Բաց նամակի փոխարէն
«Վտանգաւոր մեղքն այն է, որի
թերութիւն լինելը չգիտենք, բայց
աւելի է վտանգաւոր, երբ ընդունում
ենք այն՝ որպէս առաքինութիւն»:
Իսլամական
Աշխարհաքաղաքական մթնոլորտը քաոսային լինելով դեռ հակում ունի աւելի բարդանալու, մանաւանդ Հայաստանի նման երկրների պարագային, ուր մթնոլորտը ոչ միայն անկայուն է թշնամիներով շրջապատուած լինելով, այլ նաեւ ներքին՝ որոշ կործանիչ, կամ նրանց յարող ուժերի առկայութեամբ, Սփիւռքը ներառեալ: Այն պարագային, երբ բազում մարտահրաւէրներին դէմ դիմաց լինելով՝ իւրաքանչիւր հայի մասնակցութիւնը անհրաժեշտ է, ապա իշխանական համակարգի քայլերը աւելի քան ուշադիր պէտք է լինեն: Օտարերկրեայ հանդիպումներին, որեւէ երկիր ներկայացնող պաշտօնեայ շատ բան ասելուց զուսպ պիտի մնայ, ըստ պարտականութիւնների պահանջին: Յաճախ լռութիւնը խօսքից շատ աւելի արժէքաւոր է:
Այն, ինչ այժմ կատարւում է ՀՀ-ում, պատահական չէ եւ մեծ կապ ունի Ուքրանիայում տեղի ունեցածի հետ եւ ոչ այլ ինչ է քան ԱՄՆ-Ռուսաստան աճող առճակատման քաղաքականութեան հետեւանք: Մեր իշխանաւորների եւ քաղաքական մեկնաբանների կողմից, դէպի արեւմտեան երկրներ կողմնորոշուելու զարգացող բացայայտ մտադրութեան ակունքը այդտեղ է։ Այդ երեւոյթի ճիշդ կամ սխալ լինելը խոր քննարկումի կարիք ունի, եւ չափազանց զգոյշ լինելը աւելորդ հաճոյք չէ:
ՀՀ իշխանաւորները տարբեր հանգամանքների հիմունքներով փորձում են երես թեքել եւ հայեացքը դարձնել դէպի Արեւմուտք: Այդ քայլերի դրական եւ բացասական կողմերը քննարկելու առիթը չէ, այլ սպասուող հետեւանքներն են անհանգստացնող: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ռուսաստանից սպասուող պատժամիջոցների վտանգները շատ աւելի ծանրակշիռ կարող են լինել, քան Արեւմուտքի հետ մեր սիրախաղերից սպասուող անստոյգ օգտակարութիւնը: Հիւսիսի արջի հետ խաղալը երբեք անվնաս չի եղել: Չարաչար սխալ են այն մեկնաբանները, որ կարծում են, թէ ներկայ պայմաններում «Բրիտանիոյ կայսրութեան նաւատորմը» կարող է լեռներ բարձրանալ: ՈՉ եւ ՈՉ:
Տեղին է նշել մի քանի կարեւոր կէտերգ
ա) Միջազգային դիտորդների կարծիքով 1945-ին պատերազմի աւարտից յետոյ, մինչ օրս, երբեւէ չեն դադարել մեծ ու փոքր բախումները երկրագնդի տարբեր հատուածներում, այն իմաստով, որ այն է շահաւէտ ապրելակերպը՝ հզօրների համար: Բաւական է յիշել Սիրիան, Իրաքը, Քորէան, Վիեթնամը, Գամպոճան, Աֆղանիստանը եւ բազում ուրիշներ, որոնց վերջին դերակատարներն են Պաղեստինն ու Ուքրանիան: Մենք եւս այդ շարքի մէջ ենք 44-օրեայով եւ բացառուած չէ, որ այն վերսկսուի: Յիսուն տարի անց ո՞վ է յիշում Կիպրոսի աննախադէպ գրաւումը եւ ի՞նչ է արուել «Փրկիչներ»-ի կողմից, առնուազն խնդրի քննարկման ուղղութեամբ՝ ոչինչ:
բ) Աշխարհաքաղաքական միջավայրում մեր երկրի կարգավիճակը երերուն եւ անորոշ է: Մեր ղեկավար դասը դեռեւս շարունակում է յետ ու առաջ քայլեր անել ՀԱՊԿ-ի, իմա՛ Ռուսաստանի հետ դաշնակից մնալ-չմնալու հարցում, որ ուղղակի կապուած է տարբեր տեսակի տհաճ հետեւանքների հետ: Բազում ահազանգեր են հնչել տարբեր տեղերից, որից վերջինը՝ պելոռուս Լուքաշենքօն, դարձեալ լկտի ձեւով յայտարարեց, որ եթէ ՀՀ չի ցանկանում մնալ ՀԱՊԿ-ի անդամ, հոգ չէ, «այն չի փլուզուի», միայն թէ ո՞վ է տուժելու: Բացայայտ է, որ նկատի ունենալով Վրաստանում, Մոլտովայում եւ Ուքրանիայում կատարուածը եւ հետեւանքները՝ զգուշանալու բաւական տեղ կայ:
գ) Այս ընթացքը ժամանակի է կարօտ, մինչդեռ թշնամու նոր ոտնձգութիւնները ոչ միայն չեն բացառուած ու չեն նուազում, այլ հաւանական են, մանաւանդ Ալիեւի վերընտրութիւնից յետոյ, երբ այն առաւել համարձակութիւն է ձեռք բերել ռուսների հետ տարբեր պայմանագրեր կնքելով: Մենք պարտաւոր ենք վերանայել եւ ստեղծել այն միջավայրը, որ հնարաւոր լինի հասնել իրական խաղաղութեան, որ հնարաւոր է միայն հզօր պետականութիւն, բանակ, տնտեսութիւն, հայեցի հասարակութիւն ունենալու պայմաններում:
դ) Նորութիւն չէ եւ վաղուց է հաստատուած, որ դիւանագիտական յարաբերութիւնների ընթացքին կարեւոր բաղադրիչը փոխադարձ վստահութիւնն է եւ հնարաւոր պայմաններում քիչ բան ասելը, ինչը որ մեր պաշտօնեաների թերութիւնն է, վարչապետը ներառեալ, որ ստիպուած չէր բարձր յայտարարել, թէ Արցախը Ատրպէյճանի անքակտելի մասն է: Պարզ է, որ արտաքին ճնշումներ են եղել պատճառը, որ բաւարար պատասխան չէ:
ե) Յոյժ կարեւոր է, նոյնքան վտանգաւոր ու հմայիչ Արեւմուտքի հետ մեր շփումները անհեռատես սպասելիքներով: Արդէն մամուլում յայտնւում են ձայներ, թէ հայերը անզգուշութեամբ, ՀԱՊԿ-ի զգայուն տեղեկութիւններ կարող են բացայայտել Արեւմուտքին, որ լուրջ ամբաստանութիւն է:
Ֆրանսան արդէն յայտարարել է, որ պատրաստ է ՀՀ-ին յատկացնել տարբեր տեսակի բարձր կարգի հետախուզական սարքաւորումներ, որ ըստ էութեան ՆԱԹՕ-ի յաջորդ աչքը կը յայտնուի ռուսական սահմաններին, որ նման է Քիեւում տեղի ունեցածին, եւ բացառուած չէ, որ մեր երկիր այցելի Զելենսքին,- անյայտ է թէ ի՛նչ անելու համար,- մարդ, որ ջերմ շնորհաւորել էր Ալիեւին Արցախի գրաւման առիթով։ ՀԱՊԿ-ի անդամութեան կասեցման հետ մէկտեղ ռուսական բանակը այլ օտար միաւորով փոխարինելու պարագային, Երեւանն պարտաւոր է առաւել զգոյշ ու խելամիտ լինել իր որոշումների ընթացքին:
զ) Միսաք եւ Մելինէ Մանուշեանների մուտքը Փարիզի ազգային Պանթէոն իրաւամբ անսպասելի երեւոյթ էր 80 տարի ուշացումով: Երեւոյթը ոչ միայն քաջալերող էր, նաեւ՝ պատուաբեր, քանզի ֆրանսացի մեծերի՝ Հիւկօ, Ռուսսօ, Զոլա եւ այլոց կողքին պիտի հանգչեն նրանց մասունքները: Արարողութեանը նախագահ Մաքրոնի եւ պետական ընտրանու կողքին ներկայ էր նաեւ ՀՀ վարչապետը տիկնոջ հետ՝ բերկրանքի արժանի:
Բայց, այդ բոլորը երեւացող մասն է եւ իրաւունք եմ համարում որոշ հարցեր տալու: Նախ, թէ ինչպէ՞ս եղաւ որ յիշեցին Միսաքի գոյութեան մասին 80 տարի անց, վստահաբար պատահական չէ երեւոյթը եւ ո՞վ է եղել նախաձեռնողը, ի՞նչ ազդակներից մղուած եւ ի՞նչ ակնկալիքներով: Հարցի պատասխանը պարզ է, թէեւ ենթադրեալգ Ռուս-ԱՄՆ առճակատումը՝ Ուքրանիայի միջնորդութեամբ, իրականում ձախողուած համարելով ՆԱԹՕ-ի ռազմագէտները (stratege) նոր ոտքի տեղ են փնտռում իրենց «իւղոտ գործը» շարունակելու եւ քանի որ ՀԱՊԿ-ի հարցով տարաձայնութիւններ կան հայերի ու ռուսների միջեւ, ցանկանում են առիթը գործածել իրենց շահերի համեմատ: Սա առանց փաստերի մի կարծիք է, որ շատ հեռու չէ իրական լինելուց: Յաջորդ աչքի ընկնող հանգամանքն է, որ Միսաքի արարողութիւնը դեռ տաք-տաք ֆրանսական պաշտպանութեան նախարարը՝ առաջին անգամ լինելիով, յայտնւում է ՀՀ, որ այլ բան չէ, քան ԱՄՆ եւ ԵՄ համատեղ փնտռտուքի հետեւանք, իսկ Մաքրոնը միայն միջնորդի դերակատար: Նա առաջարկում է՝ ռուս սահմանապահների հեռացման պարագային, նրանց փոխարինել ԵՄ-ն խաղաղապահներովգգգ Կարելի է շարունակել եւ զարգացնել նման մտքերը եւ սխալ չէ ենթադրել, որ Մանուշեանների մուտքը Պանթէոն մի պարզ խայծ է հայ իշխանաւորներին շոյելու եւ մոլորեցնելու համար եւ ՆԱԹՕ-ի հետ ընդհանուր համատեղ գործունէութիւն:
Այսուհանդերձ դաս եւ խրատ տալու յաւակնութիւնից հեռու մնալով՝ անհնար է չյիշեցնել վարչապետին, որ շատ բան յայտարարելը միջազգային հարթակներում երբեք օգտակար չի կարող լինել մեզ համար, ի նկատի ունենալով նրա ելոյթները ՀԱՊԿ-ի հետ յարաբերութիւնների մասին Միւնխենում ունեցած հանդիպումների ընթացքին: Յայտնի է, որ պարզամիտ ելոյթները դիւանագիտական մթնոլորտում անարժէք են: Արդի պայմաններում ոչ Ֆրանսան եւ ոչ ոեւէ մէկը, ԵՄ եւ ԱՄՆ ներառեալ, պատրաստ չեն, նոյնիսկ ձեւական, տալ այն երաշխիքները, որ մենք ունենք ՀԱՊԿ-ի կազմում, թէեւ նրանք կատարեալ չեն: Աւելի տարրական այլ սկզբունք է, որ եթէ ԵՄ-ից ակնկալում ենք որեւէ աջակցութիւն, այն համազօր է Ռուսաստանի դէմ դիրքորոշման, ինչ որ արեց Ուքրանիան, որի օրինակը մեզ համար յարմար չէ:
Դժուար է լռութեան գիրկը նետել նախկին նախագահ Մետվետեւի կոշտ արձագանգը, ոչ բարեկամ երկրների ներքին իրավիճակը ապակայունացնելու տարբեր գործողութիւններ ձեռնարկելուն՝ ռուսների հանդէպ անբարենպաստ պայմաններ ստեղծելու պարագային, այն գնահատելով ուղղակի հարուած ռուս ժողովրդին, որ երբեք անպատիժ չի կարող մնալ:
Պատգամը պարզ է եւ հասկանալի, հասկացողին բարի ողջոյն: Վարչապետը անձամբ եւ իր շրջապատի գործակիցներով հանդերձ, որ հաւանաբար ծանօթ են վերոյիշեալ վիճակին, աւելի քան մէկ անգամ մտածելու պահանջն ու կարիքը ունեն: Նրանց անմիջական պարտականութիւնն է աւելի խոհեմ լինել իրենց ամէն մի քայլի, խօսքի եւ որոշման համար, այլապէս շեփորահարելով դէպի անդունդ կը սուրանք: Տեղին է յիշեցնել Այնշթայնի իմաստութիւնը, որ «Երկրագունդը չի կործանուի չարակամների կողմից, այլ նրանց, որ տեսնում եւ ոչինչ չեն անում:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Սան Ռաֆայէլ