Ժամանակ առ ժամանակ, երբ անդրադառնում ես արած-չարածներիդ, ինքդ քեզ հաշիւ տալիս ապրածդ տարիների ձեռքբերումների եւ կորուստների վրայ, բնականաբար, պաստառի վրայ սահող տեսապատկերների նման անցնում են դէպքեր, դէմքեր, որոնցով յագեցած այդ տեսաժապաւէնը բովանդակում է մի ողջ` արդէն անցեալ դարձած իրական մի կեանք:
Շուրջ 13 տարի Լիբանանի Համազգայինի Շրջանային վարչութեան հրաւէրով, սկզբում իբրեւ «Գուսան» երգչախմբի, այնուհետեւ նրա կողքին նոր ստեղծած երաժշտական խմբերի («Հայաստան» նուագախումբ, Ջութակահարների անսամբլ, «Մադրիգալ» հնագոյն երաժշտութեան համոյթ) գեղարուեստական ղեկավար եւ խմբավար, իսկ արդէն մի քանի տարի անց` նաեւ Բարսեղ Կանաչեան երաժշտանոցի տնօրէն պաշտօնավարելու ընթացքում, տասնեակ, հարիւրաւոր մարդկանց հետ ունեցած գործակցութեան մէջ տեղաւորուեցին սիրելի եւ հարազատ մարդկանց դէմքեր: Եւ դրանց մէջ առաջին հերթին մեր մատղաշ, սիրունատես սաները, իրենց խելացի եւ հետաքրքրասէր աչուկներով…
Նրանց մէջ արդէն այսօր լայնօրէն ճանաչուած, սիրուած, իր գործին անսահման նուիրումով փարված կիթառահար Մկրտիչ Միքայէլեանը` ՄԿՕՆ: Իր կիթառից մշտապէս անբաժան Մկօն: Այդպիսին էր, երբ տակաւին դպրոցի սան էր, այդպսիսն էր, երբ իրեն վստահեցինք ուսուցչի պաշտօն, այդպիսին է նա մինչ օրս:
Մկրտիչ Միքայէլեանին, որի հետ միասին զուգանուագներով հանդէս ենք եկել շատ անգամներ, մեր ծանօթութեան սկզբից եւեթ ընդունել եմ իբրեւ բացառիկ արուեստագէտ: Երաժշտութեան եւ մանաւանդ կիթառի հանդէպ իր ուեցած սէրը եւ նուիրումը, հետեւողական ջանքերն ու աշխատասիրութիւնը, հետաքրքրասիրութիւնը նորի հանդէպ, գիտելիքներն ու փորձը հարստացնելու նրա անյագ փափաքը իրեն դարձնում էին առանձնայատուկ շատերի մէջ` խոստանալով փայլուն ապագայ…
Արուեստագէտի նրա ներուժը (էներգիան) չէր կարող բաւարարուել, առաւել եւս սահմանափակուել միայն կատարողական-մեկնաբանական արուեստով: Դեռեւս ժամանակին, ինձ յաճախ դիմում էր այս կամ այն իր նախընտրած ստեղծագործութիւնը կիթառի համար փոխադրելու խնդրանքով, որին բնականաբար սիրով եւ ուրախութեամբ փորձում էի օգտակար լինել:
Իր սէրն ու նուիրուածութիւնը տարիների ընթացքում ոչ միայն չթուլացան (ինչպէս դա պատահել է շատերի մօտ), այլեւ ընդհակառակը` գնալով ուժգնացել եւ ծաւալուել են: Պատահական չէր ինձ համար, երբ անցեալ ամառ նա հայ կիթառահարների մէջ առաջինը հանդիսացաւ միջազգային բարձր ու պատուաւոր մրցահարթակում, հարիւրաւորների մէջ արժանանալով ՈՍԿԷ ՄԵՏԱԼԻ: Մեզ, հայերիս համար Մկրտիչ Միքայէլեանը հանդիսացաւ առաջին Ոսկէ մետալակիր կիթառահարը` հարստացնելով հայ երաժշտական կատարողական արուեստը նոր բնագաւառով:
Եւ այսօր կրկին ու կրկին աչքիս առջեւ են գալիս այն հարազատ պատկերները, երբ ամէն անգամ Պուրճ Համուտի ԼԵՒՈՆ ՇԱՆԹ մշակութային կեդրոն մտնելիս աստիճանների վրայ, իր գլուխը մի խումբ երեխաներ հաւաքած փոքրիկ Մկոյին կիթարը ձեռքին:
Ուրախութեամբ եւ յուզմունքով եմ ընդունում նրա ամէն մի նոր յաջողութիւնը, պարգեւատրումն ու արժանի գնահատումները: Ուրախութեամբ եւ յուզումով եմ ծանօթանում բոլոր մեր այն սաների յաջողութիւններին եւ ձեռքբերումներին, որոնք այսօր գտնուելով աշխարհի չորս ծէգերում իրենք են իրենց կարգին նոր սերունդներին առաջնորդում դէպի երաժշտութեան կախարդական աշխարհը:
ՓՐՈՖԵՍՈՐ ԵՐՈՒԱՆԴ ԵՐԿԱՆԵԱՆ