ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճնի N3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը 55 տարեկան է: Չգիտեմ՝ ուսումնական հաստատութեան համար դա քիչ է, թէ՝ շատ, բայց մեր դպրոցն ունի երիտասարդի աւիւն եւ տարեցի իմաստնութիւն: Դպրոցը հիմնադրուել է 1970թ.-ին, ունի 36 մանկավարժ եւ 448 աշակերտ: Կրթօճախն ունի նաեւ նախակրթարան, ուր յաճախում են թիւով 23 երեխաներ: N3 հիմնական դպրոցը Նոր Հաճըն համայնքի հանրակրթութեան ոլորտի կարեւորագոյն բաղադրիչներից է:
Մենք սիրում ենք մեր դպրոցը, մեր աշակերտներին: Սա մի կրթօճախ է, որտեղ բոլորը կարեւորում են կրթութեան դերը, բայց գիտեն, որ պէտք է լինի օճախի ջերմութիւն: Ներդպրոցական բազմաբնոյթ միջոցառումները դաստիարակում են գեղագիտական բարձր ճաշակ եւ հայրենասիրական ազնուագոյն մղումներ ունեցող նորագոյն սերունդ:

Մեր դպրոցն այս տարիների ընթացքում տուել է հրաշալի շրջանաւարտներ, հասարակութիւն է ճանապարհել ազնիւ ու պարկեշտ մարդկանց:
Դպրոցը բոլոր ժամանականերում ունեցել է իր ուրոյն դէմքն ու դիմագիծը: Այն մի կուռ կառոյց է, գեղեցիկ ընտանիք, ուր ամէն մէկը շատ լաւ գիտակցում է իր դերը:

Դպրոցի նկատմամբ ունեցած սէրն ու նուիրումն էր, որ 2022 թուականին դպրոցի տնօրէն Սոնա Ասատրեանը որոշեց, որ դպրոցն անպայման իր օրհներգն է ունենալու:

Այդ գեղեցիկ գաղափարը կեանքի կոչեցին տնօրէնի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Մարինէ Վարդումեանը եւ դպրոցի շնորհալի սան Էլեն Խաչիկեանը:
Յոյսով ենք, որ մեր դպրոցը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու եւ միշտ մնալու է գրաւիչ ու տաքուկ անկիւն իր սաների համար:

