SCARS ON BROADWAY
Ամերիկեան ալտերնատիւ ռոք-խումբ, System of a Down խմբի կիթառահար Մալաքեանի եւ թմբկահար Ճոն Դոլմայեանի երաժշտական նախագիծը։ Խմբի առաջին համանուն ալպոմը թողարկուեց 2008 Յուլիս 29-ին, որից յետոյ խումբը մեկնեց համերգային շրջագայութեան Եւրոպայում եւ Ամերիկայում։ Խմբի ոճը նման է System of A Down խմբին, բայց երգերի խօսքերի հեղինակը Մալաքեանն է (System of A Down խմբում խօսքերի հեղինակը մեծ մասամբ Սերժ Թանկեանն էր)։ Երգերն ունեն ակնյայտ քաղաքական ուղղուածութիւն․ “Exploding/ Reloading”, “3005”, “Lives” երգերը նուիրուած են Հայոց ցեղասպանութեանը։ Ժամանակի ընթացքում ազգային թեմաները աւելի են ընդգծւում Scars on Broadway խմբում, քան System of A Down խմբում էին։ Թեմաները եւ խօսքերը բաւականին կտրուկ են եւ սադրիչ։ Համարձակօրէն իրերն իրենց անուններով են կոչում եւ առաջ են քաշւում ժամանակակից աշխարհի ակնյայտ թերութիւնները՝ քննադատելով դրանք։
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄՈՆԷ
Մարգարիտա Մոնէն Տէյվ Պէյցի հետ Edge of Paradise խմբի հիմնադիրն է։ Նա երգչուհի է եւ դաշնակահարուհի։
Նա Լոս Անճելըս է տեղափոխուել 2012-ին։ Երգերի վրայ աշխատելիս նա հանդիպեց Պէյցին, ով փնտռում էր մեներգիչ։ Շուտով նրանց երաժշտական գործակցութիւնը հսկայական արդիւնքներ տուեց եւ ստեղծուեց խումբ, որը կոչուեց՝ Edge of Paradise:
Խումբը միասին թողարկել է չորս ալպոմ, բազմաթիւ երաժշտական տեսահոլովակներ եւ շրջագայել աւելի քան 30 երկրներում։
Մարգարիտան զբաղուել է նաեւ տեսողական արուեստով եւ վաճառել բազմաթիւ բնօրինակ նկարներ եւ արուեստի մասին գրքեր: Ներկայումս նա աշխատում է փոխներազդող գծանկարային վէպի թողարկման վրայ, որը պատմում է խմբի վերջին՝ «Հոլոկրամ» ալպոմի ապագայապաշտական եւ խորը պատմութիւնը:
Մարգարիտան իր հայկական ծագման մասին բացայայտ է խօսում, բայց նրա երգերում ընդգծուած քաղաքական կամ ազգային թեմաներ չկան։ Երգերը մարդկային ապրումների, վախերի, միայնութեան եւ սիրոյ մասին են։
ԴԵՐԷԿ ՇԵՐԻՆԵԱՆ
Դերէկ Շերինեանը ծնուել է Գալիֆորնիայում, 1966 Օգոստոս 25-ին։ 5 տարեկանից սկսել է նուագել դաշնամուր։ Պատանի տարիքում ընդունւում է Պերքլիի երաժշտական քոլէճ, անցկացնելով այնտեղ 3 տարի նա ներկայանում է Jimi Hendrix’s Band of Gypsys խմբի նախկին թմբկահար Պատի Մայլզին։ 1989-ին Շերինեանը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Էլիս Քուփըրի (Alice Cooper) հետ մեկնում է հիւրախաղերի` ի աջակցութիւն վերջինիս փլալինի կոչում ստացած Trash ալպոմի։ Ապա մասնակցում է 250 համերգի, ինչպէս նաեւ երկու ալպոմի ձայնագրութիւնների։ 1991-ին ամերիկեան հանրայայտ Kiss խմբի հետ մասնակցում է հիւրախաղերի եւ ձայնագրում Alive III ալպոմը։ 1994 Սեպտեմբերին Dream Theater խմբի հետ մեկնում է հիւրախաղերի։
Շիրինեանը հօր կողմից հայ եւ մօր կողմից՝ յոյն է: Հօրից իմացել է, որ նախնիներն ապրել են Արեւմտեան Հայաստանի Արաբկիրում: «Վերջին այցս Երեւան ամենատպաւորիչն էր,- պատմում է Դերէկը,- կապ հաստատուեց իմ բարեկամների հետ, որոնք ինձ ուղեկցեցին նախատատիս գերեզման. անպատմելի զգացողութիւններ էին: Ես չափազանց հպարտ եմ, որ հայ եմ»:
Իրանահայ ռոք երաժիշտներ
Մետաֆոր, հայկական մետալ խումբ։ Կազմաւորուել է 2010-ին Երեւանում, իրանահայեր Արիս եւ Արին Քարամեանների կողմից։ Խումբը հանդէս է գալիս մեթալ ռոքի տարբեր ոճերում՝ փրոկրեսիւ մեթալ (Progressive Metal), թրէշ մեթալ (Thrash Metal), տում մեթալ (Doom Metal), սփիտ մեթալ (Speed Metal) եւն.։ 2012 Դեկտեմբեր 21-ին խումբը ելոյթ է ունեցել «End of the World Metal Requiem» փառատօնի շրջանակներում։
Նրանք բնակութիւն են հաստատել Հայաստանում, որտեղ էլ շարունակում են աշխատել։ Նրանց երգերը կեանքի դժուարութիւնների, դրանց յաղթահարումների եւ համամարդկային ապրումների մասին են։
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՌՈՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Այլին Խաչատուրեան
Ծնուել է 1978-ին Պէյրութում, արուեստագէտների ընտանիքում: Փարիզում նա յաճախում է հայկական հին երգերի գործնական դասերին, դրան զուգահեռ՝ Սորպոնի համալսարանի Կինեմատոգրաֆի բաժինը, ստանում «մշակութային միջոցառումների կազմակերպում» մասնագիտութիւնը։ 18 տարեկան հասակում արժանանում է Սելին Տիոն մրցանակին։ Հինգ տարուց աւելի համերգերով ելոյթներ է ունենում լիբանանահայ դաշնակահար Կի Մանուկեանի հետ։ 19 տարեկանում ձայնագրում է իր առաջին երգը (Լամմա) արաբական ճազ ոճով. Տուպայ տեղափոխուելով՝ աշխատում է իր առաջին ձայնասկաւառակի՝ «Միտան»ի (Իմ տուն) վրայ, որն աւարտին է հասնում 2008-ին: Այն 2009-ի «Armenian Music Awards» մրցանակաբաշխութեան շահեց «Լաւագոյն ռոք-ալպոմ» մրցանակը: 2020-ին Պէյրութի նաւահանգստի պայթումից տուժածներին օգնելու համար կազմակերպուած առցանց համերգին Այլինը եւս իր մասնակցութիւնն ունեցաւ:
Միտանում տեղ են գտել ռոք-երաժշտութեամբ կատարած յայտնի հայկական ժողովրդական երգեր։ Ալպոմի երգացանկում ընդգրկուել են Գարուն ա, Քարաւան, Նուպար, Տլէ եաման, Քէլէ քէլէ, Սարի սիրուն եար, Առաւօտ, Զարթիր որդեակ, Օրօր երգերը։ Ըստ էութեան, Այլինը վերարտադրում է հայկական ժողովրդական երգերը ռոք մեկնաբանութեամբ՝ դրանց հաղորդելով նոր շունչ։
(Շար. 1)