«COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պէտք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ինչ շահեր ունենք»:
Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ այս մասին ըսաւ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեան՝ պատասխանելով հարցումին, թէ արդեօք ՀՀ օրակարգին մէջ կա՞յ մեկնիլ Պաքու՝ COP29-ին մասնակցելու համար:
«Յամենայն դէպս COP29-ի հրաւէրը եւ մասնակցութիւնը Ատրպէյճանի մենաշնորհը չէ, դա Ատրպէյճանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է: Կրկնում եմ՝ որոշում չկայ, բայց կը քննարկենք, կը հասկանանք՝ պէ՞տք է մեր պետութեանը, կը գնանք, պէտք չէ, չենք գնայ»,- ըսաւ ան:
Հարցումին՝ Հայաստան արդեօք չէ՞ զղջացած, որ աջակցած է՝ այդ միջազգային միջոցառումը տեղի ունենայ Ատրպէյճանի մէջ, ան պատասխանեց․ «Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թէ աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանութեան մէջ ստիպուած ենք եղել դրան համաձայնել, որ 30-ից աւելի գերի վերադառնայ Հայաստան, բա չհամաձայնէին՞ք, ինչ է՝ մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պէտք է կայանար, ի հարկէ, ոչ»:
Սիմոնեան նշեց, որ Հայաստան որեւէ գործողութիւն, որ միտուած է COP29-ի միջոցառումը չեղարկելուն կամ անոր վրայ ազդելուն, չ’իրականացներ, եւ այդ է ճիշդը:
«Ատրպէյճանը պատմական հնարաւորութիւն ունի դրական ուղերձ ուղղել աշխարհին, դրական դէմքով հանդէս գալ, դա գերիների խնդիրն է, ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնուելը, խաղաղութեան պայմանագիրը, եւ, կարծում եմ, Ատրպէյճանը պատմական հնարաւորութիւն ունի՝ ինչ դէմքով ու այցեքարտով է հանդէս գալու: Կ’օգտուի՞, թէ՞ չի օգտուի, դա այլ հարց է։ Ճիշդն ասած՝ ինձ չի վերաբերում իր երկրի քաղաքական բանտարկեալների հարցը, ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնուելը»,- ըսաւ ԱԺ նախագահը: