայնքապետարանը եւ Մշակոյթի տան տնօրէնութիւնը՝ համայնքում մշտապէս կազմակերպելով մրցաշարեր՝ նուիրուած Արցախեան ազատամարտի նահատակների յիշատակին, Հաճընի հերոսամարտի տարելիցներին եւ այլ յիշատակի եւ տօնական օրերին:
Շախմատի խմբակի երեխաները մեծ խանդավառութեամբ ամէն օր շտապում են մշակոյթի տան իրենց սիրելի անկիւնը, եւ վստահ են, որ ընկեր Գոռը իրենց համար կազմել է նոր խնդիրներ եւ խաղային տակտիկաների վերլուծութիւններ, որոնց յաղթահարումը ապագայում բերելու է նորանոր խոշոր յաղթանակների:

