«Դուք մեզ` քսաններիս կախում Էք, բայց վաղը մեր ետեւից քսան հազարներ են գալու»: ՊԷՆՆԷ
Այս տարուայ Ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի 100-ամեակի օրը, առաւօտեան ժամը 10-ին ես Սթամպուլի Պայազիտ հրապարակում էի: Ինչպէս յայտնի է, 100 տարի առաջ այդ նոյն հրապարակում էին կախաղանել 20 անմահանուն հնչակեաններին: Այն, ինչին ականատես եղայ, ինձ ապշեցրեց: Թուրքական իշխանութիւնները հաւանաբար տեղեակ չէին, որ Հնչակեան կուսակցութիւնը ինչ-ինչ պատճառներով նախատեսուած հանրահաւաքը յետաձգել է` ամբողջ հրապարակը շրջափակել էին հրասայլերով, ջրցան մեքենաներով, զինուած զինուորականներով: Իսկ գաղտնի ոստիկանները շրջում էին հրապարակում եւ իրենց հազիւ նկատելի սարքաւորումներով պարբերաբար հաղորդում էին իրավիճակի ամենաաննշան փոփոխութիւնները: Հեռուստատեսային շարժական կայանները, լրագրողները, ձայնագրողները, լուսանկարողները կազմ-պատրաստ սպասում էին: Առաջ անցնելով ասեմ, որ այդ օրը, Սթամպուլում, ես մասնակցեցի Ապրիլի 24-ը ոգեկոչող բոլոր սգերթերին, բայց ոչ մի տեղ, անգամ Թաքսիմ հրապարակում նման խստութիւն չտեսայ: Եւ համոզուեցի, որ քսաններին կախաղանելուց 100 տարի անց էլ թուրքական իշխանութիւնները վախենում են Հնչակեան կուսակցութիւնից: Հնչակեան կուսակցութիւնից վախենում էր դեռևս արիւնռուշտ սուլթանը` Ապտուլ Համիտը. յատկապէս` Գում-Գաբուի, Պապը-Ալիի ցոյցերից, Սասունի, Զէյթունի ապստամբութիւններից յետոյ, իսկ իթթիհատականները, մանաւանդ նրանց պարագլուխ Թալէաթը, սարսափում էին: Դրա վկայութիւնը 20-ների դատավարութիւնն է:
Ըստ էութեան Քսանների դատավարութեան միակ վաւերական փաստագրութիւնը Թուրքիայում հրատարակուած դատանիստերի սղագրութիւնների ստուարածաւալ հատորներն են, որոնք ամփոփում են ոչ միայն Փարամազի ու կուսակիցների, այլեւ նոյն 1915 թուականին տարբեր քաղաքներում հնչակեանների դատավարութեան սղագրութիւնները: Ընդ որում, այդ ստուարածաւալ հատորները լոյս են տեսել թէ´ թուրքերէն եւ թէ´ անգլերէն:
Հասկանալի է` թուրք հրատարակիչները այդ գրքերը չեն տպագրել պատմական ճշմարտութիւնը բացայայտելու կամ վերականգնելու համար: Նախաձեռնողների միտումը ակնյայտ է` թուրք, անգլերէն թարգմանութեան միջոցով նաեւ համաշխարհային ընթերցողին հաւատացնել, որ հնչակեանները անջատողականներ, դաւադիրներ ու խռովարարներ են եղել, որ Օսմանեան կայսրութեան ճակատագրական` Առաջին աշխարհամարտի օրերին նրանք ահաբեկչական խումբ են կազմել, որպէսզի մահասպաննեն իթթիհատական կառավարութեան պարագլուխներին, երկիրը մասնատեն, անկախ կամ ինքնավար Հայաստան ստեղծեն: Այլ կերպ ասած` պետական յանցագործներ, դաւաճաններ են եղել:
Իրաւագիտութեան հետ առնչութիւն չունեցող անհատն անգամ չի կարող չնկատել, որ ամբողջ դատավարութիւնը վատ բեմադրուած ու վատ ներկայացուած զաւեշտախաղ է, որը քրէական օրէնսդրութեան հետ տրամաբանական որեւէ առնչութիւն չունի: Ակնյայտ է, որ այս անհեթեթ զաւեշտախաղը միայն մի´ հեղինակ, մի´ բեմադրող ունի` ներքին գործերի նախարար Թալէաթը: Նա սկզբից մինչեւ վերջ հետեւում է դատավարութեանն ու վերահսկում է, որովհետեւ ահաբեկուած է: Իրենց լրատուն, իրենց գործակալը հաւաստի տեղեկութիւն է հաղորդել, որ Կոնստանցայի պատգամաւորական ժողովում հնչակեանները որոշել են մահասպանութեամբ վերացնել իթթիհատական պարագլուխներին, առաջին հերթին իրեն` Թալէաթին:
Նա որոշում է կանխել հնչակեաններին եւ հրամայում է բռնագրաւել բոլոր մասնաճիւղերի թղթածրարները, ակնառու կուսակցականներին ձերբակալել: Միայն մայրաքաղաքում, մի գիշերում, 120 հնչակեան յեղափոխական է բանտ նետւում:
Դատարանի նախագահի ամենածանր մեղադրականը, իրենց հիմնական յաղթաթուղթը, ըստ երեւոյթին, Փարամազի` բժիշկ Պէննէին գրած նամակն է համարում, հրապարակում է թարգմանութիւնը.
– …Ռուզվելթը Սպիտակ տանը սեղմեց սեւ եռակն ու ելեկտրական հոսանքը ահռելի հեռաւորությունից յօդս ցնդեցրեց Փանամայի ջրանցքի վերջին թումբը: Նոյն ճակատագիրն է սպասւում նաեւ երիտթուրքերին, մեզ ձեռքեր են պէտք, որպէսզի սեղմեն սեւ եռակն ու Բարձր Դուռը խորտակեն: Որտե՞ղ են, սակայն, այդ ձեռքերը…:
Փարամազը ընդոստ բողոքում, յայտարարում է, որ որպէս անձնական դատախազ ատեանում հանդէս եկող մատնիչը` Արշաւիր Սահակեանը, նոյն ինքը` Արթուր Եասեանը, թարգմանելիս միտումնաւոր աղաւաղել է իր մտքերը: Արշաւիր Սահակեանի թարգմանական խեղաթիւրումների դէմ հանդէս են գալիս նաեւ Գեղամ Վանիկեանը, Վահան Պոյաճեանը, այնպիսի անառարկելի փաստերով, որ դատարանի նախագահը ստիպուած է լինում դաւաճանին դուրս հրաւիրել դահլիճից եւ նոր` թուրք թարգմանչին յանձնարարում է վերաթարգմանել դատական փաստագրերը:
Դատարանի խնդիրը դժուարանում է: Մեղադրող կողմի հիմնական, վկան ըստ էութեան, Արշաւիր Սահակեանն էր, սակայն անբարեյուսութեան, զեղծարարութեան համար դատարանի նախագահն ինքն է ստիպուած լինում զրկել իրաւասութիւններից: Դատաքննութիւնը յայտնւում է փակուղում: Ակնյայտ է դառնում, որ Քսաններին ոչ թէ մահապատժել, մեղադրանք ներկայացնել անգամ դժուար է լինելու:
Այդ վճռորոշ պահին ի յայտ է գալիս թուրքական նենգամտութիւնը, պատերազմական ատեանը մէկ շաբաթով յետաձգում է հնչակեանների դատալսումը: Պատրուա՞կը… աւելի քան անհեթեթ է, իբր սիրիացի արաբ անջատողականների դատը աւելի հրատապ, անյետաձգելի է: Հնարաւո՞ր է պատկերացնել որեւէ երկրի գերագոյն ատեան, ընդ որում` ռազմական ատեան, որ մի դատալսումը չաւարտած` միւսին անցնի: Պարզւում է` Թուրքիայում հնարաւոր է: Այն էլ` իթթիհատական Թուրքիայում: Մի շաբաթն, ըստ երեւոյթին, բաւարար է եղել, որ Թալէաթն ու իր անձնական խորհրդականները քսան հնչակեաններին մահուան դատապարտելու` իրենց կարծիքով հիմնաւոր պատճառ յօրինեն: Մի շաբաթ անց Քսանների դատավարութիւնը վերսկսւում է, ու մեղադրականով հանդէս է գալիս անձամբ ինքը` Թալէաթը: Նրա ցասումնալի նամակը դատարանի դահլիճում ընթերցում է ատեանի նախագահը` Նաֆըզ պէյը: Ներքին գործերի նախարարը բացէիբաց դատապարտում է Օսմանեան կայսրութեան հայերին, համարում է անհաւատարիմ, դաւադիր, դաւաճան, ապերախտ հպատակներ, որոնք հնչակեան կուսակցութեան գլխաւորութեամբ ձգտում են ամէն կերպ խարխլել երկրի հիմքերը: Որպէս փաստացի իրողութիւններ նամակագիրը վկայակոչում է հայրենիքի համար դժուարին` պատերազմական օրերին Վանի խռովութիւնը, Շապին Գարահիսարի դաւադրութիւնը, Ուրֆայի դիմադրութիւնը, որոնք իբր հրահրել ու ղեկավարել է Հնչակեան կուսակցութիւնը:
Թալէաթը առանձնապէս վտանգաւոր յանցագործ է համարում Փարամազին, ով ռուսահպատակ լինելով հանդերձ, սպրդել է Սթամպուլ, հաւաքագրել է մի խումբ անիշխանականների եւ ուզում է կործանել Օսմանեան կայսրութիւնը: Նամակի վերջում ներքին գործերի նախարարը ուղղակի հրամայում է ատեանին` օսմանեան հայրենիքի ապահովութեան համար ամենախիստ պատժի դատապարտել ամբաստանեալներին, ոեւէ մէկի հանդէպ զիջողամտութիւն չցուցաբերել:
Դատարանն այլ ընտրութիւն չունէր եւ չէր կարող ունենալ. շուտափոյթ կատարեց ներքին գործերի նախարարի հրամանը` առանց իրաւաբանական հիմնաւորման, տարբերութիւն չդնելով Փարամազի ու գրել-կարդալ չիմացող սրճեփ Գառնիկ Պոյաճեանի միջեւ, քսանին էլ մահուան դատապարտեց:
Ասում են` մահապատժի օրը Թալէաթը պատերազմական ատեանի շէնքում է եղել, գաղտնասենեակից հետեւել է, թէ ինչպէս են Պայազիտ հրապարակում կախաղանում քսան հնչակեաններին: Նա թեթեւացած շունչ է քաշել այն ժամանակ միայն, երբ մահապարտների անշնչացած դիակները բեռնատար են լցրել, Շահզատէի ուղղութեամբ տարել…
Ներքին գործերի նախարարը այդքանով էլ, սակայն, չգոհացաւ, ազգային մայր կուսակցութիւնից իր վրէժը լուծած չհամարեց: Նրա անմիջական կարգադրութեամբ Կեսարիայում կախաղանեցին Մեծն Մուրատին, տասներկու այլ հնչակեան նուիրեալների, հնչակեանների զանգուածային մահապատիժներ ի կատար ածուեցին Խարբերդում, Հաճընում, Մարաշում, Պէյրութում: Պատմագրութիւնը վկայում է, որ Վանում 120 հնչակեաններ են խողխողուել. թիւ, որ այնուամենայնիւ, չափազանցուած է թւում:
Այս բոլորով հանդերձ Թալէաթը կարողացա՞ւ արմատախիլ անել, վերացնել հայոց մայր կուսակցութիւնը…
Զուր չէ, որ այս տարի, Ապրիլի 24-ին, Սթամպուլի Պայազիտ հրապարակում վախենում էին հնչակեանների ցոյցից…
1981 թիւ: 24-ը Սեպտեմբերի: Հինգշաբթի: Առաւօտեան, մօտաւորապէս ժամը 11-ն անց 15-ին 20-ից 22 տարեկան չորս պէյրութահայ երիտասարդներ ներխուժում են Փարիզի Հոսման պողոտայում գտնուող թուրքական հիւպատոսարան ու աւելի քան վաթսուն հոգու պատանդ վերցնելով` իրենց քաղաքական պահանջներն են առաջադրում: Սկսւում է ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողութիւնը, որի հրամանատարը հնչակեան Վազգէն ՍԻՍԼԵԱՆՆ էր, փոխհրամանատարը` դարձեալ հնչակեան Գէորգ ԿԻՒԶԷԼԵԱՆԸ: Անձնասպանական վրիժախումբը, չնայած վիրաւորներ է ունենում, մինչեւ գիշերուայ մօտ ժամը 2-ը շարունակում է մարտական գործողութիւնը եւ համաձայնւում է հիւպատոսարանի շէնքն ու պատանդներին ազատ արձակել այն բանից յետոյ միայն, երբ ֆրանսական իշխանութիւնները խոստանում են նրանց քաղաքական կալանաւորի կարգավիճակ տալ:
Փաստօրէն, Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնից վաթսուն տարի անց Ֆրանսայի մայրաքաղաքում քաղաքական դատ տեղի ունեցաւ, որի սկզբում մարտախմբի անունից հանդէս եկաւ Գէորգ Կիւզէլեանը: Ծրագրային այդ յայտարարութիւնը արտայայտում է նոյն դրոյթները, որոնք ձեւակերպուած էին Հնչակեան կուսակցութեան մօտակայ ու հետագայ ծրագրերում: Միայն մի հատուած.
– Սոյն յայտարարութեամբ ուզում եմ մի անգամ եւս լիովին ստանձնել 1981 թուականի Սեպտեմբերի 24-ին թուրքական հիւպատոսարանը պատանդ վերցնելու պատասխանատուութիւնը եւ բացատրել պատճառները, որոնք դուք, պարոն նախագահ, հենց նոր ցանկացաք իմանալ:
Մենք համաձայնեցինք կատարել այդ գործողութիւնը, քանի որ համընկնում է Հայաստանի ազատագրութեան նպատակին, Հայկական հարցի լուծման մեր հայեցակարգին: Մանաւանդ որ վաթսուն տարուայ անարդիւնք, խաղաղ ջանքերից յետոյ մենք գտնում ենք, որ զինուած պայքարը խնդիրն արծարծելու, այն շրջափակող լռութեան պատը փշրելու գլխաւոր միջոցն է:
Հայկական հարցը միայն ցեղասպանութեան ընդունումը չէ: Այն գլխաւորապէս տարածքային իրաւունքներու հարց է, այսինքն հայ ժողովրդի` թուրքերու կողմից բռնազաւթուած Հայաստանը վերադառնալու, ինչպէս նաեւ` ինքնորոշուելու, հայկական անկախ պետութիւն հիմնելու հարց:
Տարածքային իրաւունքները մեր պատմական իրաւունքներն են, որովհետեւ հայ ժողովուրդը այդ հողի վրայ ապրել է երեք հազար տարի: Աշխարհի` թուրքերի գրաւած այդ անկիւնը ամբողջ հայ ժողովրդի բնօրրանն է:
Երկրորդը` ցեղասպանութեան ընդունումն ու հատուցումն է:
Ահա´ այն ամէնը, ինչի համար դիմել ենք այդ քայլին: Մենք սպաննելու չէինք եկել, մեր ոչ մի արածի համար չենք զղջում: Մենք կատարել ենք մեր պարտականութեան մի մասը միայն, մենք դեռ շատ անելիքներ ունենք, որովհետեւ մեր Հայրենիքը դեռեւս ազատագրուած չէ թուրքական լծից, հայերը դեռեւս չեն վերագտել իրենց բուն ինքնութիւնը, արդարութիւնը վերադարձուած չէ այն ժողովրդին, որը երկար տառապել է:
Ամբողջ մարդկութեան առջեւ մենք` հայ մարտիկներս, երդուել ենք զինուորագրուել մեր ազգային դատին, արդարութեան վերականգնմանը եւ այժմ հաւաստում ենք երդմանը հաւատարիմ մնալու մեր վճռականութիւնը:
Ու չնայած «Վան» գործողութեան արդարամարտիկները եօթ տարուայ բանտարգելութեան դատապարտուեցին, իրենց պայքարը աւարտուած չհամարեցին: Պատահական չէր, որ նրանք մատները յաղթական վեր պարզած, «Զարթնի´ր, լաօ» ազգային մարտերգի հնչիւնների ներքոյ դուրս եկան դատասրահից:
Ֆրանսական բանտից ազատուելուն պէս Գէորգ Կիւզէլեանը Հայաստան եկաւ, կազմաւորեց «Մեծն Մուրատ» ջոկատը, Արցախ փութաց: Հնչակեան դրօշի ներքոյ մարտնչող մեծն մուրատականները մասնակցել են Մարտակերտի, Վաղուհասի, Դրմբոնի, Կիչանի, Չլտրանի, Առաջաձորի մարտերին, ամբողջ պատերազմի ընթացքում միայն մէկ զոհ են տուել: Գէորգ Կիւզէլեանի գլխաւորած ջոկատում մարտնչում էին երեւանցի, վանաձորցի, բայց նաեւ հայրենադարձ ու սփիւռքահայ ազատամարտիկներ, ովքեր տոհմիկ հնչակեաններ էին:
Յուզիչ է յատկապէս Վարդան ԷՇԿԻԵԱՆԻ պարագան: Նա Կիլիկիայում երդուեալ հնչակեան է եղել, իթթիհատական սպանդից մի կերպ ազատուել, ապաստանել է Պաղեստինում: Բայց, որպէս գաղափարական կուսակցական, Արեւելահայաստանում հաստատուած, իր չտեսած խորհրդային կարգերն այնքան է փառաբանել, որ տեղական իշխանութիւնները համայնավարական քարոզչութեան համար մի քանի անգամ բանտարկել, կուսակցական հակառակորդները նոյնիսկ մահափորձ են կազմակերպել: 1946-ին սկսուել է ներգաղթն, ու Էշկիեանին թուացել է, թէ վերջ` աւարտուեցին հալածանքները: Դեռատի կնոջ, երկու տարեկան որդու` Գէորգի հետ հաստատուել է Հայաստանում, բայց չի հասցրել տուն կառուցել: Հարեւանները լսում են, որ քար-քարի վրա դնելիս, Իթթիհատական կախաղանից փրկուած Վարդան Էշկիեանին ամբողջ ընտանիքով ապրանքատար վակոններով Ալթայի երկրամաս են աքսորել: Ու չնայած Հայաստան վերադառնալու յոյս չի ունեցել, միակ տղային նստեցրել է ծնկին, Մեծն Մուրատին նուիրուած երգերն է սովորեցրել: Դունտրայի սառցակալած ճահճուտներում անգամ հնչակեան է մնացել: 1992-ին էլ արտասահմանեան չգիտեմ որ կայանի լուրերը լսելիս, որդուն` Գէորգին, ձայնել է.
– Տղաս, Հայաստանում հրաշքներ են կատարւում:
– Ի՞նչ հրաշք,- արձագանգել է Գէորգը, որ արդէն ամուսնացել էր ռուս կնոջ հետ, զաւակ ունեցել:
– Հաւատալս էլ չի գալիս, Արցախում ազգային-ազատագրական պատերազմ է սկսուել, գոյամարտին մասնակցելու համար Հայաստանում «Մեծն Մուրատ» ջոկատ է ստեղծուել: Ա˜խ, ոտքերս չեն զորում, որ…
– Որ ի՞նչ…
Հօր աչքերը տամկանում են.
– Եթէ գնամ հասնեմ էլ, այս տարիքում ի՞նչ կարող եմ անել:
Գէորգը խղճում է հօրը, ժպտում է, հանգստացնում.
– Մի´ մտածիր, հայրիկ, ես կգնամ, քո փոխարէն էլ կը կռուեմ, իմ փոխարէն էլ: Հայրը գաւազանը դրել է մի կողմ, յօդացաւից փքուած ոտքերը դժուարութեամբ յառաջ մղելով, փարուել է որդուն.
– Անթաղ պապերիդ օրհնութիւնը քեզ պահապան լինի, տղաս…
Ու նոյն օրը, սիպիրեան ակնակուր գիշերին Գէորգը իրերը հաւաքել, ճամբայ է ընկել, որ ռուս կինը չհարցնի ո՞ւր է գնում, ինչո՞ւ, ինչքա՞ն ժամանակով:
Նոյնը կարելի է ասել «Մեծն Մուրատ» ջոկատի միւս հնչակեան մարտիկների` Յովհաննէս ՊԱՀԱՏՈՒՐԵԱՆԻ, Յակոբ ՔԷՕՇԿԵՐԵԱՆԻ մասին:
«Մեծն Մուրատ»-ը հնչակեան միակ ջոկատը չէր, որ մարտնչում էր Արցախի ազատագրութեան, Հայաստանի պետականութեան վերականգնման համար: Արցախի տարբեր ռազմաճակատներում ահուսարսափ էր սփռում «Չելլօ» ասպատախումբը, Մեղրիի սահմանները պաշտպանում էր «Փարամազ» ջոկատը:
1915 թուականի Յունիսի 15-ին Պոլսոյ սուլթան Պայազիտ հրապարակում կախաղան հանուած քսան հնչակեաններից միայն Փարամազն էր արեւելահայ: Հայաստանի պետականութեան վերականգնումից յետոյ նա ծննդավայր վերադարձաւ, որպէս արձան յառնեց քաղաքի կեդրոնում, իր սիրած գետահովտում: Փարամազը մենակ չէ, նրա շուրջը այն տասնինը երդուեալ հնչակեանների յուշաքարերն են, որոնք տուն` ազատագրուած Արեւմտահայաստան վերադառնալուն են սպասում:
«ԱՎԱՆԳԱՐԴ», 24 Յունիս 2015