« Ուրիշին գերագնահատելով
յաճախ ենք սխալւում, բայց
հազուադէպ ենք սխալւում,
երբ ցածր ենք գնահատում»:
Շուէտական
Պետութիւն, երկիր, հայրենիք, ազգ, ժողովուրդ սոսկ բառեր չեն բառարանում գրուած. ունեն իմաստ, ծաւալ եւ բովանդակութիւն: Նրանք սրբազան են, արժանի քնքուշ նուիրումի ու խնամքի, պաշտպանութեան, մինչեւ իսկ պաշտամունքի, հակառակ դէպքում ենթակայ են անվերադարձ կորստեան, որի համը մենք՝ հայերս, վաղուց արդէն ճաշակել ենք: Տեղեակ են բոլորը եւ կարիք կա՞յ յիշեցնել Կարսն ու Արդահանը, Խարբերդը, Վանը, Մուշը, Նախիջեւանը. վերջինս՝ Արցախի ողբալի իրողութիւնները: Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ:
Հարցադրումը բնաւ նպատակ չունի յանցաւոր կամ ենթադրեալ պատասխանատու փնտռել, այլ հասկանալ եւ ըմբռնել, թէ ի՞նչն էր պատճառը, երբ Մայիս 28-ին դարերից յետոյ առաջին անկախ հանրապետութիւնը կազմաւորուեց միայն մեր դէմ պատերազմեցին թուրքերը եւ յաջորդ տարիներին միայն մենք էինք, որ տարածքներ կորցրինք, մինչ մեր դրացիները միեւնոյն ճակատագիրը չունեցան, եւ ընդհակառակը՝ Վրաստանը ունեցաւ Բաթումը Ջաւախքի հետ, իսկ Ատրպէյճանը՝ Նախիջեւանը եւ Արցախը, թուրքերը վերջնականապէս մնացին Կարս-Արդահան տարածքի տիրակալ, եւ նորածին մեր ՀՀ երկիրը միակ տուժող կողմ եղաւ: Արդեօք մեզ սիրելու կամ ատելու խնդիր կա՞ր, ինչպէս ոմանք բացայայտօրէն խօսում են, թէ՞ իրօք աւելի լուրջ ու անըմբռնելի դաւերի զոհ ենք մենք:
Ես միակը չեմ, ով այս հարցերին ճիշդ եւ ստոյգ պատասխան է փնտռում, իսկ ժամանակի անպատեհ եւ անբարենպաստ վկայակոչումը շատ հեռու է բաւարար եւ իմաստալից լինելուց: Երբեւէ մեր պետական գործիչներին խնդրայարոյց չեմ համարում, նրանք արեցին այն, ինչ կարող եւ ընդունակ էին անել: Պէտք է ընդմիշտ համակերպուել այն պարզ մտքի հետ, որ պատմութիւնն ու անցեալն՝ ենթադրեալ սխալները հասկանալու, ուսումնասիրելու, վերացնելու միջոց է, ոչ թէ յանցապարտներ ու արդարացումներ փնտռելու:
Այլ է իրականութիւնը:
Աներկբայ է, որ անսխալ մարդ չի եղել եւ չի լինի, այն մարդկային արատների բնական մասն է եւ կարեւորը այդ սխալների պատճառներն ու ծաւալներն են, որ պիտի լինեն անհանգստացնող, նրանց նախատեսումն ու չէզոքացումը: Մեր համընդհանուր գիտակցութեան մակարդակն ու աստիճանը միջակութիւնից աւել չէ եւ հպարտանալու տեղ եւ որեւէ պատճառ չունենք, մինչդեռ բաւարար քաջութիւն եւ իմաստութիւն ունենալու պարագային անհրաժեշտ է խորհել համընդհանուր գաղափարախօսութեան վերակառուցման մասին:
Կուսակցութեան անուան ներքոյ արկածախնդիր հին ու նոր խմբեր իրենց թշնամի են ընտրել ՀՀ օրինական կառավարութիւնն ու պետութիւնը եւ ջանք չեն խնայում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք միայն երդուեալ թշնամուն են վայել: Այս օրերին, մինչ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մէջ վարչապետը հանդիպում էր գաղութի ներկայացուցիչների հետ, մի քանի լակոտներ դուրսը բողոքի ցոյց էին կատարում իրենց երկրի դէմ, որի անգէտ կազմակերպիչները չեն հասկացել եւ թերեւս երբեք չհասկանան, որ իրենց պատմութիւնը անգամ չգիտեն, հաւաքագրուել են միայն քանակ կազմելու համար՝ «վարչապետ»ը մեր երկրի խորհրդանիշն է բոլորի համար եւ ոչ «Նիկոլ»: Քայլ, որ ոչ միայն որեւէ տրամաբանութեան հետ աղերս չունի, այլեւ պարզ չէ՝ իրենց կամքով, թէ դրսից եկած ուժերի թելադրանքով են լինում եւ առաւել ցաւալի, անհասկանալի ու անհանդուրժելի է, երբ Էջմիածինը եւս մասնակից է դարձել երկրի եւ նրա բարոյականութեան աւերումի աշխատանքին: Ճիշդ է, որ պայմանների տիրող վիճակով հայերը դրսից թշնամի որոնելու կարիք չունեն, ներսում ունեն աւելի քան անհրաժեշտը:
Այդ առիթով նշենք, որ Ուքրաինայում հաստատուած հայեր՝ Մոսկուայի թելադրանքով եւ կաթողիկոսի եղբօր՝ Էրզաս[1] արքեպիսկոպոսի օրհնութեամբ, ոմն Արմէն Սարգսեանի հրամանատարութեամբ (ռուսական ստորաբաժանումի անդամ), «Արբատ»- «Հայկական լեգէոն» անունով ահաբեկչական գումարտակ է կազմուել, որի ծրագիրն էր զէնքի ուժով Երեւանում իշխանութեանը յեղաշրջել:
Բայց այն խափանուեց:
Բարեկիրթ երկրներում կուսակցութիւնները միմեանց դէմ անաչառ պայքարում են մասնակի հարցերում, բայց հասարակարգի ու պետականութեան հիմունքները՝ պաշտպանում միասնաբար: Գիտակցութեան այդպիսի յեղաշրջումի ու բարոյականութեան խիստ պահանջ ունեն մեր հայրենաբնակ կուսակցութիւնները, որոնք յաճախ հպարտանում են իրենց հնամեայ ծագումով՝ առանց նկատի առնելու, որ ժամանակի անցած հատուածում մաշումը դարձնում է հնամաշ-հնոտի, իսկ երկրի ինքնութիւնը, գոյութիւնն ու գոյատեւումը խիստ կապուած են պետականութեան երաշխիքներին:
Արդի հայրենի ընդդիմութիւն անունով համակարգը կազմուած է նման մարդկանցով, որոնք այնքան խղճուկ են իրենց որոշումներով եւ արած քայլերով, որ Բագրատ կոչեցեալ անփառունակ կղերին փորձում են փոխարինել առաւել անփառունակ Վարդան Օսկանեանով՝ իրենք մնալով վարագոյրի յետեւում: Ազգային ժողովի սրահում կազմակերպած խեղկատակութիւնների համար կարիք չկայ մոլեռանդ կուսակցական լինել․ բաւական է որ մի քանի լաչառ լրբացած կին մէջտեղ հանել եւ մեծ աշխատանք արած կը լինեն նիստերի ընթացքը խափանելու նպատակով, որի հետեւանքով կորչում են ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ եւ ԵՐԿԻՐ արժէքները, բարեկիրթ յարաբերութեան հետ եւ մնում են Գեղամ Մանուկեանի նմանների անվայել ձաբռտուք ելոյթները:
Միակ հարցը, որ մնում է անպատասխան, այն է, թէ մինչեւ ե՞րբ կարող է տեւել նման խառնաշփոթ վիճակը, որի ոչ կարիքն ունենք եւ ոչ ցանկութիւնը:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
[1]Անհերքելի է, որ բացի եղբայր լինելուց, քայլը նախօրօք համաձայնեցուած եւ արտօնուած է Էջմիածնի կողմից: