«Մէկ բացասական արարքը
մոռացութեան է մատնում
բազում բարիքները»:
Տեսնելով եւ հասկանալով երկրում տիրող քաղաքական ու հանրային կործանիչ կացութիւնը, երբ երկրի շահն ու բարոյական յարաբերութիւնները նուազ ընդունելի ու տանելի մակարդակի են եւ թացի ու չորի, չարի ու բարու, նաեւ բարեկրթութեան նկատմամբ բացակայ է հանրութեան զգայունութիւնը, վիճակը որքան տագնապալի, նոյնքան ողբալի է:
Անկախութիւնից ի վեր մօտ երեք տասնամեակ է, որ մեր հասարակութիւնը ամէն տեսակի ու որակի քաղաքական աճպարարների ձեռքին խաղալիք դարձած կատարեալ մոլորութեան մէջ է, ի՞նչ դիրք ու որոշում ընդունելու խնդրի առջեւ, որից մեծագոյնը եւ յուզիչը՝ կղեր-իշխանութիւն անիմաստ մենամարտն է, որ կարծես վերջանալու յոյսեր չի ներշնչում, իսկ կողմերի յամառութիւնը արգելք է արագ լուծումի յանգելու, եւ անյայտ է, թէ որքան այն կը տեւի, մինչդեռ տրամաբանական լուծումը՝ յայտնի: Յարմար գտայ ներքոյ ներկայացնել իմ յարաբերութիւնները հայ հոգեւոր միջավայրի հետ՝ համեմատական եզրեր գտնելու արդի կղերական վերնախաւի գործելակերպի համեմատ:
1986-ին էր։ Երջանկայիշատակ Վազգէն Ա. վեհափառ հայրապետը իր հերթական այցելութեամբ Փարիզ էր ժամանել ու բազմաթիւ հանդիպումների ընթացքին ներկայացնում էր Ֆրանսայի թեմական կառոյցի ստեղծման խնդիրը։ Վարչական խորհուրդի անդամի հանգամանքով մասնակցում էի այդ հանդիպումներին։ Մի բան էր ինձ զարմացնում, թէ ինչո՞ւ այդ տարիների հոգեւորական դասը ու մանաւանդ թեմի գործող կաթողիկոսական պատուիրակ առաջնորդը ոչ միայն չէր քաջալերում ու մասնակցում այդ աշխատանքներին, այլ թաքնուած արգելքներ էր ստեղծում այն աստիճան, որ գործը ձգձգուեց երկու տասնամեակ։
Վեհափառ հօր Էջմիածին վերադառնալու օրը, հաւաքուած էինք օդանաւակայանի բարձրաստիճան անձանց (VIP) յատուկ սպասասրահում, ու պարզուեց (ինձ համար), որ այդտեղ տեղի պիտի ունենար երկու կաթողիկոսների պատմական հանդիպումը, ըստ իրար միջեւ եղած համաձայնութեան։ Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. կաթողիկոսը՝ իր ԱՄՆ ճամբորդութեան առումով միեւնոյն ժամին պիտի լինէր միեւնոյն սպասասրահում ու երկու վեհափառները մօտ մէկ ժամ ազատ պիտի լինէին խորհրդակցելու։

Ժամը եւ առիթը պատմական էին, բայց, մեզ անծանօթ պատճառներով, Պէյրութից եկող օդանաւը այնքան ուշացաւ, որ ստիպուած Վազգէն Ա.-ին ուղեկցեցին օդանաւ՝ վայրկեանների ճշդութեամբ։ Մի փոքր անց ականատեսն եղանք նոյն սրահի մէջ Գարեգին Բ.-ի մուտքին, որ դժգոհ էր իրենից անկախ, Ամենայն Հայոցի հետ ծրագրուած այդ հանդիպելու կարեւոր առիթը չիրականանացաւ։ Ընդհանուր նիւթերի շուրջ զրուցելուց յետոյ՝ նա եւս հրաժեշտի ջերմ խօսքերով հեռացաւ, օդանաւի թռիչքը չխանգարելու համար։

Մի քանի տարի անց երբ Ամենայն հայոց Գարեգին Ա. կաթողիկոսը Փարիզ էր եկել պաշտօնական այցով ու մեր հանդիպման ընթացքին խնդրեցի համաձայնուել մի քանի ժամով իմ օճախում համեստ ընթրիքի՝ ընդունեց ու մենք անմոռանալի մի երեկոյ ունեցանք։ Հայերէնը նրա բերանում տարբեր ծաւալ ու հմայք ունէր ու նա կարողանում էր գերել իր ունկնդիրներին։ Ամենայն Հայոցի գահին արժանանալուց յետոյ, մենք մի քանի հանդիպումներ ունեցանք ընդհուպ մինչեւ Էջմիածնի ճեմարանի 1996-ի շրջանաւարտների հանդէսին, իր իսկ հրաւէրով, ու ամէն անգամ հիացմունք եմ ապրել այդ կատարեալ հայի հետ հանդիպումից։ Աւա՜ղ նրա գործունէութիւնը երկար չտեւեց, որին փոխարինեց Գարեգին Ներսիսեանը իր շքախմբով:
Վազգէն Ա.-ի հետ բազմաթիւ պաշտօնական հանդիպումներ եմ ունեցել Փարիզի, Ալֆորվիլի եկեղեցիների շրջանակում, իսկ անհատապէս հանդիպել եմ վեհարանում 1987-ին։
Մի առիթով Երեւան պիտի ճամբորդէի ու ինձ յանձնարարուեց Վեհափառի համար դեղեր տանել, որ յօժարակամ ընդունեցի։ Առաւօտեան սենեակիս հեռաձայնը հնչեց։ Զանգող սարկաւագը աւետեց, որ վեհափառը ցանկանում է ինձ հանդիպել ու եթէ տրամադիր եմ, ապա ինքը պատրաստ է ինձ ուղեկցել։ Խորհրդաւոր էր, երբ ընդունարանի մեծ սրահի սեղանի ծայրին նստած տեսայ ալեհեր հայրապետին։ Ինձ տեսնելով ոտքի ելաւ ու ես անմիջապէս մօտեցայ ողջունելու։ Վեհափառի առաջին խօսքը եղաւ՝ «Բայց մենք արդէն ծանօթ ենք»։ «Այո՛, Վեհափառ, այդ պատիւը արդէն ունեցել եմ» պատասխանեցի ու անցանք զրոյցի։
Նախքան որեւէ հարցում ուղղելը, այդ իմաստունը ինձ յայտնեց, որ չնայած ինքը կատարելապէս շատ բանի ծանօթ է, բայց ցանկանում է իմ անձնական կարծիքը իմանալ տարբեր հարցերի մասին, վերջում աւելացնելով, որ այս զրոյցը բացառապէս լինելու է ոչ ոքի չփոխանցելու պայմանով, միայն ու միայն մեր միջեւ։ Մօտ մէկ ժամ էր անցել արդէն երբ կանչեց իր գաւազանակրին։ Տաբատի գրպանից բանալիների մի տրցակ հանելով տուեց նրան ու թելադրեց ինձ ուղեկցել թանգարանի սրահներին ծանօթանալու։
Վերադարձին, դարձեալ բանալիները գրպանը դրեց, ու ինձ դիմելով ասաց, որ ինձ ճաշի պիտի չպահի, բայց այսօրուայ հանդիպման առիթով ինձ է նուիրում վանքի նկարիչներից մէկի հեղինակային գործը՝ Մովսէս առաքեալի մանրապատկերը։
Իմ վերջին հանդիպումը վեհափառ հօր հետ եղաւ Երեւանում, 1993-ի Յուլիս 14-ին։ Պաշտօնական առաքելութեամբ ֆրանսական հաղորդակցութիւնների նախարարութեան պատուիրակութեան կազմով հիւրընկալուել էինք Ֆրանսայի դեսպանուհի տիկ. Դարտինգի կողմից, որ այդ օրը մեծ շուքով նշում էր Բաստիլի գրաւման տարեդարձը։
Կառավարական հսկայական սրահը լեցուն էր, երբ ժամանեց Վազգէն Ա.-ը։ Բոլորը ոտքի ելան ու լռութեամբ հետեւեցին մինչեւ իրեն յատկացուած բազկաթոռին մօտենալը։ Իմ տեսած նոյն վեհափառը չէր այլեւս։ Դժուարութեամբ՝ գաւազանին յենուելով էր քայլում, ուղեկցութեամբ իր նախկին գաւազանակիր Ասողիկ աբեղայի, որ արդէն արքեպիսկոպոսի կարգ ունէր ու որի հետ ծանօթ էի տարիներից ի վեր։ Երբ մօտեցայ աջահամբոյրի, Ասողիկ արքեպիսկոպոսը փորձեց ինձ ներկայացնել։ Վեհափառը անմիջապէս նրա խօսքը կտրեց՝ ասելով. «Ես անոր ով ըլլալը գիտեմ, պարապ տեղը մի յոգնիր»։
Յաջորդ տարին այդ բոլոր բարեմասնութիւններով օժտուած անզուգական հոգեւորականը կնքեց իր մահկանացուն եւ ահա թէ ինչ է եղել իր վերջին խօսքը, որ ինձ է հասել իր անձնական քարտուղարի միջոցով։ Մահից երկու ժամ առաջ քարտուղարը մօտենում է հարցնելով, թէ որեւէ բանի կարիք ունի՞։
Պատասխանը լինում է. «Այլեւս ոչ մէկ բանի կարիք ունեմ, ամէն ինչ վերջացած է։ Մահէն ալ վախ չունիմ, բայց նրան սպասելն է շատ դժուար»։
Խունկ մշտնջենի՝ արդարոց հանգիստ յաւիտենական։
Սոյն գրութեան նպատակը այլ չէ, քան նշել, թէ ի՞նչ հսկայական տարբերութիւն կայ նախկին եւ արդի միեւնոյն աթոռը գահակալած անձանց մարդկային բարոյական որակի եւ յատկութիւնների միջեւ: Նախկինները հոգեւոր շնչով ու պատկառանքով հրապուրեցին հանրութեանը: Համեմատաբար ի՞նչ ունենք այսօր, թողնենք ընթերցողի գնահատանքին:
Յարգանքներս հասկացողներին:
![Անմոռանալի [Բացառիկ 2026]](https://araraddaily.com/wp-content/uploads/2026/01/րոըբէն.jpg)
![Ապրող Յուշեր – Արարատը Եւ Կարէն Դեմիրճեանը [Բացառիկ 2026]](https://araraddaily.com/wp-content/uploads/2026/01/Hampiiiig-75x75.jpg)