Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի, սպրոտի նախարարութեան (հհ ԿԳՄՍՆ) «Նոր Հաճնի աւագ դպրոց» պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնը (ՊՈԱԿ) հիմնադրուել է 1959 -1960 թթ-ին՝ որպէս միջնակարգ դպրոց:
1970 թուականից դպրոցը դարձել է ռուսական դպրոց, իսկ 1994թ-ից կրկին հայկական, սակայն գործել են ռուսական դասարաններ։ 2010թ․-ի Յուլիսի 22-ից մինչ օրս դպրոցը դարձել է աւագ դպրոց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան լիազօրութեամբ։
Դպրոցում իւրաքանչիւր տարի սովորում է 200-300 աշակերտ։ Մեր շրջանաւարտների 90% ընդունւում են հանրապետութեան լաւագոյն բուհեր (համալսարաններ – խմբ.)։
Նոր Հաճընի աւագ դպրոցը այն վայրն է, որտեղ ձեւաւորւում են ժամանակակից պահանջներով զինուած, ինքնուրոյն մտածող, ժամանակին համընթաց քայլող, հայրենասէր, ստեղծագործող եւ կրթուած անհատներ, որոնք կերտում են ապագայի Հայաստանը՝ ուժեղ, անկախ, մրցունակ եւ ազգային արժէքների պահպանմամբ: Նոր Հաճընի աւագ դպրոցի հիմնական առաքելութիւնը եղել եւ մնում է ժամանակի պահանջներին համապատասխան սերունդ կրթելն ու դաստիարակելը:
Մեր հիմնական խնդիրը աշակերտներին ճիշդ մասնագիտական կողմնորոշում տալն է եւ դպրոցն ամէն ինչ անում է սովորողներին բոլոր մասնագիտութիւններին ծանօթացնելու, բուհեր այցելութիւններ կազմակերպելու եւ տարբեր մասնագիտութիւնների տէր մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպելու համար։

Դպրոցի մանկավարժական համակազմը համալրուած է լաւագոյն քատրերով, ուսուցիչների 50%-ը յաղթահարել են կամաւոր աթեստաւորման շեմը, ունենք տարակարգ ունեցող ուսուցիչ։
Շատ բուռն է դպրոցական առօրեան, կազմակերպւում են բազմաթիւ ուսումնաճանաչողական, նպատակային պտոյտներ, առարկայական եւ հայրենասիրական միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն։
Արդէն երկու տարի է դպրոցում անց է կացւում «Տարուայ լաւագոյն աշակերտ» մրցոյթը, որը կրում է դպրոցի շրջանաւարտ, անմահ հերոս Եուրի Եունանովի անունը։
Նախորդ տարուանից դպրոցում գործում է նաեւ «Շրջանաւարտներու խորհուրդը», որն օգնում է այսօրուայ սովորողներին ճանաչել մեր դպրոցի լաւագոյն շրջանաւարտներին, շփուել նրանց հետ եւ ճանաչել որպէս լաւագոյն օրինակ։
Իւրաքանչիւր տարի Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստերը մեկնարկում ենք ուխտագնացութեամբ (եղել ենք Սուրբ Աստուածընկալում, Բջնիի եկեղեցում, Բաշ-Ապարանում, Սպիտակավորում, Դրոյի, Նժդեհի շիրիմներին եւ այլն)։

Դպրոցը պարբերաբար մասնակցում է նաեւ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպուող «Իմ կեանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրին եւ բարեկամ դպրոցների շարքում ընդգրկել ենք Գեղարքունիք, Սուրէնաւան, Դեղձուտ, Աչաջուր, Արեւածագ, Եղէգնաւան գիւղերի միջնակարգ դպրոցներին։ Այս ծրագիրը հայրենաճանաչութեան, սիրոյ, բարեկամութեան ու ընկերասիրութեան մասին է։
Մեր հիմնական նպատակն է, որ սովորողները գիտակցեն, կրեն եւ գիտակցելով պահպանեն դարերի խորքից եկած հայի տեսակը եւ գիտելիքի լոյսը կրելով իրենց մէջ, դառնան յուսալի յենարան հայրենիքի համար, ինչն էլ կլինի դպրոցի ներդրումը հայրենիքի հզօրացման գործում:

