… ՙՊատերազմից յետոյ՚-ն խաղաղութիւն ու ժամանակ է… այլոց համար: Չար բախտի կամօք մեր աշխարհում այդ ցանկալի ՙյետոյ՚-ն չի կարողանում թօթափել պատերազմի դիւածին էութիւնը, մեզ համար սահման ու ճամբաբաժան չի դառնում, այլ շարունակում է արհաւիրքով կրնկակոխ հետեւել մեզ… Եւ դրանից էլ մեր կեանքը նմանւում է ականապատ դաշտում յայտնուածի վախուորած քայլքին: Գիտենք, որ մեր անխոհեմ քայլը վերջինը լինելու ահն ունի: Հեռւում նշմարուող փարոսը կրկին սեփական ժողովրդի պատմութեամբ լեցուն յիշողութիւնն էª ներքնատեսութեան կենսահաստատ հզօրութեամբ, հերթական դաժան փորձութիւնըª ապրելով եւ արարելով յաղթահարելու վճռականութեամբ:
Խոհերիս առանցքն առաջին հայեացքից ամենեւին էլ մեր խրթին կեանքիª մէկը միւսին գերազանցող գորդեան հանգոյցներին չաղերսուողª ՙՎախեցած կատուն իմ տան շեմին՚ վերնագրով ժողովածուն է: Բանաստեղծ Նորեկ Գասպարեանի հերթական գիրքն է, բայցեւ առաջինըª 44-օրեայ պատերազմից յետոյ…
Բանաստեղծութեանª աներեւոյթ, բայցեւ իր զգայուն նեարդի սլացքով տեսանելի պատկերի հրաշք գաղտնաբառը, թերեւս, անմեկնելի է ոչ միայն ընթերցողիս, այլեւ բանաստեղծների համար: Ինչով հրաշք չէ, որ ընդամէնը մի քանի տողով բանաստեղծութիւնը կարող է դառնալ ժամանակª կեանքի քաոսովª պատերազմներով, յեղափոխութիւններով, անհատի բեկբեկուն յոյսով ու անգամ չապրուածի քրոնիկոնով:
Եւ այդ ամէնն երեւացնել ոչ թէ անշունչ պատկերաշարով, այլ ապագայի ուրուագիծը շատ մերձ տեսնելու խորհրդով:
– Նորեկ, հիմա բանաստեղծութեան ո՞ր ժամանակն է եւ ո՞ր բանաստեղծութեան ժամանակն է… 44-օրեայ պատերազմը մեր հոգում շատ դռներ եօթնակողպէքով փակեց…
– Անկե՞ղծ£ Չգիտեմ£ Ես խառնել եմ բանաստեղծութեան ժամանակները£ Եւ, թւում է,ոչ մի տեղ չկամ£ Էլի կորցրել եմ այն եզակի մէկին, ում համար գրում էի… նեղուածք է… չեմ տեղաւորւում…
– Մեռնելուց յետոյ ո՞վ է ապրելու…խաչելութեան գաղափարն անընդհատ հետապնդում է Նորեկ Գասպարեանի տողին, ինչու՞:
– Խաչելութիւնը թագադրում է… ո՞վ է ապրելու յետոյ£ Ի հարկէ` Խաչուածը£
– Ով է ումª դարանակալ, պօէտըª բանաստեղծութեանը, թէª հակառակը, եւ ինչպէս է կայանում առերեսումըª ինքնահաշտութեա՞մբ, թէ՞…
– Նա յաճախ խուսափում է ժամադրութիւնից, թէպէտ ես վաղուց արդէն ժամադրութեան սիրահար չեմ£ Եւ ինձ էլ իրաւունք չեմ վերապահում հետապնդել նրան, մեղադրել, համոզել£ Վախենում եմ ձանձրացնել, վախենում եմ կորցնել իմ այդ հարազատին£ Մենք երբեք հրադադարի պայմանագիր չենք ստորագրել£ Գիտէ՞ք ինչու, որովհետեւ, ինչ էլ լինի, մեզանից մէկը մի օր դուրս է գալու խաղաղ գոյակցութեան այդ տարածքից եւ կրկին ամէն ինչ խախտուելու է£
– Գրքում արծարծուող հարցերը մարդկութեանը յուզող յաւերժական թեմաների շարքից ենª արցախեան շեշտադրումով: Ուստի զարմանալի չէ, որ այդ ամէնի իւրատիպ բանաստեղծական յօրինուածքից մեզ շատ ծանօթ դիմագծեր են ուրուագծւում: Ի՞նչն է առաջնորդողը:
– Գուցէª ո՞վ£ Հեքիա՞թ, թէ՞ իրականութիւն£ Որտե՞ղ… Թռչուննե՞րն են պահում երկինքը, թէ՞… պատասխան չկայ£ Իսկ մարդը արժա՞ն է սիրոյ£ Ներելը Տիրոջ մենաշնորհն է… Ապաշխարող չկայ… Հօրս պապն ասում էրª վախենում եմ մեռնեմ, երկիրս պրծնի… Պապս էլ էր վախենում, հայրս էլ, ես… երեւի ես էլ… Թէպէտ հօրս պապի իրականութիւնը թթենին էր, պապիս իրականութիւնըª համայնական տնտեսութիւնը, ասում էրª մարդ իր վաստակածից բացի ուրիշ բան կերաւ, կը մեռնի… Հօրս իրականութիւնը թիւանգն էր… եղբօրս իրականութիւնը` վրձինը, իմը` բառը…
– Վաղը դէպի ո՞ր հորիզոնն է իր հայեացքն ուղղելու Ն. Գասպարեանի ասելիքը:
– Դրա մասին չեմ մտածում եւ մտածելու ցանկութիւն էլ չունեմ, որովհետեւ ամէն ինչ չէ, որ մենք ենք որոշում, յատկապէս արուեստում£ Ուր էլ գնամ, մէկ է, հանդիպելու եմ մարդուն£ Իմ գործը նրա հետ է£ Նա է ինձ սիրողը, լքողը, աւերողը, գնդակահարողը, ինքնասպանութեան մղողը, նաեւª խաչ հանողը… Անցեալից էլ եմ վախենում, աւելի ճիշդª անընդհատ այնտեղ լինելուց£ Եւ միշտ էլ վերադառնում եմ յոգնած, հիասթափուած, անհանդերձ, տարածութիւնից ու ժամանակից դուրս… Իսկ եթէ մի օր էլ չկարողանամ վերադառնա՞լ… Նկատե՞լ ես ինչքան մարդ կայ այնտեղ£ Նրանք էլ վերադառնալուց են վախենում… Ինձ կը հասկանա՞ն, եթէ ասեմ, որ անցեալապաշտութիւնը յօշոտում է մեր ինքնութիւնը… զրկում է մեզ… պարտադրում է հրաժարուել ներկայից… Անցեալը ներկայից առաջ է… խոստովանե՞նք… Մենք աւելի շատ հաւատում ենք մեռելներին… մեր բոլոր հերոսները, իմաստունները, առաջնորդներն ու նուիրեալներն այնտեղ են… Այստեղ մենք անընդհատ մենակ ենք ու… անպաշտպան… Հերոս ունեմ, ասում էª ես այս պատերազմում մենակ էլ գնամ հազարի դէմ, զոհուողը չեմ, ես յաջորդ պատերազմի զոհերից եմ… Ահա մենք եւ մեր իրականութիւնը… Եւ սարը բարձրանալն էլ փրկութիւն չէ…
ՆՈՒԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ