1943 թուականն էր: Ընթացքի մէջ էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հայաստանի դպրոցներուն մէջ, չնայած այդ ծանր շրջանին, դասերը ոչ միայն բնականոն կ’ընթանային, այլեւ կը կազմակերպուէին գրական խմբակներ, աշակերտներու հետ հանդիպման կը հրաւիրուէին ժամանակի լաւագոյն գրողները, արուեստագէտները:
Նման հանդիպում մը կազմակերպուած էր Երեւանի Մաքսիմ Կորքիի անուան դպրոցին մէջ, ուր 1941-1977 թուականներու հայոց լեզու եւ գրականութիւն կը դասաւանդէր ու գրական խմբակ կը վարէր ուսուցչուհի Վարսենիկ Եսայեանը: Խմբակի պարապմունքներուն անգամ մը ներկայ եղած է Աւետիք Իսահակեանը:
Գրականագէտ Արփիկ Աւետիսեանը տասնամեակներով զբաղուած է Իսահակեանի անտիպ, չհրապարակուած նամակները ի մի բերելով (նամականին լոյս տեսաւ 2017-ին):
Նամակներէն բացի՝ Աւետիսեանի անձնական արխիւին մէջ, առանձին թղթապանակի մէջ, հաւաքուած են նաեւ Իսահակեանի՝ 1930-1940-ականներուն, աւելի ուշ՝ իր կեանքի ընթացքի տնարբեր հանդիպումներու եւ հաւաքոյթներու ժամանակ ունեցած ելոյթները, կենդանի խօսքը, որ սղագրած են ներկաները: Այդ ելոյթներուն մէկ մասը հրապարակուած է ժամանակի մամուլին մէջ: Աւետիսեանը նպատակ ունէր ամբողջացնել Վարպետին ելոյթները առանձին գիրքի մէջ, սակայն չհասցուց: Ելոյթները չափազանց հետաքրքրական են ու նաեւ արժէքաւոր՝ քաղաքական, մշակութային, փիլիսոփայական եզրակացութիւններու առումով: Անոնք արդիական են նաեւ այսօր:
Այդպէս, 1943 թուականի Դեկտեմբեր 1-ին, Կորքիի անուան դպրոցին մէջ Իսահակեանի խօսքը՝ ուղղուած աշակերտներուն, սղագրած ու մամուլի մէջ հրապարակած է ուսուցիչը՝ Վարսենիկ Եսայեանը: Ելոյթը կը ներկայացնենք աննշան կրճատումներով:
«Ինձ զարմանք է պատճառում աղջիկների առաջադիմութիւնը, յատկապէս մարդասիրական գիտութիւնների մէջ: Տղաները հերոսանում են մարտերի մէջ, աղջիկները՝ գիտութեան, մանաւանդ՝ արուեստի մէջ են առաջ գնում: Մեր հասարակութեան հիմքը կինն է, մայրը, սերնդի շարունակողը:
Իմ «Ապու Լալա»-ի մասին շատ կարծիքներ են եղել: Ապու Լալան, այսինքն՝ ես, փիլիսոփայ է: Ես հայկական մշակոյթի կրող եմ, մի փոքր ժողովրդի, եւ այդքան եմ հասկացել նրա փիլիսոփայութիւնը: Ապու Լալան աշխարհը, բնութիւնը տեսնում է շատ դաժան, եւ մարդն էլ՝ դրա արդյունքը… Ապու Մահարին տեսնում էր, որ չկայ եղբայրութիւն, չկայ խիղճ: … Գիտութեան եւ ամբողջ մարդկութեան ձգտումն է՝ մարդը մարդու համար դառնայ Աստուած: Ի՞նչը կարող է փոխել մարդուն: Երկու բան՝ մշակոյթը եւ քաղաքակրթութիւնը: Քաղաքակրթութիւնը մարդուն չի կրթում: Քաղաքակրթութեան ժամանակ մարդը մարդուն ոչնչացնում է: Քաղաքակրթութիւնը եւ մշակոյթը միասին պիտի լինեն: Իմ տուայտանքն այն է եղել, որ մարդը մարդուն լլկում է: Դրա վերացման միակ միջոցը, իմ կարծիքով, սոցիալիզմն է, շահագործման հնարաւորութեան վերացումը: Ապու Լալան արեւի իր գովքով ուզում է աշխարհը վերափոխել, որ մարդը մարդու կոշտուկն անգամ չկոխէ: «Ապու Լալան» իմ աչքում արժէք ունի, նա որոշ աշխարհայեացք է արտայայտում, եւ ես այն յաջող գործ եմ համարում: Մհերը (խօսքը «Սասնայ Մհեր» վիպերգի մասին է – Խմբ.) Ապու Լալայի վերադարձն է. նա դեռ լաւ չի մշակուած, նրա վրայ ես էլի աշխատում եմ:
Հայ ժողովրդի մասին ես շատ մեծ կարծիք ունեմ: Հայ ժողովրդի որակն է նրան պահել եւ ոչ քանակը: Մենք ստեղծել ենք հոյակապ լեզու՝ գրաբարը: Մի գերմանացի փիլիսոփայ (չեմ յիշում՝ Ֆոյերպախը, Հեկելը թէ Հերպերթը) ասել է, որ նրա աշխատութիւնը միայն գրաբարով կարելի է թարգմանել, ուրիշ ոչ մի լեզու այն լիակատար կերպով արտայայտել չի կարող: Մեր աշխարհաբարը եւս դարձել է հոյակապ լեզու: Մի փոքր ժողովուրդ, միշտ դանակի տակ, սակայն ստեղծել է երկու հոյակապ լեզու, հիանալի ճարտարապետութիւն, որն ազդել է ուրիշ ժողովուրդների ճարտարապետութեան վրայ եւ այլն:
… վերջին բերկրանքը մեր ակադեմիայի բացումն է (1943 թ.-խմբ.): Ակադեմիան բացառիկ նշանակութիւն ունի մեզ համար: Անցած երկու-երէք տարիները հող պատրաստեցին Գիտութիւնների ակադեմիայի ստեղծման համար: Այդ բոլորի վրայ հիմնուած՝ մենք պիտի շարունակենք մեր մշակոյթի վերաարժեւորումը, ցոյց տանք ամբողջ աշխարհին, թէ հայ ժողովուրդը ինչ է ստեղծել մնայուն եւ յարակայուն, ու մասնակցենք մարդկութեան մշակոյթի երթին: Մեր գործը պիտի լինի հայ լեզուն բիւրեղացնելը:
Մի 30-40 տարի յետոյ մեր ներկայ լեզուն արդէն նախնական կը համարուի: Հայ ժողովուրդը քանակով փոքր է, բայց որակով հաւասար է մեծ ժողովուրդներին: Սիրեցէք նրա լեզուն, նրա մշակոյթը, նրա գիրն ու գրականութիւնը: Այս խօսքերը ես համբուրում եմ ու տալիս ձեզ»:
Ուսուցչուհի Վարսենիկ Եսայեանը սղագրած է Վարպետին մէկ այլ ելոյթ եւս. Երեւանի ժողկրթբաժինը 1945 թուականի Ապրիլ 27-ին Իսահակեանին նուիրուած գրական երեկոյ կազմակերպած էր Պիոներական պալատի դահլիճին մէջ:
Կը ներկայացնենք նաեւ այդ ելոյթը՝ փոքր կրճատումներով.
«Սիրելի բարեկամներ, ընկերներ, այսօր Երեւանի ժողկրթբաժինը կազմակերպել է այս գեղեցիկ եւ իմաստալից երեկոն: … այն բոլորը, ինչ ասուեց իմ շուրջ, ես միշտ էլ լսել եմ եւ վերագրել եմ հայ մշակոյթին: Ես հայ մշակոյթի արգասիքն եմ: Նալպանտեանը, Յովհաննիսեանը, Դուրեանը, Թումանեանը եւ մեր միւս նախնիները ծնունդ են հայ ժողովրդի մշակոյթի: Հազարաւոր տարիների մտքերը, ապրումները դարերի ընթացքում պէտք է նախապատրաստեին հանճարը՝ ի փառս հայ գրականութեան եւ մշակոյթի: Փուշքին ծնելու համար ռուս ժողովուրդը հազար տարուայ պատմութիւն, մշակոյթ պէտք է ունենար: Իմ մասին հանճարեղ խօսքը շռայլուեց: Սա ինձ չի շփոթեցնում: Ընդունում եմ՝ որպէս զգացմունք, ոգեւորութիւն:
Գրականութեան մասին շատ եմ խօսել: Գրականութիւնն ազգի ուժն է, զէնքը, հոգեկան գանձը, որով նա կռուել է թշնամիների, խաւարի դէմ: Բոլոր մեծ գրողներն իրենց լաւագոյնը տվել են գրականութեանը, իսկական գրականութեանը, ոչ թէ կեղծ, սուտ հնչիւններով գրուած, այլ անկեղծ, իսկական գրականութեանը, որ սրտի հետ դառնում է մի լուսարձակ ու լուսաւորում ազգի ներկան ու ապագան: Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականութիւն, երբեք չի կորչի:
Այսօր այստեղ այնքան բան ասուեց: Զեկուցողները՝ իմ չքնաղ աղջիկները (ես նրանց հօր եւ պապի տեղ եմ), հասկացել են ինձ, իմ բանաստեղծութեան գաղտնիքները: Նրանք իմ մէջ գտան տիեզերական վշտի շարժառիթներ, սիրոյ եւ վշտի մոթիւներ: Այոյ, ի հարկէ, ճիշդ է: Սէրն՝ իր բարձր առումով, իմ բանաստեղծութեան առանցքն է: Առանց այդ սիրոյ ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել: Սէրը տարածւում է մարդկութեան համար, ամբողջ տիեզերքի համար: Կայ երեք բան՝ սէր, յոյս, հաւատ: Սէրը ջերմացնում է, կարեկցանք է առաջ բերում, որոնք միեւնոյն երեւոյթներն են: Առանց կարեկցանքի մարդկութիւնը չի կարող ապրել: Տառապող մարդկութեան հանդէպ մեծ հանճարների քարոզած կարեկցութիւնը պէտք է լինի մեր առաջնորդը: Ես երկու կեանքով եմ ապրում: Իմ կեանքում կարեկցութիւնն ուժեղ է: Ես էսօր իմ մասին եմ ասում, որովհետեւ վերջին տարիներս են: Շատ է պատահել, որ ձկնորսները ձուկ են որսացել, փող եմ տուել նրանց եւ խնդրել, որ կրկին ջուրը գցեն: Բնութիւնն անշեղ կերպով դրել է իր օրինաչափութիւնը, որը չպէտք է խախտել:
Գոնէ ոճիրը սահմանափակուէր դահիճներով: Մարդը մարդու համար պիտի լինի սրբութիւն, ընկեր, Աստուած (իսկ Աստուած մարդու խիղճն է): Գերմանիան հինգ տարի է միայն մի գործով է զբաղուած՝ սպաննել: Ի՞նչ է բերում փիլիսոփայութիւնը, բանաստեղծութիւնը ի՞նչ է անում: Իմ խնդրանքն է ձեզնից՝ կարեկցութիւն դէպի բոյսը, կենդանին, մարդը: Մարդը չպէտք է ստեղծի պատերազմ, երբ առանց այն էլ կայ մահը: Սրանք իմ սրտից բխած բաներ են, որ անցել են Պլատոնից եւ մեծ մարդկանցից:
Ես մի մխիթարութիւն ունեմ՝ հայ ժողովուրդը, նրա մշակոյթը: Ես Եւրոպայից վերադարձայ, որովհետեւ չէի կարող ապրել հայրենիքես դուրս: Հայաստանն ինձ համար օրկան է, ինչպէս աչքը, առանց որի ես չեմ կարող ապրել: Ես աչքս բացել եմ Շիրակի դաշտերում. ինչպէ՞ս կարող եմ թողնել Լոռին, հայ լեռներն ու երկինքը եւ ապրել Ֆրանսայում կամ այլ տեղ: Ես այնտեղ փշի վրայ էի տասնեակ տարիներ: Ես բախտաւոր եմ նրանով, որ տեսայ այն, ինչ իմ ընկերները չտեսան: Ես տեսնում եմ հայ ժողովուրդն այնպէս, ինչպէս դարերով երազել ենք՝ պետականօրէն անկախ: Մեր ժողովուրդը բախտաւոր ժողովուրդ է: Ես նրան սիրում եմ անսահման սիրով:
… երկրի տէրը մնում է մարդը: Կենդանիների, բոյսերի տէրը մարդն է՝ իր վեհ զգացողութեամբ, որն ստեղծել է ամէն ինչ. կռւում է բացիլների դէմ, ստեղծել է հեռախօս, ռատիօ: Պէտք է մարդկութեան օձիքը բռնել, որ մարդը մարդուն լինի եղբայր եւ ոչ թէ գայլ: Քրիստոնէութիւնը ողորմածութեամբ է ուզում լուծել կեանքի խնդիրը, սոցիալիզմը լուծում է գործնականում: Իմ մխիթարութիւնը գտնում եմ այդ գաղափարախօսութեան մէջ: Մարդը պէտք է փոխուի: Քսան տարի առաջ ես մի գերեզմանագիր եմ կարդացել մի աստղաբաշխի գերեզմանի վրայ. «Ես այնքան եմ սիրում աստղերը, որ չեմ վախենում գերեզմանի խաւարից»: Սա կարծես ինձ համար է ասուած: Ես այնքան եմ սիրում հայ ժողովրդին, որ չեմ վախենում թաղուել հայ հողում, քանի կան նրա գիրը, արուեստը, լեզուն:
Իմ շնորհակալութիւնն եմ յայտնում դպրոցին եւ մանկավարժներին, որոնք այսպէս կրթում են մեր մատաղ սերունդը: Կեցցէ՛ հայ դպրոցը»:
«Mediamax»
(2024)