Հետեւեալ գրութիւնը ստացանք բժիշկ Արմենակ Եղիայեանէն՝ իր ծանօթագրութիւններով: Հեղինակը՝ Զաւէն Վարդանեան:
«Սիրելի՛ ընթերցողներ,
Այսօր կարդանք արեւելահայ սրտցաւ հայրենակիցի մը գրութիւնը, որ կը վերաբերի համայն հայութեան եւ խորհրդածենք այդ ուղղութեամբ»: (Ա. Ե.)
Լեզուն հասարակութեան դիմանկարն է: Մեր լեզուն` հայոց լեզուն, այսօր անփոյթ է, հասարակ, փողոցային ժարգոնով լի, գռեհիկ, փնթի, թափթփած: Եւ այս գռեհիկ լեզուի միտումն ամէնուրեք է, յատկապես հեռուստասերիալներում, հեռուստատեսային բանավէճերի ժամանակ, ԱԺ-ում, կառավարութիւնում, նոյնիսկ՝ բուհերում: Քիչ են գեղարուեստական խօսքի մարդիկ, որոնք, կարծես, անհետանում են, ինչպես անհետանում է մարդ-գեղագէտը: Մենք աստիճանաբար սկսում ենք չհասկանալ ինքներս մեզ:
Մենք կորցնում ենք լեզուի ոգին: Մենք կորցրել ենք յարգանքը խօսքի հանդէպ: Մենք կորցրել կամ կորցնում ենք մշակուած մարդը: Ո՞վ է այսօր արտայայտւում մի լեզուով, որի,- ինչպէս Ռ. Զարեանն էր ասում,- «լեզուական ֆակտուրան հարուստ է, ունի ներքին հրայրք, խօսքը՝ արտիստականօրէն գեղեցիկ, բայց երբեք վերամբարձ, երբեք պերճաշուք, երբեք սնամէջ»: Աստուածաշունչը մայրենի լեզուով ունենալու պահանջը եղել է հիմնական եւ հրամայական պահանջ՝ ստեղծելու սեփական մայրենի գիր` Այբ ու Բեն: Մեր լեզուն մեր մեծագոյն ստեղծագործութիւնն է: Ինչո՞ւ ենք ամէն ինչ անում, որպէսզի զայն ոչնչացնենք, փոխանակ անենք ամէն ինչ՝ զայն մաքուր պահելու, պահպանելու նրա գեղեցկութիւնը, ախորժելի հնչեղութիւնն ու բոյրը: Ինչո՞ւ ենք ոչնչացնում դարերի ընթացքում ձեւաւորուած մեր լեզուի նրբերանգները: Լեզուն պահանջում է խնամք, հոգատարութիւն:
Աբովեանից եկող պատգամը՝ «Ղայիմ պահէք հայոց լեզուն», նաեւ նշանակում է մաքրել գռեհիկ արտահայտութիւններից եւ գռեհիկ հնչերանգից: Եթե մենք ունենանք արգելելու մշակոյթ եւ կանոնական խօսքի ու հնչերանգի պահպանման մշակոյթ, կը կարողանանք մաքրել մեր լեզուի խորքը եւ կը տիրապետենք անոր բոլոր նրբերանգներուն: Ուշադիր լսէք մեր քաղաքական, տնտեսական, ֆինանսական, իրաւաբանական ասպարէզի գործիչներին, ԱԺ պատգամաւորներին, կառավարութեան անդամներին, հեռուստատեսութեամբ գովազդ իրականացնող անձանց:
Պարզապէս զարհուրելի է, խայտառակութիւն է: Այսպէ՜ս այլանդակել, խեղե՜լ մայրենի լեզուն, այն էլ բարձր ամբիոնի՞ց: Զայրացուցիչ է հայերէն բանաւոր խօսքի ընթացքում ռուսերէն արտաբերումով բառերի հնչեցումը՝ լիձեռ, կրեձիտ, էներգեծիկ, ծեխնալոգիա, պրակծիկ, օբյեկծիվ, իձեալ, ձիրեկտըր, լոկոմոծիվ… կամ չարտաբերել որոշիչ յօդը՝ ուրեմ+ն, ոչ մեկ+ը, հայ մեծեր+ը կամ` մի ձեւ+ով եւ այլն: Ճիշդ չեն արտաբերւում բարդ բառերը. տարեկետումը արտաբերւում է տարկետում, տարահանելը՝ տարհանել, այսինքն՝ առանց կապող ձայնաւորի: Սխալ են արտաբերւում նաեւ յաճախ հանդիպող ածականները. պաշտօնէական, ճիշդը՝ պաշտօնական[6], ընտանեական՝ ընտանեկան եւ այլն: Սոսկալի են բանաւոր կամ գրաւոր կարդացուող գրութեան հնչերանգային վերիվայրումները, շեշտերի կամայական, անտրամաբանական տեղադրումը, վերջին վանկը ձգել-երգելը, սովորական նախադասութիւնը կարդալիս ձայնը մերթ ուժեղացնել, մերթ մեղմացնելը, խօսափողի ետեւից բնագիրը մանկական՝ հրուշակ, պաղպաղակ խոստացող ձայնով ընթերցումը եւ այլն: Չափից աւելի են օգտագործւում «վերաբերեալ», «հարց» «կտրուածքով», «գծով», «մասով», «գործիքակազմ», «թիրախաւորել», «փոխանցել», «մօտ» բառերը: Դրանք երբեմն կարելի է փոխարինել նոյն իմաստը կրող այլ բառերով, որպէսզի ականջը չվրդովի ու ընկալումը չբթանայ:
Անտրամաբանական, հսկայական տուգանքներ են նշանակուած ճանապարհային կանոնները խախտողներուն՝ 5.000, 20.000, 30.000, 50.000: Իսկ ինչո՞ւ տուգանքներ չեն նշանակուած մայրենի լեզուն ոտնահարելու, վարկաբեկելու, այլանդակելու համար, առաւել եւս, որ մեր պետական լեզուն` հայոց լեզուն, դրօշի ու զինանշանի հետ խորհրդանշում է մեր ազգային էութիւնը, բովանդակութիւնը, արժանապատւութիւնը: Պէտք է նշանակել պետական տուգանք պատգամաւորների, կառավարութեան անդամների, հեռուստաընկերութիւնների համար՝ 50.000-500.000 դրամ, եւ լեզուն աղաւաղողները ուղարկել երկամսեայ պարտադիր վերաորակաւորման: Չուղղուելու դեպքում ազատել ունեցած պաշտօնից:
Յարգարժան պարոն Դաւիթ Գիւրջինեանը իր ղեկավարած կազմակերպութեամբ եւ լեզուապահպանների աջակցութեամբ կատաղի, անողոք պայքար պէտք է մղի լեզուահէնների դէմ:
Միւս ծայրայեղութիւնն էլ պէտք չէ. ճոռոմ, պաճուճազարդ լեզու՝ ռոկոկո: Սրբօրէ՛ն պահենք մեր մայրենի մեծասքանչ լեզուն: Մեր լեզուն հիմնուած է մեր հողի, կլիմայի, կենսակերպի, սովորութիւնների, միմեանց յարաբերուելու վրայ: Այն ճկուն է, եւ այդ պատճառով էլ իւրաքանչիւր թարգմանութիւն օտար լեզուից հնչում է հարազատ ու անթերի: Լեզուն մաքուր պահելու անհրաժեշտ պայմանը նրա կառուցուածքն է, շարահիւսութիւնը, որոնք պէտք է կրեն ազգային առողջ արմատներ:
Մեր ոգու պատմութիւնը մեր լեզուի մէջ է:
(«Ժամանակ», 19 Ապրիլ 2019, Երեւան )
ԶԱՒԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
(Տարբերակ21)