Հայաստանի Նոր Հաճըն քաղաքի կրթական համակարգում յատուկ ու պատուաւոր տեղ է գրաւում N1 հիմնական դպրոցը: Այն ունի 773 աշակետ, 54 ուսուցիչ: Սա այն հաստատութիւնն է, որն իր հիմնադրման առաջին իսկ օրերից դարձել է տեղի համայնքի կրթական եւ մշակութային կեանքի կեդրոն: Դպրոցի պատմութիւնը սերտօրէն կապուած է քաղաքի պատմութեան հետ, իսկ նրա շրջանաւարտները այսօր հպարտութեամբ կրում են ստացած գիտելիքների եւ դաստիարակութեան փառքը:
Դպրոցը հիմնադրուել է 1976 թուականին եւ կրթութեան առաջին ղօղանջը հնչեցնելու, լուսաւորութեան կեդրոնի հիմնադիր քարը դնելու, ուղին սահմանելու պատիւը պատկանում է առաջին տնօրէն Արաքսիա Մարտիրոսեանին: Նրա նախաձեռնութեամբ եւ անձնական նուիրուածութեամբ դպրոցը դարձաւ ոչ միայն գիտելիքի, այլեւ հայրենասիրութեան եւ բարոյականութեան օճախ: Տնօրէն Ա. Մարտիրոսեանը հիմնադրեց այն աւանդոյթները, որոնք դարաշրջանից դարաշրջան փոխանցուել են դպրոցի ղեկավարութեանը՝ ապահովելով կրթական գործընթացի շարունակութիւնն ու բարձր որակը:
Պատմութեան ուղիով գնալով` Ա. Մարտիրոսեանի գործը շարունակեցին Ա. Գամբուրեանը, Ս. Բատալեանը, Ռ. Մնացականեանը, Ա. Պօղոսեանը եւ Ն. Վարդանեանը:
Իւրաքանչիւր տնօրէն իր անմիջական ներդրումն ունեցաւ դպրոցի զարգացման գործում՝ յարմարեցնելով կրթական գործընթացը ժամանակի պահանջներին, միաժամանակ պահպանելով հաստատութեան հոգին եւ հիմնական արժէքները:
Նրանց ջանքերով դպրոցը ամրապնդուեց, ընդլայնուեց նիւթատեխնիկական հիմքը եւ հաստատուեց որպէս քաղաքի առաջատար ուսումնական հաստատութիւններից մէկը:
Այսօր դպրոցի ղեկավարութիւնը գտնւում է փորձառու եւ եռանդուն մանկավարժ Գարիկ Աբրահամեանի ձեռքերում:

Շարունակելով նախորդների սկսած գործը, տնօրէն Գ. Աբրահամեանը ներդնում է ժամանակակից մօտեցումներ կրթութեան ոլորտում, խրախուսում է նորարարութիւնն ու ստեղծագործականութիւնը, ինչը թոյլ է տալիս դպրոցին լինել առաջատար եւ պատրաստել սովորողներին ժամանակակից աշխարհի մարտահրաւէրներին: Դպրոցում նաեւ գործում է նախակրթարան՝ 22 սաներով:
Նոր Հաճընի N1 հիմնական դպրոցի առաքելութիւնը բազմակողմանի զարգացած, գրագէտ եւ հայրենասէր անձնաւորութեան ձեւաւորումն է: Կրթական գործընթացը կազմակերպւում է պետական չափորոշիչների համապատասխան, ուսումնական ծրագիրը լրացւում է արտադասարանային եւ խմբակային տարբեր աշխատանքներով:
Ուշադրութիւն է դարձւում ոչ միայն մարդասիրական եւ ճշգրիտ գիտութիւնների նուաճմանը, այլեւ աշակերտների ստեղծագործական ունակութիւնների բացայայտմանը:
Դպրոցի մանկավարժների իմաստնութիւնը յաջողութեամբ համադրւում է երիտասարդ մասնագէտների ներուժի հետ:
Այս մթնոլորտում իւրաքանչիւր աշակերտ զգում է ուշադրութիւն եւ աջակցութիւն:
Դպրոցը աշխուժօրէն մասնակցում է համայնքի հասարակական-մշակութային կեանքին, անձնակազմը մշտապէս ներգրաւուած է քաղաքային տարբեր միջոցառումների, տօների եւ յիշատակի օրերի կազմակերպմանը եւ անցկացմանը: Աշակերտները եւ ուսուցիչները միասին նախաձեռնում եւ իրականացնում են բարեգործական միջոցառումներ, շրջակայ միջավայրի պահպանութեան նախագծեր եւ հայրենագիտական շրջագայութիւններ:
Ակնառու դրսեւորումներից էր դպրոցի գործուն մասնակցութիւնը Նոր Հաճընի 60-ամեայ յոբելենական միջոցառմանը: Այս նշանակալի իրադարձութեանը նուիրուած դպրոցի աշակերտները դպրոցի ՄԿԱ գծով տեղակալ Լուսինէ Սանթրոսեանի ղեկավարութեամբ պատրաստեցին հետաքրքիր նախագծեր, բեմադրութիւններ եւ հաղորդումներ, որոնցում ներկայացրին քաղաքի հիմնադրման պատմութիւնը, Հաճընի հերոսական անցեալը եւ Նոր Հաճընի փառաւոր ներկան:
Նրանք մասնակցեցին հանրային համերգների եւ ցուցահանդէսների, որտեղ ցուցադրեցին իրենց ստեղծագործական հմտութիւնները եւ քաղաքի նկատմամբ սէրը: Այս միջոցառումը եւս մէկ անգամ հաստատեց, որ դպրոցը ոչ միայն տալիս է գիտելիքներ, այլեւ դաստիարակում է քաղաքացիական աշխոյժ եւ հայրենիքի պատմութիւնը ու մշակոյթը սիրող սերունդ:
Դպրոցը Նոր Հաճըն քաղաքի տօնի ամենաջերմ մասնակիցն է առ այսօր:
Դպրոցն առաջատար է մարզական մրցասպարէզում՝ մի քանի տարի շարունակ գրանցելով բարձր արդիւնք, զբաղեցնելով պատուաւոր յաղթական հորիզոնականներ, ստանալով բաժակներ:
Նոր Հաճընի N1 հիմնական դպրոցը իր հարուստ պատմութեամբ եւ տինամիք ներկայով վստահութեամբ է նայում ապագային: Այն մնում է յուսալի յենասիւն երիտասարդ սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում:
Աւանդոյթների եւ նորարարութեան այս համադրումը թոյլ է տալիս դպրոցին անհաղորդ չմնալ ժամանակների փոփոխութեանը եւ շարունակել լինել Նոր Հաճընի կրթական միջավայրի առաջատարը: Աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների համատեղ ջանքերով, տնօրէն Գ. Աբրահամեանի ղեկավարութեամբ դպրոցը շարունակում է գրել փառահեղ պատմութեան նոր էջերը՝ պատրաստելով այն սերունդը, որն իր գիտելիքներով, բարոյականութեամբ եւ ստեղծագործական ներուժով կը շարունակի փառաւորել ինչպէս Նոր Հաճընը, այնպէս էլ ամբողջ Հայաստանը:

