ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՐՏ 8-Ի ԱՌԹԻՒ
Կառավարութեան համար առաջնահերթութիւն է պետական կառավարման, իրաւապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական եւ այլ ասպարէզներու մէջ կանանց առաւելագոյն ներգրաւման համար հնարաւորութիւններ ստեղծելը:
Այս մասին ընդգծած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ Մարտ 8-ի՝ Կանանց տօնին առիթով իր ուղերձին մէջ:
«Շնորհաւորում եմ բոլորիդ եւ իւրաքանչիւրիդ Մարտի 8-ի՝ Կանանց տօնի առիթով: Խօսելով կանանց մասին՝ մենք խօսում ենք Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան մեծամասնութեան մասին, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան 53 տոկոսը կանայք են:
Ու ինձ համար, որպես երկրի վարչապետ, այս օրը նախեւառաջ մեր երկրի զարգացման գործում կանանց ներուժի լիարժէք ներգրաւման մասին եւս մէկ անգամ խորհելու առիթ է: Ի սկզբանէ ալ Մարտի 8-ը հիմնադրուել է կանանց աշխատանքային, քաղաքական, կրթական եւ այլ իրաւունքների պաշտպանութեան ծիրին մէջ, ու նաեւ սա է այդ ընկալման պատճառը», ըսած է վարչապետը:
Ան ընդգծած է, որ կառավարութեան համար առաջնահերթութիւն է պետական կառավարման, իրաւապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական եւ այլ ասպարէզներում կանանց առաւելագոյն ներգրաւման համար հնարաւորութիւններ ստեղծելը, որովհետեւ ակնյայտ է, որ առանց այդ ներուժի լիարժէք կիրառման, մեր երկրի զարգացման հնարաւորութիւններն էականօրէն կը կրճատուեն:
«Այսօր ուրախութեամբ եւ հպարտութեամբ ենք արձանագրում, որ Հայաստանի բազմաթիւ կանայք ներգրաւուած են տնտեսական գործունէութեան մէջ եւ ամէնօրեայ ստեղծարար աշխատանքով արժէք են ստեղծում, հարկեր վճարում: Այսօր բազմաթիւ կանայք ներգրաւուած են իրաւապահ համակարգում, ծառայում են ոստիկանութիւնում եւ բանակում, ու մենք ուզում ենք, որ նրանց թիւը մեծանայ, որովհետեւ դա բխում է մեր երկրի շահերից:
Այսօր բազմաթիւ կանայք պետական բարձր պաշտօններ են զբաղեցնում: Ու կարեւոր է նաեւ ընդգծել, որ այդ պաշտօններում նրանց յայտնուելու պատճառը կին լինելը չէ, այլ լաւ մասնագէտ, կառավարիչ, կազմակերպիչ, գործիչ լինելը», նշած է վարչապետը:
Փաշինեանը կարեւորած է, որ Հայաստանի մէջ կանայք հասանելիութիւն ունենան բարձրորակ կրթութեան, եւ նաեւ այս խնդիրը լուծելու համար կառավարութիւնը որդեգրած է 300 դպրոցի եւ Ակադեմիական քաղաքի ծրագիրը:
«Բայց այս ամէնով հանդերձ մեր երկրի ժողովրդագրական խնդիրները կը խորանան, եթէ կանայք աւելի ու աւելի շատ երեխաներ ունենալու հակուած չլինեն: Նաեւ սա է պատճառը, որ որդեգրել ենք 500 մանկապարտէզի ծրագիրը, որը միայն առաջին 500-ն է եւ բազմաթիւ կանանց հնարաւորութիւն կու տայ խուսափել «աշխատե՞լ, թէ՞ երեխայ ունենալ» ընտրութիւնից: Նաեւ այս խնդրի լուծման համար ենք ներդրել հայրական արձակուրդի հիմնարկը, որ տղամարդիկ երեխաների խնամքի պատասխանատուութիւնն աւելի շատ կիսեն կանանց հետ: Նաեւ այս խնդրի լուծման համար ենք վերարտադրութեան ոլորտում մի շարք ծրագրեր ստեղծել, եւ այս քաղաքականութիւնները կը շարունակուեն ու կը խորանան:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք յարգանքի առանձնակի տուրք ենք մատուցում հայրենիքի համար իրենց կեանքը տուած կանանց՝ մեր քոյրերին, հայրենիքի համար իրենց կեանքը տուած մեր զինուորների մայրերին, կանանց, դուստրերին ու քոյրերին: Պետութիւնը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ եւ բարեկեցիկ պետութիւնը կը դառնայ ամոքումը կորստեան վշտի, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով:
Փա՛ռք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:
Կանանց տօնը շնորհաւոր», եզրափակած է վարչապետը: