«Անուն կայ, որ վարդի բոյր է,
Կայ, որ անուշ մօր համբոյր է,
Լաւ անունը՝ պատիւը մեր,
Միշտ լաւ գործի ծնունդն անմեռ»:
Յովհաննէս Շիրազ
Անունը այն համատարած իմաստալից բառն է, որ մեզանից իւրաքանչիւրը ստանում է իր աշխարհ գալու պահից: Այն ցմահ ներկայացնում է մի անձ, էակ կամ առարկայ. ունի բազում այլ բովանդակութիւններ եւ նշանակութիւն: Այն նաեւ միջոց է հասարակութեան անդամներին զանազանելու միմեանցից: Չկայ մի ցեղ, որ այդ համամարդկային երեւոյթը չյարգի՝ իւրաքանչիւրը պահպանելով իր ազգի ոգին, ճաշակը եւ աւանդոյթը:
Դարերի ընթացքին հարեւան ազգեր, իրար հետ շփուելով, առանց դժուարութեան փոխանակել են անձնանունները եւ ծագումնաբանութեան տեսակով դժուար է նրանց տարբերել, մանաւանդ, որ երբեմն կապուած են լինում կենցաղային նմանութիւններին:
Հայկական համարուող անունների զգալի մասը, ինչպէս նաեւ մեր հարեւանների մօտ, ունեն օտար ծագում, որ ենթադրաբար կապուած է սեփական կրօն չունենալուն: Բոլոր քրիստոնէութիւն ընդունողների մօտ տեղի ունեցաւ անձնանունների մեծ հոսք՝ Հին ու Նոր կտակարանների թարգմանութեան առիթով: Կարելի է երեւոյթը բնական համարել, քանի որ հաւատքը իր դրոշմը դնելու էր եւ դարերի ընթացքին բազում ներթափանցած անձնանունների կողքին, միատեղ վերապրեցին նաեւ զուտ հայկականները, ինչպէս՝ Արմէնուհի, Հայկուհի, Հայկազն, Սիրանուշ, Ազատ, Արաքսի, Վարդանուշ եւ բազում ուրիշներ:
Ռուս-պարսկական պատերազմից յետոյ՝ 1829-ին, երբ Կովկասը դարձաւ ռուսական տարածք, հայկական հասարակութեան շրջանակում օտարամոլութիւնը դարձաւ ապրելակերպ, մինչեւ իսկ հպարտութիւն, որ առաջին հերթին իր ազդեցութիւնը ունեցաւ անձնանունների ընտրութեան ոլորտում: Ռուսական հնչեղութեամբ անուն-հայրանուններով դիմելաձեւը ոչ միայն յարգելի, այլեւ պարտադիր ու ցանկալի էր: Այդ շրջանին էր, որ մեր անունների ցանկում յայտնուեցին ոչ-զտարիւն, բայց ռուսական հնչեղութեամբ անուններ՝ Նիկիտա, Իգոր, Սվետլանա, Նադեժդա, Իլյա եւ այլն:
Մեր մի բուռ երկրի հայեցի ապրելակերպի դիմագիծը մեծ նահանջ ապրեց բոլշեւիկեան համակարգի հաստատումով, երբ ամէն ինչ Մոսկուան էր որոշում, եւ մեր հայրենակիցները առանց որեւէ պահանջի յօժարակամ նախաձեռնում էին քայլեր մեր աւանդոյթներից հեռու: Այդպէս էր որ մշակոյթի առաջին նախարար Պօղոս Մակինցեանի նախաձեռնութեամբ Մանուկ Աբեղեանը ձեռնարկեց դասական հայերէնի ուղղագրութեան փոփոխութիւնը, որ դարձաւ չարիք:
Վարակիչ օտարամոլութիւնը այնքան ընդունելի եւ համապատասխան էր մեր մոլորուած հանրութեան ճաշակին, որ ռուսական ու օտար անձնանունների ներխուժումը եղաւ անարգել ու գրկաբաց:
Արագ, շատ արագ Աշոտին ու Անուշին փոխարինեցին Արկադին ու Նատաշան, Վիտալին ու Լիանան եւ բազում նման այլ անուններ: Կարելի էր այդ երեւոյթը ընդունել պարզօրէն, առանց վրդովմունքի, միայն թէ այն չմնաց առանց հետեւանքի. փոխեց մեր ազգային լեզուամտածողութիւնը եւ հայկական դպրոցների թիւը նուազեց յօգուտ ռուսականի: 90-ականներին էր, որ մտաւորականութեան առողջ մի մասը երազում եւ փափաքում էր, որ վերջապէս կը ստեղծուի հայկական միջավայր, եւ մեր ձեռքով կ’ունենանք մեր երազանքի «Հայաստան դրախտավայր»ըգգգ աւա՜՜՜ղ: Երեւանի անգլիական համալսարանի հաստատումով՝ արդէն երկու ոտքից կաղ հայերէնը աւելի մեծ նահանջ ապրեց, եւ արդի մայրաքաղաքի դիմագիծը աւելի արեւմտեան է քան հայկական: Արդի պայմաններում ճիշդ հայերէն խօսողները հազուագիւտ են, ոչ միայն փողոցում կամ ընկերական շրջապատում, այլ նաեւ պաշտօնական ելոյթների ընթացքին, մինչեւ իսկ TV-ի հաղորդավարների եւ հրաւիրուած անձանց կողմից եւ … Ազգային ժողովում:
Տեսնելով մեր երկու նախագահների եւ նրանց կանանց անձնանունները՝ Ռոբերտ, Բելլա եւ Սերժ ու Ռիտա՝ չմոռանանք Արցախի Արկադին ու Վիտալին, որոնց կարելի է կցել ոչ միայն մեր ԱԺ?ի պատգամաւորների, այլ նաեւ ամէնուր տիրող Արթուր, Արտյոմ անձնանունով անձանց քանակը (որ դարձել է ազգային վարակ): Հետաքրքրութիւնից դրդուած փորձեցի համեմատական կարգով ստուգել, թէ ի՛նչ է մեր դրացիների մէջ վիճակը այդ ոլորտում: Ի զարմանս՝ վրաց եւ ազերի պատգամաւորների ցանկում ոչ մէկ օտարազգի անձնանուն տեսայ: Վրացի նախագահի անձնանունն է Սալոմէ, վարչապետինը՝ Իրակլի՝ զուտ վրացական ծագումով: Ազերի Հայտար Ալիեւին յաջորդեց որդին Իլհամը, կնոջ Մեհրիպանի հետ բոլորը սելճուք-թաթարական ծագումի:
Սխալ չէ ենթադրել, որ օտար անձնանունով մէկը անչափահաս տարիքից կամայ թէ ակամայ զգում է օտարութեան դրոշմը իր անձի եւ էութեան վրայ, որից ազատուելու հնար չունի:
Թերեւս ինչ-որ մի բան պակաս է մեր ազգային գիտակցութեան եւ ինքնաճանաչումի բնագաւառում: Ժամանակին մտաւորականներից ոմանք բազմիցս անդրադարձել են այդ խնդրին, որոնցից կարելի է յիշել ամենայն հայոց Թումանեանին, Շիրազին, իր «Մարդկանց անունները» պոեմի պատգամով՝ «Քանզի ամէն ազգի անուն՝ իր տարազն է, իր իսկ լեզուն», իսկ Հրաչեայ Աճառեանը, խնդիրը առաւել կարեւոր համարելով, հայ անձնանունների հինգ հատորանոց ծագումնաբանութեան բառարան է կազմել, ուր տեղ են գտել դարերից ի վեր գոյութիւն ունեցող բոլոր անունները: Կը լինի՞ արդեօք վերադարձ:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Սեն Ռաֆայէլ