Նաւթ եւ կազ արտահանող ու գործարաններով մթնոլորտը շարունակաբար աղտոտող երկիրը, որտեղ աղբի տեսակաւորումն անյայտ արտայայտութիւն է, որտեղ լրագրողներն ու իրաւապաշտպանները բանտում են, լրատուամիջոցները՝ խիստ հսկողութեան տակ, այս տարի կը հիւրընկալի կլիմայի փոփոխութեանը նուիրուած միջազգային խոշոր համաժողով։
Սա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպութիւններին եւ միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ատրպէյճանը ցանկանում է բարձրացնել իր հեղինակութիւնը համաժողովի օգնութեամբ։
Լուրն այն մասին, որ Ատրպէյճանը կը հիւրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան 29-րդ համաժողովը (COP29), երկրում հպարտութեան ալիք է առաջացրել տեղական մամուլի, պաշտօնեաների եւ քաղաքական գործիչների շրջանում:
«Ատրպէյճանում COP29-ի անցկացումը համաշխարհային ասպարէզում երկրի հեղինակութեան յստակ ցուցիչ է», «Ատրպէյճանը կը լինի աշխարհի ուշադրութեան կեդրոնում», «Միջազգային ճանաչում եւ աջակցութիւն համաշխարհային հանրութեան կողմից», «Պաքուն կը դառնայ աշխարհի կեդրոնը». սրանք վերնագրեր են ատրպէյճանական իշխանամէտ լրատուամիջոցներում հրապարակուած նորութիւններից:
Իշխանութիւնները կարծես թէ ակտիւօրէն սկսել են նախապատրաստուել օտարերկրացիների հոսքին, բայց դա արւում է իւրովի։
Նախագահ Իլհամ Ալիեւը յայտնել է, որ համաժողովի ընթացքում ակնկալւում է 70-80 հազար օտարերկրացիների այցը երկիր։
Օգոստոսի 1-ին վարչապետ Ալի Ասատովը յայտարարել է, որ իշխանութիւնները որոշել են համաժողովի ընթացքում ուսանողներին հեռավար ուսուցման կը տեղափոխեն, իսկ դպրոցականներին արձակուրդ կ’ուղարկեն։
Միեւնոյն ժամանակ, որոշ հանդիսութիւնների տներ եւ մեծ ռեստորաններ դադարեցրել են Նոյեմբերին հարսանիքների պատուէրներ ընդունել:
Ատրպէյճանական լրատուամիջոցները գրում են, որ որոշ հաստատութիւններ դա արել են կամաւոր՝ վախենալով համաժողովի ընթացքում զբօսաշրջիկների հոսքի գերծանրաբեռնուածութիւնից, միւսները խոստովանել են, որ արգելքի հրահանգ են ստացել իշխանութիւնների կողմից, իսկ մի մասը սպասում է իշխանութիւնների պատուէրի՝ իրենց առնչուող հատուածին։
Նման իրավիճակ է ստեղծուել բազմաթիւ մայրաքաղաքային հիւրանոցների դէպքում։ Նրանք Նոյեմբերին (երբ տեղի կ’ունենայ համաժողովը) իրենց կայքերում նախնական պատուէրներ չեն ընդունում։ Սակայն նոյն հիւրանոցներում COP29-ի համար նախատեսուած սենեակները կարելի է պատուիրել անմիջապէս կլիմայի կոնֆերանսի կազմակերպիչների կայքի միջոցով:
Նոյեմբերին հիւրանոցների ամրագրման միջազգային կայքը՝ booking.com-ն, առաջարկում է համարներ միայն մօտ 90 հիւրանոցում, մինչդեռ Հոկտեմբերի վերջին եւ Դեկտեմբերի սկզբին մի քանի անգամ աւելի շատ հիւրանոցներ կան բազայում: Դա կարող է պայմանաւորուած լինել այն հանգամանքով, որ հիւրանոցները տեղ են յատկացնում կլիմայական կոնֆերանսի հիւրերին:
BBC-ն համաժողովի կազմակերպիչներին հարցում է ուղարկել, թէ արդեօ՞ք ռեստորաններին, հանդիսութիւնների սրահներին եւ հիւրանոցներին արգելուած է ընդունել ամրագրումներ համաժողովի ընթացքում, սակայն պատասխան չի ստացել:
Սահմանափակումները Պաքուի բնակիչներից շատերին յիշեցրել են համաճարակի շրջանը։ Այն ժամանակ էլ արգելուած էին հարսանիքները, փակւում էին ռեստորանները, իսկ ուսանողներին ուղարկում էին հեռավար աշխատանքի կամ արձակուրդի։
Բնակչութեան շրջանում խօսակցութիւններ կան, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թոյլատրուելու է օրական ընդամէնը երկու ժամով, ինչպէս լոքտաունի ժամանակ է եղել։ Ատրպէյճանը, ի դէպ, համաճարակի սկսուելուց աւելի քան չորս տարի անց դեռեւս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ Covid-ի դէմ պայքարի պատրուակով։
Ատրպէյճանի բնակչութիւնը վաղուց սովոր է, որ իրենցից պահանջում են զոհաբերել ազատութիւնը եւ յարմարաւէտութիւնը՝ յանուն երկրի հեղինակութեան։ «Ֆորմիւլա 1»-ի Կրան Փրիից շատ առաջ էլ քաղաքի կեդրոնը, որտեղ ընթանում էր մրցուղին, պարսպապատուել էր, եւ մարդիկ դժուարութեամբ էին կարողանում հասնել քաղաքի միւս ծայրը:
«Transparency International» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնը, մինչդեռ, Ատրպէյճանում կլիմայական կոնֆերանսի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անուանել: Իրաւապաշտպանները նշում են, որ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարեացակամ է», արդիւնահանում է նաւթ եւ ծրագրում է եռապատկել կազի արդիւնահանումը։ Իսկ այս միջոցառման նախագահը կը լինի մի մարդ, ով նախկինում 20 տարի ղեկավար պաշտօններ է զբաղեցրել պետական նաւթային ընկերութիւնում։
Ատրպէյճանի բնապահպանական պատկերը շատերի մօտ հարցեր է առաջացնում. երկրին դեռ չի յաջողուել լուծել կենցաղային աղբի հաւաքման ու վերամշակման խնդիրը։
Ատրպէյճանը յայտնի է իր արեւոտ օրերի մեծ քանակով, իսկ Պաքուն նոյնիսկ «Քամիների քաղաք» են անուանում։ Էներգետիկայի միջազգային գործակալութեան տուեալներով՝ Ատրպէյճանում էներգիայի վերականգնուող աղբիւրների (ներառեալ հիտրոելեկտրակայեանների) բաժինը կազմել է ընդհանուր արտադրութեան ընդամէնը 1%-ը։
«Կլիմայի պաշտպանի դեր խաղալը եւ հանածոյ վառելիքի շահերի բախմանը հրաւիրելը ժամանակի վատնում է»,- յայտարարել է Oil Change International-ը՝ Ատրպէյճանի վարքագիծն անուանելով երկրի հեղինակութեան «Կանաչ մաքրում»:
COP29-ը «Կանաչաւորման արշաւ» են անուանում ե՛ւ ատրպէյճանցի լրագրողները, ե՛ւ միջազգային իրաւապաշտպանները՝ նշելով, որ միջոցառումն անցկացւում է ԶԼՄ-ների, ինչպէս նաեւ ռեժիմի քննադատների դէմ բռնաճնշումների նոր ալիքի ժամանակ։
Միջազգային իրադարձութիւնները՝ սեփական ձեռքբերման քօղի տակ
Ատրպէյճանում իշխանութիւնները նախկինում հանրութեանը ներկայացրել են խոշոր միջազգային իրադարձութիւններ՝ որպէս երկրի եւ նրա մշտական ղեկավար Իլհամ Ալիեւի միջազգային մեծ յաջողութիւն։ Այդպէս եղաւ «Եւրատեսիլ» երգի մրցոյթի, «Ֆորմիւլա 1»-ի աւտոարշաւների, Եւրոպական խաղերի եւ այլ խոշոր իրադարձութիւնների դէպքում:
Ատրպէյճանը նոյնիսկ Ողիմպիական խաղերն ընդունելու յայտ էր ներկայացրել, թէեւ՝ անյաջող։ Բայց դա չխանգարեց տարբեր քաղաքներում սպորտային քաղաքի, մարզադաշտի ու մարզահամալիրների կառուցմանը, որոնք մինչ օրս ողիմպիական են կոչւում։
Այս ամէնն էլ բաւական է հասկանալու համար, որ Ատրպէյճանն օգտագործում է միջազգային խոշոր իրադարձութիւնները սեփական հեղինակութիւնը սպիտակեցնելու համար՝ գիտակցելով, որ կաղում է մարդու իրաւունքների խախտումներից։ Ընդ որում, բոլոր այս միջազգային իրադարձութիւնների համատեքստում բողոքի ձայն բարձրացնող իրաւապաշտպանները կամ ակտիւիստները տարբեր մեղադրանքներով շաբաթներ անց յայտնւում են անազատութեան մէջ:
Ի դէպ, առնուազն հակասական ու տարօրինակ է, որ 2022 թուականի Դեկտեմբերին բողոքի ձայն բարձրացրած եւ Լեռնային Ղարաբաղի ճանապարհը բլոկադայի մէջ պահող «Բնապահպան ակտիւիստները» այժմ լուռ են:
Իշխանութիւնների կողմից կազմակերպուած վերուող-տարուող կեղծ ակտիւիստները մի քանի ամսով փակել էին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող միակ ճանապարհը՝ զրկելով տեղի բնակիչներին տարրական պահանջների բաւարարման նպատակով իրականացուող փոխադրումներից ու տեղափոխութիւններին։
Այն ժամանակ էկոակտիւիստները ներկայացուած էին որպէս իշխանութիւնների կողմից աջակցուող կարեւոր ուժ։ Սա բացառիկ իրավիճակ էր Ատրպէյճանի համար, որովհետեւ եթէ Ալիեւի ռեժիմը սեփական շահը չունենայ, բնապահպանական կամ մէկ այլ ոլորտի որեւէ բողոքի շարժում կը ճնշուի անմիջապէս եւ մէկ օր անգամ չի շարունակուի, մասնակիցներն էլ՝ կը յայտնուեն բանտերում: Դեռեւս պարզ չէ, բայց ենթադրել կարելի է, թէ COP29-ը նման էկոակտիւիստների նոր բողոքի պատճառ կը դառնայ, թէ՝ ոչ:
ՇՈՒՇԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Հայկական Ժամանակ»