Վերջերս լոյս տեսաւ Հայկազեան հայագիտական հանդէսի 44-րդ հատորի երկրորդ գիրքը: Ի տարբերութիւն հայագիտական միւս պարբերականներէն, Հանդէսը կը յատկանշուի ի միջի այլոց նաեւ նիւթերու իր բազմազանութեամբ եւ այժմէականութեամբ:
Առաւել շահեկան եւ այժմէական գտնելով, «Արարատ»-ի ընթերցողներուն յաջորդական քանի մը բաժիններով պիտի ներկայացնենք Հայկազեան հայագիտական հանդէսին մէջ լոյս տեսած՝ հայրենի բանասէր Մանէ Խառատեանի «Էջեր հայկական ռոքի պատմութիւնից. հայերը ռոքում» վերնագրեալ ուսումնասիրութիւնը, վստահ ըլլալով որ մեր ընթերցողներուն կը հետաքրքրէ նման նիւթը:
Ա.
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
Ռոքն առաջացել է Բ. աշխարհամարտից յետոյ՝ 1950-60-ականներին Եւրոպայում եւ ԱՄՆ-ում։ Ռոքի հիմքում ընկած է պայքարի գաղափարախօսութիւնը, նորարար-փորձարարական մօտեցումը, արհեստագիտական միջոցների օգտագործումը։ Իր հնչեղութեան եւ զանգուածայնութեան շնորհիւ ռոքը դարձաւ պայքարի գործիք յատկապէս 1970-ականներին՝ յայտնի Վուդստոքեան ռոք փառատօնով։
Խորհրդային միութեան փառատօնային յեղաշրջումը տեղի ունեցաւ Իոսիֆ Ստալինի մահից յետոյ (1953), երբ որոշ չափով սկսուեց ազատականացում եւ արեւմուտքի մշակութային միտումների ներթափանցում։ Այդ միտումներից մէկը «Երիտասարդութեան եւ ուսանողութեան փառատօնն» էր 1957-ին։ Փառատօնը տեւեց երկու շաբաթ, որի հիւրերն էին 34.000 մարդ աշխարհի 131 երկրից։ Փառատօնից յետոյ ԽՍՀՄ-ում յայտնուեց ճինսային (jeans) նորաձեւութիւնը եւ, իհարկէ, ռոք-ն-ռոլը, որն աստիճանաբար ռոքի վերածուելու ուղու վրայ էր։
ՀԱՅԵՐԸ ՌՈՔՈՒՄ
Պատմական թէ այլ իրադարձութիւնների հետեւանքով աշխարհով մէկ առաջացան հայկական գաղութներ: Բնակուելով այդ երկրներում, հայերը կրում են այն գաղափարական եւ մշակութային ազդեցութիւնը, որում յայտնուել են։ Միաժամանակ, սակայն, նրանք կրում են այդ իրականութիւնից տարբեր նոյն պատմական յիշողութիւնն ու նոյն իրադարձութիւնների հետեւանքը։
Ամերիկահայ ռոք երաժիշտներ
Apex Theory/Mt. Helium
Մենակատար Էնդի Խաչատրեանը, կիթառահար Արտ Քարամեանը եւ պաս կիթառահար Դաւիթ Յակոբեանը հայկական ծագում ունեն։ Մեծանալով Լոս Անճելըսի արուարձաններում՝ նրանցից իւրաքանչիւրը ծանօթացել է համաշխարհային երաժշտութեան տարբեր ժանրերի, ինչպէս նաեւ փոփ, ճազ եւ դասական երաժշտութեան հետ: Թմբկահար Սեմի Ճէյ Ուոթսընը, ով ծագումով հայ չէ, մեծացել է Չիմակումում (Ուաշինկթոն) եւ ծանօթացել Խաչատրեանի, Քարամեանի եւ Յակոբեանի հետ այն բանից յետոյ, երբ Apex Theory-ն չի կարողացել գտնել խմբի համար յարմար թմբկահար: The Apex Theory-ի ստեղծումը յայտարարուեց 1999-ին: 2000-ին նրանք ինքնուրոյն թողարկեցին Extendemo մինի ալպոմը, որից յետոյ ձայնագրման սթուտիաները փորձեցին պայմանագիր կնքել խմբի հետ։ 2001-ի սկզբին The Apex Theory-ն պայմանագիր կնքեց DreamWorks-ի հետ, իսկ արտադրիչ Տոն Կիլմորը (Linkin Park, Pearl Jam, Sugar Ray երաժշտական խմբերի արտադրիչ) պայմանագիր կնքեց իրենց առաջին լիարժէք մինի ալպոմի համար, որը թողարկուեց նույն տարում։ «Shhh…(Hope Diggy)» բեմելային սինկըլը նրանց օգնեց գլխաւորել 2002-ի MTV2 շրջագայութիւնը երաժիշտ Andrew W.K.ի, Pressure 4-5 եւ Lostprophets ռոք խմբերի հետ։ Այդ տարուայ Ապրիլին թողարկուեց Apex Theory-ի առաջին արհեստավարժ ձայնագրութեամբ Topsy Turvy լիամեթրաժ ալպոմը։ 2004-ին խումբը հրապարակեց Inthatskyis something watching մինի ալպոմը։ Խմբի անունը Mt. Helium փոխելուց յետոյ խումբը թողարկեց իր երկրորդ՝ Faces ալպոմը։ Նրանց երգերի թեմաները կեդրոնացած են պայքարի, արդարութեան գաղափարների շուրջ։
System of a Down (SOAD)
Հայ–ամերիկեան ռոք խումբ՝ ձեւաւորուած 1992-ին Լոս Անճելըսում Սերժ Թանկեանի եւ Տարօն Մալաքեանի կողմից այն ժամանակ՝ Soil անունով։ Սա թերեւս ժամանակակից ռոք խմբերից ամենայայտնիներից մէկն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 1997-ին ձայնասկաւառակ թողարկելու նպատակով երաժիշտները պայմանագիր կնքեցին հանրայայտ Ռիք Ռուպինի հետ, ապա սկսեցին ձայնագրել իրենց առաջին System of a Down ձայնասկաւառակը։ Վերջինս թողարկուեց 1998 Յունիսի 30-ին եւ հինգ տարուայ ընթացքում վաճառուեց գրեթէ մէկ միլիոն օրինակով։ Այս սկաւառակին բնորոշ է նիւ-մեթալ ոճը։ «Spiders» եւ «Sugar» սինկըլները դարձան ամենայաջողուածները սկաւառակից։ System of a Down ձայնասկաւառակը ներկայացւում է Slayer եւ Metallica խմբերի համերգերի ինչպէս նաեւ Ozzfest փառատօնի ժամանակ, որտեղ System of a Downը հանդէս էր գալիս որպէս համերգի սկզբում նուագող խումբ: 1998–2005՝ խումբը հինգ արհեստվարժ ձայնագրութեամբ ձայնասկաւառակ է թողարկել, որոնցից իւրաքանչիւրը դարձել է փլաթինէ (առաւել յաջողակը եղել է Toxicity–ին՝ բազմապլատինէ), ընդհանուր՝ 12 միլիոն քանակով։ 2006-ին խմբի անդամները ժամանակաւորապէս որոշեցին դադարեցնել համատեղ գործունէութիւնը եւ զբաղուել անհատական նախագծերով։ 2006-ին երաժիշտները նաեւ մասնակցեցին Քառլ Կարապետեանի «Ճչացողները» («Screamers») ֆիլմի ստեղծմանը, որը պատմում է հայերի ցեղասպանութեան մասին։
2010 Նոյեմբերի 29-ին խումբը յայտարարեց կրկին միաւորուելու եւ 2011-ին եւրոպական շրջագայութիւն անցկացնելու մասին։ 2015 Ապրիլի 23-ին խումբը «Wake up the souls» շրջագայութեան շրջանակներում (նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին) այցելեց Երեւան եւ համերգ տուեց Հանրապետութեան հրապարակում։
2020-ի 44-օրեայ պատերազմի ժամանակ խումբը կարճ ժամանակով կրկին վերամիաւորուեց եւ թողարկեց եւս 2 երգ՝ ընդգծուած հակապատերազմական թեմայով՝ «Ցեղասպան մարդակերպեր» /«Genocidal humanoidz»/ եւ «Նրանք պաշտպանում են երկիրը» /«They protect the land»/։ Այդ կարճատեւ վերամիաւորումը Հայաստանի՝ պատերազմի մէջ գտնուող բնակչութեանը բաւականին ոգեւորիչ թուաց։ Դա նաեւ օգնում էր արուեստի լեզուով խօսել այն մասին, ինչի մասին շատերը կա՛մ ստում էին, կա՛մ լռում։» Genocidal humanoidz տեսահոլովակում ակնյայտ հայ-թուրքական հակամարտութիւնը արտայայտուած էր Հայաստանի քարտէզի, Եղեռնի 100-ամեակի խորհրդանիշ անմոռուկի համադրութեամբ։ Այս ամէնը միջազգային խուսափողական դիւանագիտութեանը զուգահեռ։ Այս ամէնով ռոքը յստակօրէն ընդգծում է իր դիրքորոշումը՝ որպէս պայքարող եւ ըմբոստ երաժշտութիւն։
Շարունակութիւնը՝ յաջորդիւ