«Մարդն ընդունակ է լաւագոյնին
եւ վատագոյնին, բայց վատագոյնի
դէպքում է աւելի կատարեալ»:
Ֆրանսական
Մարդկութիւնը իր զարգացման հազարամեակների անցած ճանապարհին անդադար փոփոխութիւնների է ենթարկուել միշտ բարելաւուելու եւ առաջադիմելու սկզբունքով՝ մտաւոր, հոգեբանական, կենցաղային, բարոյական, կրօնական, փոխադարձ յարաբերութեան եւ կեանքի տարբեր բնագաւառներում, ուր տեղի են ունեցել յայտնագործութիւններ ու նորարարութիւններ: Այսօրուայ մանկահասակները չեն կարող պատկերացնել, որ իրենց ձեռքի խաղալիք դարձած բջջային հեռախօսը (smartphone) ընդամէնը երեք տասնամեակ առաջ գոյութիւն չունէր, իսկ արդի գործնապաշտ (pragmatique) մթնոլորտը թերեւս բոլորի ճաշակով չէ: Հոգեկան ու բարոյական առումով բազում են ժողովուրդներ եւ կրօններ, որոնք կեանքի ու մահի իրարից յաւերժ անբաժանելի փաստը երկնային իրականութեան շարունակութիւնն են համարում: Շատերն են փորձել ու ցանկացել բացայայտել ու լուսաբանել, հետագայ կեանքի առեղծուածային գաղտնիքը, բայց հրաժարուել են՝ խնդիրը մինչ օրս մնացել է թերուս կղերականների հայեցողութեան, առանց մի քայլ առաջանալու, իսկ գիտնականները՝ լռում են:
Այդ խնդիրը, բնութեան պարտադրած անհերքելի պայման է եւ քննարկման ենթակայ չէ: Եթէ կեանքի ծագման մասին չունենք ստոյգ տեղեկութիւն ու բացայայտում, ապա մահի պարագային պատճառներն յայտնի են եւ պարզ՝ ծերութիւն, հիւանդութիւն, տարբեր տեսակի սպանութիւններ, ոճիր, մաշում, արկած եւ այլ բնական ու անբնական պատրուակներ:
Հեթանոսական ժամանակներից ի վեր մարդկութիւնը ծիսակատարութեան աւանդոյթներ է ստեղծել ցեղերի ու երկրների պայմաններին համապատասխան եւ եթէ նորածինների առիթով խրախճանք ու խնջոյք է լինում, ապա մահի պարագային՝ յուղարկաւորութեան ծէսերը այլ բովանդակութիւն ու ծաւալ էին ունենում ըստ երկրի աւանդութեան եւ հանգուցեալի ունեցած անհատական կարողութեան եւ հասարակութեան կամ ընտանեկան միջավայրում զբաղեցրած դիրքին:
Կեանքի յետմահու շարունակականութեանը, հնագոյն ժամանակներից, մինչ արդի պայմաններում, դեռ կան հաւատացողներ: Մի՞թէ այդ չէ շքեղ թաղումների, կոթողների ու տապանների կառուցման պատճառը, թէ՛ գերեզմանոցների, թէ՛ հասարակական վայրերում, որ եգիպտական քարէ դամբարանների (sarcophage) եւ այլ կառոյցների տրամաբանական շարունակութիւնն են: Բարոյական առումով, հանգուցեալի յիշատակը յաւերժացնելն է նրանց հիմնական ու միակ նպատակը:
Բազմաթիւ են այդպիսի կառոյցները աշխարհում ցրուած, որոնցից կարելի է յիշել Ապու Սիմպելը, որ կերտուել է Եգիպտոսում, Նեղոսի ափին՝ նուիրուած Ռամսես 2-ին եւ կնոջը՝ Նեֆերթիթիին: Այդ տարածքում է կառուցուել նաեւ աշխարհի հրաշալիքներից՝ Քեոփսի բուրգ-դամբարանը։ Նոյնքան յիշուելու արժանի է հրաշակերտ Թաջ Մահալ դամբարանը Ագրա քաղաքում, որ կերտել է 1632-ին Հնդկաստանի Շահ Ջահան կայսրը իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի 14-րդ ծննդաբերութեան ընթացքին վախճանման առիթով։
Մեծ քանակութեամբ դամբարաններ տարածուած են տարբեր երկրներում, ինչպէս կեդրոնական Ամերիկան, Հնդկաստանը, Մերձաւոր Արեւելքը եւ այլն, որոնցից կարելի է նշել Փարիզի Պանթէոնը, ուր իրենց վերջնական հանգիստն են վայելում բազմաթիւ մտաւորականներ ու քաղաքական գործիչներ, ինչպէս նաեւ մեր ազգակիցներ Միսաք եւ Մելինէ Մանուշեանները, իսկ Լենինի դամբարանը կառուցուել է Մոսկուայում հարիւր տարի առաջ, ուր պահւում է նրա զմռսուած դին: Այս կառոյցներից ոմանք աղօթատեղի են:
Վերոնշեալից պարզ է, որ դամբարանները կերտուել են կայսրների ու անուանի անձանց համար, ուր հասարակ մահկանացուների համար տեղ չկար, անհասանելի էր: Նրանց համար նախատեսուած է թաղում հողի մէջ փորուած խոռոչում, կամ հրկիզում, որ համատարած կարգ են ողջ աշխարհի համար, միայն թէ ամէն երկիր ունի իր ուրոյն աւանդոյթն ու ծիսական ոճը:
Դիակը հրկիզելու դէպքում աճիւնը պահւում է սափորի մէջ կամ ցրւում ազատ տարածքում ու գետի մէջ, մինչ հանգուցեալի թաղման կարգը կատարւում է գերեզմանոցում, որ յատուկ փակ տարածք է սոսկ այդ նպատակին տրամադրուած:
Որեւէ անպատեհութիւն չի եղել հազարամեակների ընթացքին, մինչեւ որ, արեւմտեան խոշոր քաղաքները, ուր գետինը թանկարժէք է, յագեցան գերբնակչութեամբ, իսկ առանց որեւէ օգտակարութեան գերեզմանոցների զբաղեցրած հսկայական տարածքները խանգարում էին շինարարական ծրագրերի իրականացմանը: Քաղաքի պատկան մարմինների մօտ միտք ծագեց եւ որոշեցին փուլային հերթական կարգով մի փոսի մէջ թաղել միեւնոյն ընտանիքի պատկանող մի քանի դիակ: Գաղափարը ընդունուեց եւ բարձր գնահատուեց հասարակութեան կողմից առանց հակադրութեան:
Մեր երկրում նման լուծումի անհրաժեշտութիւն ունենք ի նկատի ունենալով Երեւանի գերեզմանոցների ոչ միայն ողբալի ու անիշխանական (anarchique) վիճակը, ուր տապաններին մօտենալը խիստ վտանգաւոր ու դժուար պայմանների հետ է կապուած, նաեւ շիրիմների վրայ քայլելով, քանզի ոչ մէկ արահետ կամ շաւիղ, չկայ նաեւ տապանների որեւէ տողագրութիւն (alignement):
Մինչդեռ խելամիտ ու բարի կամք դրսեւորելու պարագային քաղաքապետարանի կողմից Աւգեան ախոռի նմանուող արդի երեւանեան գերեզմանոցները, ուր քայլելը նոյնիսկ դժուարութիւնների հետ է կապուած, պէտք է վերածել ծաղկազարդ կանաչապատ տարածքի, որ տարրական յարգանքի տուրք մատուցելու քայլ կը լինի յաւերժ ննջեցեալների յիշատակին:
Բազում գլուխկոտրուկ հարցերով ծանրաբեռնուած քաղաքապետարանի աւագանու առջեւ այս խնդիրը եւս արժանի է քննարկութեան:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ