Նոր Հաճընի համայնքապետարանի մսուր մանկապարտէզը գտնւում է Հայաստանի հանրապետութեան Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում եւ հանդիսանում է համայնքի նախադպրոցական կրթութեան կարեւորագոյն բաղադրիչը։ Մանկապարտէզը կառուցուել է 1968-1970թթ-ին եւ շուրջ կէսդարեայ գոյութեան ընթացքում դարձել է այն հրաշալի միջավայրը, որտեղ երեխաներն առաջին անգամ կը ներգրաւուին կազմակերպուած կրթական գործընթացին, սովորում են շփուել, խաղալ եւ զարգացնել իրենց կարողութիւնները։
Մանկապարտէզում այսօր գործում է 8 խումբ՝ կրտսեր առաջին, կրտսեր երկրորդ, միջին, աւագ տարիքային խմբերով՝ շուրջ 210 երեխայ, աշխատում են 36 աշխատակից։

Մանկապարտէզը մշտապէս գտնւում է ինչպէս համայնքի ղեկավարի, այնպէս էլ արժանթինահայ հաճընցի բարերարներ Արսլանեան ընտանիքի ուշադրութեան կեդրոնում։
Մանկապարտէզը յագեցած է յարմարաւէտ, լուսաւոր խմբասենեակներով, որոնք համապատասխանեցուած են պահանջուող կանոններին։

Երեխաների առօրեան մանկապարտէզում այնպէս է կազմակերպւում, որ նրանք ստանան իրենց տարիքին համապատասխան ներդաշնակ եւ բազմակողմանի զարգացում։ Դաստիարակներն աշխատում են մեծ սիրով, կրթական ծրագրերին համահունչ։ Մեծ ուշադրութիւն ենք դարձնում նաեւ առողջ սննդակարգին։ Երեխաներին մատուցւում է թարմ, առողջ, վիթամիններով հարուստ սնունդ։
Այստեղ կարեւորւում է նաեւ կապը ծնողների հետ․ կազմակերպւում են համատեղ միջոցառումներ, խորհրդատուութիւններ, սեմինար-հանդիպումներ։

Նոր Հաճընի համայնքապետարանի մսուր մանկապարտէզն ապահովում է սիրառատ, անվտանգ եւ զարգացնող միջավայր երեխաների համար։ Այստեղ իւրաքանչիւր երեխայ գնահատուած է, շրջապատուած հոգատարութեամբ։ Մանրակրկիտ կազմակերպուած կրթական գործընթացը, փորձառու աշխատակիցներն ու յարմարաւէտ պայմանները այս հաստատութիւնը դարձնում են համայնքի կարեւոր կրթօճախներից մէկը։

