«Բոլոր երջանկութիւնները,
որ մեզ անհասանելի են,
սոսկ անուրջ են»:
Ժ․ Սուլարի
ԱՄՆ նոր նախագահի ընտրութիւնով ենթադրաբար կը լինեն փոփոխութիւններ աշխարհաքաղաքական միջավայրում: Երեւոյթը ոչ տեղական, այլ համաշխարհային բնոյթի է, եւ տարբեր երկրներում նրա հետեւանքները ունեն իրենց դրոշմը, ցաւօք մեր երկիրը եւս ենթակայ է նման վիճակի: Անհերքելի իրականութիւն է Թրամփի վերընտրուելը, որին իրենց մասնակցութիւնն են բերել նաեւ ԱՄՆ բնակուող մեր հայրենակիցները ([1]), գուցէ նրա ընտրական խոստումներից հրապուրուելով կամ անձնական տարբեր հաշիւներից մղուած, բայց այդ չէ կարեւոր, այլ որքանով նոր ընտրեալը տէր կը լինի իր խոստումներին, որ միայն դիմերեսն են եւ ի՞նչ են թաքնուած դարձերեսին՝ ապագայի առումով: Գաղտնիք չէ, որ կարեւոր չէ, թէ ո՞վ է երկրի նախագահը. այնտեղ վճռական խօսք արտասանողն են ԱՄՆ պետական անվտանգութեան հիմնարկի ղեկավարութիւնը եւ աշխատակազմը: Մամուլից յայտնի է, որ ՀՀ հետ յարաբերութիւնների ոլորտում աշխատելու համար արդէն նշանակուել է ԱՄՆ պետական անվտանգութեան հիմնարկի ղեկավարներից այն անձը, որ փորձառութիւն ունի ՀՀ հետ կապերի գործում, բայց անյայտ է, թէ նոր նախագահի առիթով ի՞նչ ուղղութիւն եւ ի՞նչ տարբերութիւն կ՝ունենան այդ կապերը նախկինի համեմատ:
Ենթադրելի է, թերեւս նաեւ պարտադիր, որ մեր իշխանութիւնը նոր քայլեր եւ նոր մօտեցումներ ձեռնարկի ԱՄՆ հաստատութիւնների հետ, որի հետ մէկտեղ, եթէ ներքին նոր քաղաքական մթնոլորտ ([2]) չառողջանայ եւ ճիշդ դիրքի չդրուի, ապա ո՛չ Թրամպը եւ ո՛չ մի այլ օտար երկրի նախագահ ընդունակ չէ եւ չի ցանկանայ ներազգային մեր խնդիրները կարգաւորել:
Ի դէպ, թոյլատրելի է ենթադրել եւ զգուշանալ, որ Թրամփի ՀՀ-ին գուրգուրալու նպատակը ոչ թէ մեզ սիրելն ու օգնելն է, այլ պատրուակ է հաշիւներ մաքրել Ռուսիայի հետ, ծրագիր, որից ԱՄՆ չի կարողանում հրաժարուել 1945-ից ի վեր: Նա ցանկանում էր այն իրագործել հարաւային Կովկաս ներգրաւուելով, որ միջոց էր երկրորդ ճակատ ունենալու: Վրացիների քաղաքական անկայուն վիճակը պատրուակ էր նրանց համոզելու, որ անյաջող փորձ էր, քանզի աւելի իմաստուն լինելով մեր հարեւանները ընտրել էին չէզոքութիւն ԱՄՆ-ի հետ՝ յարաբերութիւնները վատթարացնելու գնով, որից յետոյ փոխարէնը արագ ընտրուեց ՀՀ եւ արագ կազմակերպեցին համատեղ ռազմական վարժութիւններ, հրաւիրելով ՊՆ-ին ՆԱԹՕ՝ կցելով իրենց ներկայացուցչին ՀՀ պաշտպանութեան կազմում:
Բնական է, որ ՀՀ-ի հետ «բարեկամանալու» միակ նպատակը Ռուսիային հարուածելը եւ տարածքից հեռացնելը չէ, այլ նաեւ ամրապնդուել Կովկասում եւ ներմուծուելով թուրք, ռուս, պարսիկ եռակողմի գործունէութիւնը խախտելը (déstabilisation), քանզի որքան շատ բախումներ (conflict) լինեն ի սփիւռս աշխարհի ԱՄՆ-ի համար շահաւէտ է: Բացի այդ, Իրանին մերձենալն եւ պատժելն լրացուցիչ նպատակ է, քանզի վերջինս իսլամական այն պետութիւններից է, որոնք ԱՄՆ եւ Հրէաստանը դասել են սատանաների շարքին:
Բացառուած չէ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հնարաւոր է իրագործել նաեւ Ատրպէյճանի տարածքից, ուր հաստատուած են հրեայ զինավարժութեան բազմաթիւ կեդրոններ: Այս ենթադրեալ կարծիքները փաստելը ժամանակի կարօտ է:
Կարծում եմ դժուար է ՀՀ-ի քաղաքական, տնտեսական կամ բարոյական խնդիրների կողքին լռութեան մատնել այն ինչ կատարւում է եկեղեցու շուրջը, որ միայն Բագրատի արած խամաճիկի քայլերը չեն, որի ախորժակը աւելի գրգռուելով տարբեր տխմարութիւններ է բացագանչում՝ յաճախ աններելի, բացի այդ դարձեալ կաթողիկոսական պատարագ մատուցուեց Կիրակի, 10 Նոյեմբերին, Էջմիածնի տաճարում Արցախից տեղահանուածների կացութեան բարելաւման եւ իրենց տուն վերադարձը ապահովելու պատգամով, որի պատարագիչն էր ինքը՝ Արցախի հոգեւոր առաջնորդը:
Ոմանք դեռ չեն հասկանում, որ արդի պայմաններում որեւէ վերադարձ նշանակում է ընդունել Ատրպէյճանի քաղաքացի դառնալու պայմանը, որ անժխտելի իրականութիւն էր մինչեւ 1994 թուականի մեր յաղթականը, բայց դրութիւնը տարբեր է 44-օրեայ դժոխքից յետոյ եւ Արցախի վերադարձը՝ սոսկ անուրջ: Կայ անհասկանալի եւ անհանգստացնող մէկ դրուագ. շրջուող լուրերից պարզւում է, որ գաղթը ի գործ դնելուց առաջ Պաքուն դիմել է Ստեփանակերտին հանդիպել բանակցելու նպատակով, բայց վերջինները անյայտ պատճառներով մերժել են, թերեւս իրենք գիտեն թէ ինչու, եւ այսօր փորձում են պատարագ մատուցելով դուռ բացել: Այս դրուագը չի նշանակում Ալիեւի բարեացակամութեան որեւէ քայլի կամեցողութիւն, քանի որ նա չի դադարում սպառնալ արեւմտեան երկրներին ՀՀ սպառազինելու մէջ՝ շեշտելով, որ իր զինուած ուժերը լիարժէք մարտական պատրաստութեան վիճակում են եւ եթէ ոեւէ մէկը ցանկանայ փորձել՝ իր ջախջախիչ պատասխանը կը ստանայ, միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ իրենք պատերազմի ձգտում չունեն, քանզի ստացան ի՛նչ ցանկանում էին:
Մեր պետական այրերը ամէն տեսակով մտածելու տեղ ունեն եւ յուսանք բաւարար իմաստութիւն կ’ունենան տիրող խառնաշփոթ պայմաններում այնպէս նաւարկել, որ յարաբերութիւնների հաւասարակշիռ պայմանները մնան իրենց անհրաժեշտ մակարդակին:
Ա՛յդ է մեր գոյատեւելու արժեգինը:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
([1]) Այն տրամաբանութեամբ, որ Պայտենը նեցուկ է Փաշինեանի քաղաքականութեան, մինչ Թրամփը 2020-ի պատերազմին մատը չշարժեց ի նպաստ Փաշինեանի:
([2]) Խօսքը իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութեան մասին է, որ հեռու է պարկեշտ ու անհրաժեշտ յարգալի մակարդակի լինելուց, ուր տիրում է թշնամական աւերիչ, քան երկիր վերակառուցելու մթնոլորտ, լկտի ու լպիրշ դիմելաձեւով: