«Իշխանափոխութիւն լինում է,
երբ աղքատները դժգոհ են
իրենց հաւատարմութիւնից,
հարուստներն իրենց ունեցուածքից
եւ միւսները իրենց կեանքից»:
Ժ. Ժուպեր
Դժգոհել կամ բողոքել՝ մարդկային անձնական հոգեկան երեւոյթ է, որ ծագում է անհատի կացութեան անբաւարար վիճակից: Այն ըմբոստացում է, որի հետեւանքները լինում են տարբեր եւ այլազան, մինչեւ իսկ ողբալի: Երբ այն լինում է հասարակութեան հաւաքական բնոյթի՝ դառնում է յեղափոխութիւն, ապստամբութիւն կամ իշխանափոխութիւն՝ զինեալ թէ խաղաղ (թաւշեայ): Ապստամբութիւնների ցանկը երկար է ըստ ժամանակի ի սփիւռս աշխարհի եւ յիշատակելի է Հռոմի ստրուկ Սպարտակի ըմբոստ քայլը իշխանութեան դէմ, երբ նա հրաժարուեց մասնակցել գլադիատորների մենամարտին: Այն աւարտուեց տասնեակ հազարաւոր համախմբուած ստրուկների կորուստով իշխանութեան հետ բախումի ընթացքին:
Յիշենք նաեւ 1789-ի ֆրանսական յեղափոխութիւնը, որ քաղաքական բնոյթի էր եւ տարիների ընթացքին դարձաւ մարդկային կոտորածների կատարեալ սպանդ՝ թագաւորի գլխատում՝(guillotine), միապետութեան վերացում եւ ժողովրդավար հանրապետութեան ստեղծում: Այդ օրերի տարածուած ասոյթ էր, թէ յեղափոխութիւնը իմաստունների մտայղացում է, ամբոխի պայքար եւ աւազակախմբերի տիրապետութիւն:
Ինչ խօսք, որ լռութեան չենք մատնելու 1917-ի մեծ կարմիր յեղափոխութիւնը՝ Լենինի առաջնորդութեամբ, մասոնական (ազատ որմնադիրներ) օժանդակութեամբ եւ խորհրդային համակարգի ստեղծումով, միլիոնաւոր անձանց աքսոր-ոչնչացումով, ցարական ընտանիքի իսպառ բնաջնջումով: Հետագայ 80 տարիների իրադարձութիւնների մասին, որոնց հետքերը խորն են ու մնացել են նաեւ մեր երկրի բարք ու կարգի մէջ մինչ այսօր, կարելի է գրել հատորներ:
Այս ցանկը կարելի է դեռ շարունակել, միայն տեղին է շեշտել Չինաստանի եւ Գամպոճի յեղափոխութիւնից յետոյ տասնեակ միլիոնի զոհերի փաստը, որ կատարեալ մարդկային նախճիր էր՝ սպանդ (hécatombe), որ մնաց աշխարհի անտարբեր լրութեան գրկում:
Վերջին տարբեր բախումների հետ արժանի է նշել Ասատի փախուստը՝ Ռուսաստանում ապահով մի անկիւնում պատսպարուելով: Անհամար աւերումների հետ համեմատաբար մարդկային զոհերի քանակը շատ չէր եւ անսպասելի էր, երբ Իսրայէլը բարձրաձայնեց, թէ պատրաստ է խորհրդակցել Սիրիայի հետ, բայց անյայտ է, թէ ինչ նախապայմանով ու պահանջներով:
Վերոնշեալի նման մենք եւս խորհրդային կարգերի փլուզման հետեւանքով ունեցանք համակարգի մեծ փոփոխութիւն՝ նախ ՀՀ անկախութիւն եւ ինքնիշխան պետութիւն, ինչպէս նաեւ Արցախի ժամանակաւոր ինքնավար կարգավիճակ, մինչեւ իսկ հանրապետութիւն: Իրաւ է, որ այդ եղաւ առանց մեծ մարդկային կորուստների, քանի որ Պաքուն դեռ չունէր այսօրուայ հզօրութիւնը: Փոխարէնը՝ որոշ հանգամանքների բերումով ղեկավար այրերի կողմից ապիկար ու անհեռատես կեցուածքի հետեւանքով՝ ունեցանք ՀՀ-ից մէկ միլիոնից աւելի արտագաղթ, նաեւ Արցախի տարածքային կորուստ ու բնակչութեան աքսոր, որոնք համահայկական անբուժելի վէրքեր են՝ անյայտ ու անյուսալի ապաքինումով: Տարբեր մեղադրանքներով յանցաւորները բազում են:
Ոեւէ մէկին պաշտպանել կամ մեղադրել չէ նպատակս, քանզի այդ կոչումն ու նպատակը չունեմ, միայն թէ ցանկալի է գիտենալ, թէ ինչո՞ւ տարագիրները ՀՀ-ի տարածքում հաստատուելով եւ հնարաւոր չափով ու սահմաններում աջակցութիւն ստանալով, որոշ մութ ուժերից եւ անհատներից քաջալերուած, դժգոհութիւն են յայտնում՝ ՀՀ կողմից իրենց խնդիրներին բաւարար լուծում չգտնելու վերաբերեալ:
10-12-24-ին «Ասպարէզ»ը երկարաշունչ մի ուղերձ է ներկայացրել «Արցախի Ազգային ժողովի օրինական ընտրուած» ներկայացուցչական մարմնի ստորագրութեամբ՝ ուղղուած ՄԱԿ-ին եւ նրա անդամ երկրներին, աղերսելով ճանաչել Արցախի անկախ պետութիւնը «Յանուն փրկութեան» (Remedial Recognition):
Նշենք, որ ըստ էութեան այդ ուղերձը ուշացած է: Անհրաժեշտ էր այն ներկայացնել երեք տասնամեակ առաջ՝ 94-ին, երբ ՀՀ եւ Արցախը յաղթական էին, խօսքի տեղ ունէին, Ատրպէյճանը բոլոր միջոցներից զուրկ էր մեզ դիմադրելու եւ հայր Ալիեւը ծնկադիր զինադադար էր խնդրում, իսկ Արցախի մեր եղբայր ղեկավարները, որոշ ուժերի հարկադրանքով եւ մասնակցութեամբ, անկախ ինքնիշխան պետութեան թատերականացուած զաւեշտի խաղն էին խաղում՝ մերժելով բացարձակապէս ՀՀ-ի հետ միացումը, նաեւ գրաւեալ տարածքից հրաժարուելու պայմանը, որ իրականում մնացել էին խոպան վիճակում եւ ոչնչի ծառայեցին: Ինչ որ տեղի ունեցաւ՝ եղած բացթողումների հետեւանք էր, որոնց հեղինակները դրսից եկած օտարներ չէին, այլ՝ մերոնք։
Պիտի չանդրադառնամ վերոնշեալ ուղերձի գրելաձեւին եւ բովանդակութեանը, միայն անհրաժեշտ է նշել, որ այն չի պարունակում իրաւական եւ դիւանագիտական որեւէ արժէք ունեցող համոզիչ փաստարկ՝ հիմք ծառայելու ՄԱԿ-ի անդամ որեւէ երկրի՝ միջամուխ լինել ազգերի ինքնորոշման իրաւունքի հաստատմանը 1991-ի «ԼՂՀ Հռչակագրի» համաձայն, որ ցանկանում են այդ նամակի հեղինակները:
Եթէ ցանկանանք տրամաբանական ամփոփում անել անցած երեսնամեայ անկախութեան տարիներին եղած նուաճումների ու ձախողումների, ապա անհնար է փառաւոր համարել պատկերը: Մեր մէջ փնտռելու ենք պատճառներն ու նրանց հեղինակներին:
Ոմանք գործում են «տիրենք կամ քանդենք» սկզբունքով, որի անհերքելի պատկերն է ԱԺ-ում տիրող մթնոլորտը՝ մեծ կարեւորութիւն չտալով փողոց փակող այն կղերին, որ պատրաստ է Արցախի դրօշի հետ, եռագոյնը ծածանել Արարատի գագաթին: Այդ տխմարը մանկական անուրջով՝ ապրելով համակիրներ ունի:
Ողբամ քեզ իմ․․․․
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ