ՙՀայ Ազգային արժէքների պահպանման
գաղափարական հէնքի միակ առանցքը
Հայաստան աշխարհն է՚:
Մենք գուշակելու յատկութիւններից զուրկ ենք, բայց անհնար է չտեսնել, որ մեր երկիրը իր ոգին կորցնելու վտանգից զերծ չէ, եւ դա կարող է պատահել ոչ միայն համաշխարհայնացման (mondialisation), նաւթ չունենալու կամ մեր գլխին փաթաթած անվերջանալի ու յիմար պատերազմի պատճառով, այլ նաեւ ու մասնաւորապէս` մե՛ր ներքին հասարակական եւ տնտեսական աննախընթաց անորոշ յարաբերութիւնների հետեւանքով, որը յամառութեամբ պարտադրւում է պարուրուած իրական կեղծիքներով եւ սուտ գաղափարախօսութիւններով:
Ժամանակն է արտագաղթ-ներգաղթի, ինչպէս նաեւ երկրում տիրող անհամար դժգոհութիւնների խնդիրները քննարկել հետեւողականօրէն, լրջօրէն ու պետական մակարդակով` առանց թաքցնելու իրականութիւնը:
Եթէ մեր իշխանութիւնների նպատակն է տեսնել այսօրուայ դրութիւնը աւելի վատթար վիճակում, ապա բաւական է շարունակել երեւոյթները նոյնութեամբ` քաջալերելով միջակութեանը, հարստացած ու յղփացած ճարպիկ գործարարների կողքին` անտեսելով մտաւորականութեան տնտեսական դժուարութիւնները, որոնց մասնակցութիւնը հասարակական կեանքում կասկածելի է ու անորոշ, գրեթէ աննշմար: Կաղում են մեր մշակոյթն ու կրթութեան համակարգը, անհրաժեշտ բարձրութեան ու պարզ մակարդակի վրայ չի գտնուում հարկային քաղաքականութիւնը, արդարադատութիւնը դեռ թափանցիկ չէ, իսկ ազգային արդիւնաբերութեան ծաւալման մասին բոլորովին խօսք ու ծրագիր չկայ եւ այլն: Մամուլը իր կատարեալ տեղը դեռ չի գտել:
Անհրաժեշտ է, որ դարերով երազած ու արեան գնով ձեռք բերուած մեր պետականութիւնը գտնի իր իսկական տեղն ու նշանակութիւնը` հեռու մնալով անհատի կեդրոնաձիգ գործօնից:
Մեր երկրի կիսալքուած վիճակը կարգաւորելու ճամբաները մեզ տանում են դէպի հզօր տնտեսական պետականութիւն ստեղծելու ուղղութեամբ, երբ իշխանութեան բարձրաստիճան գործիչները հասկանան, ընդունեն եւ որոշեն միախմբել եկամտաբեր բոլոր գործարքները ժողովրդի ձեռքում` կեդրոնացնելով ու ստեղծելով ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ` ստեղծելով ԱԶԳ եւ ՊԵՏՈՒԹԻՒՆ համահունչ կազմով:
Երկրի քաղաքական մթնոլորտը բաւական ապականուած ու լարուած է, ո՛ւր տարբեր լիցքաւորուած խմբաւորումները` յաճախ իրար հակասող եւ միշտ իրարամերժ են:
ՙԿուսակցութիւն՚ յորջորջուող խմբաւորումները գրաւել են երկրի քաղաքական դաշտը, չունեն անկախ ու ինքնուրոյն լինելու մտայնութիւնը, քաղաքական կամքը եւ քաջութիւնը, ինչպէս նաեւ անհրաժեշտ մասնագիտական պատրաստութիւն:
Ամենակարող մարդ մենք չունենք:
Մենք այլեւս իրաւունք չունենք որեւէ տեսակի կորուստների հանդուրժելու:
Փորձենք ներկայացնել մի քանի բնագաւառներ` գիտակցելով, որ այն վերջնական չէ ու հեռու է ամբողջական ու կատարեալ լինելուց.
ա) Հարկային համակարգ
Բոլոր տեսակի սակաւապետերին (օլիկարխներին) զսպելու, սանձելու ու կարգի բերելու նպատակով անհրաժեշտ է, որ որոշեալ գումարի եկամուտ ապահովող ձեռնարկութիւնները պետականացուեն բաժնետիրական սկզբունքներով, որը կ`ապահովի կանոնաւոր եկամուտ երկրի համար, փոխանակ պետութիւնից աւելի հարուստ անձանց խնդրատուն լինելու:
Թափանցիկ մաքսային ծառայութիւններ:
Մաքսային ծառայութիւնների բարձրաստիճան պատասխանատուների վարած ցոփ կեանքը չի լինում նրանց աշխատավարձի շնորհիւ:
Երկրի համար կարեւոր ընդերքային նիւթերի մշակման ու սեփականաշնորհուած ռազմավարական բոլոր ձեռնարկութիւնները պիտի վերադառնան պետութեանը:
բ) Արդարադատութիւն
Այն կատարելապէս անկախ պիտի լինի իշխանութիւններից:
Պատասխանատուները պիտի լինեն ոչ նշանակովի` այլ ընտրովի:
Քաղաքացիների պարտականութիւնները պիտի լինեն յստակ, ինչպէս եւ նրանց անձեռնմխելի իրաւունքները:
գ) Առողջապահութիւն
Ներկայիս երկրի հիւանդանոցների մեծամասնութիւնը գտնւում է անհատների ձեռքին:
Անթոյլատրելի ու անհանդուրժելի է, որ միջին դասակարգի հիւանդները հարստացնեն բուժման կեդրոնների տէրերին:
Բուժման կեդրոնները վերադարձնել պետութեան հսկողութեան ներքոյ:
Ծանր հիւանդութիւնները պիտի խնամուեն ձրի:
Բնագաւառի բոլոր աշխատակիցները պիտի վճարուեն պատուաւոր ու հաստատուած սակագներով:
Միեւնոյն պայմաններով պիտի աշխատեն նաեւ դեղատները:
Միջավայրը մաքրուելու է դեղորայք հայթայթող մասնաւոր տարբեր աճպարար ձեռնարկութիւններից:
Միւս երկրների օրինակով կարելի է ստեղծել բժիշկների միաբանութիւն (ordre), որը թոյլ կը տայ հսկել ընդհանուր ցանցի անխափան գործունէութիւնը եւ արհեստավարժ ճանապարհով ներմուծել համաշխարհային գիտական յառաջընթացը:
Կարելի է նաեւ թոյլ տալ, որ մասնագիտացած բժիշկները ունենան իրենց մասնաւոր գործատեղը, ուր որեւէ անձ կարող է ունենալ բուժական խորհուրդ (consultation) նախարարութեան կողմից որոշուած սակագներով:
դ) Կրթութիւն
Այն մեր յաջորդ սերունդին ձեւ ու բովանդակութիւն տուող մարմինն է, ու նրա ղեկավարը պիտի լինի մանկավարժական փորձառութեամբ մէկը, որի թիւ մէկ հոգսը լինելու է մայրենի լեզուի կատարեալ տիրապետումը, անշուշտ զանց չառնելով միւս գիտելիքները:
Դպրոցները որ վկայականներ են տալիս եւ ո՛չ գիտութիւն, անհրաժեշտ է, որ վերանան ասպարէզից:
Մանկավարժների աշխատավարձը արժանապատուութեան խնդիր է:
Մեր երկրի բնակչութեան զգալի մասը գռեհիկ է ու կիսագրագէտ: Անկասկած, դա տիրող ուսումնական համակարգի տհասութեան հետեւանքն է:
Պէտք չէ մոռացութեան մատնել դասական ուղղագրութեան վերադառնալու հարցը եւ ազգի երկու հատուածները իրար համահունչ կցելու համար ստեղծել նոր միասնական հայերէն:
Մեր համալսարանները, ուր երիտասարդ ներուժի հսկայական պաշարներ կան, պէտք է վերածել հետազօտութիւնների ու գիտական նորարարութիւնների ստեղծագործ կեդրոնների:
ե) Մշակոյթ
Այս բնագաւառում եւս անելիքները անհամար են, բացակայ է ազգային մտածելակերպը: Պատահական մարդիկ տեղ պիտի չունենան այս բնագաւառում:
Անթոյլատրելի է ներկայիս գրաւոր մամուլը իր անորակ լեզուական օտարամոլութեամբ ու հայհոյանքների առատութեամբ:
Հեռատեսիլը ու ձայնասփիւռը (ռատիոն) ամբողջութեամբ պիտի վերաստեղծուեն: ՙԱ՚յա խօսութիւնը հաստատուած է:
Ցուցանակների բազմազան ու բազմաբովանդակ արուեստը` վաղուց անցել է անհեթեթութիւնների ռուբիկոնը:
զ) Արդիւնաբերութիւն եւ աշխատանքի իրաւունք
Ներկայիս այն գրեթէ անգոյ է: Նախկին արտադրական միաւորները դարձել են ինչ որ անհատների սեփականութիւն` վերածուելով անգործածելի խոպանի:
Անհրաժեշտ է զարկ տալ զարգացնելու փոքր ու միջին արտադրամասերը:
Թուրքիայից ներմուծուող ապրանքների զգալի մասը հնարաւոր է արտադրել մեր միջոցներով:
Փոխանակ եղած հնարաւորութիւնները ներդրելու հիւրանոցային ու ճաշարան-սրճարանային ոլորտում, որոնց թիւը պահանջից աւելի է, նախընտրելի է ստեղծել արհեստանոցներ, որ միաժամանակ կը լուծի նաեւ անգործութեան խնդիրը` ոսկերչութեան ու ադամանդագործութեան օրինակով:
է) Գիւղատնտեսութիւն
Կարելի է ստեղծել համագործակցական (կոոպերատիվ) տնտեսութիւններ, որը թոյլ կը տայ աւելի արդիւնաւէտ դիմակայել բնական արհաւիրքներին:
Ջրբաշխումը կատարւում է անհատներին պատկանող միաւորումների միջոցով, նախընտրւում է եղած ջրերը ուղարկել դէպի հարեւան թշնամի երկիր քան տալ հարազատ գիւղացուն:
Ջրային տնտեսութիւնը ազգային հարստութիւն է, այս միջավայրում սեփականատէրը պիտի լինի գիւղացին:
Անհրաժեշտ է բազմացնել փոքր ջրամբարների ցանցը, որ միաժամանակ կը սնի ներկայիս վտանգի տակ եղած ստորգետնեայ ջրային պաշարները:
ը) Շինարարութիւն
Երբեւէ շինարարութիւնը ներկայիս քաոսային վիճակում չի եղել:
Երկու տասնամեակ ի վեր կառուցում են որակով, բայց տարերային սկզբունքներով: Պէտք է բանադրել այս աշխատաձեւը:
Անօրինական շինութիւնները պիտի քանդուեն ու տարածքները վերադարձուեն համայնքներին, իսկ թոյլատրողները պիտի պատժուեն օրէնքի խստութեամբ:
թ) Պաշտպանութիւն
Հպարտանալու տեղ ունէր մեր յաղթական բանակը: Փառք ու պատիւ նրա հերոսներին ու անդորր մշտնջենական մեր անմեղ զոհերին եւ բանակում եղած անբացատրելի զոհերի երեւոյթը պէտք բացայայտել 44-օրեայ դժոխքը լրջօրէն քննարկուելու է սխալներից զերծ մնալու համար:
ժ) Հաղորդակցութիւն
Ճանապարհաշինարարութեան բնագաւառում զգալի է միջազգային մակարդակի փորձագէտների կատարեալ բացակայութիւնը:
Եղած ներդրումները աւելի սիրողական են իրենց որակով, քան արհեստավարժ, որտեղից յաճախակի վթարների զոհերը բազում են:
Վերջին տարիների նորակառոյց ճանապարհները պիտի վերանայուեն միջազգային նորմերին համապատասխան: Անվտանգութեան անհրաժեշտ միջոցները բացակայ են:
ժա) Ընտրական համակարգ
Աշխարհի բոլոր երկրների նման, մեզ մօտ եւս այս բնագաւառը առաւել խոցելիներից է, ինչպէս այլուր մեզ մօտ, մեռելներն ու բացակաները քուէարկում են:
Ընտրողների անուանացանկերը պիտի ամէնուրեք ազդագրուեն:
Որեւէ ջանք պիտի չխնայել` բանադրելու համար քուէ ծախող ընտրողներին:
ժբ) Վերահսկիչ սահմանադրական խորհրդաժողով
Այս մարմինը պիտի ստեղծուի իշխանութիւնների շրջանակներից դուրս եւ կատարելապէս անկախ: Այն պիտի բաղկանայ մէկ տասնեակի չափ անձերից, որոնք լինեն իրաւաբանական ու օրէնքներին լաւատեղեակ` առանց որեւէ կուսակցութեան պատկանող մասնագէտներ:
ժգ) Մամուլ
Հսկայական է մամուլի դերը ներկայ քաղաքական ու հասարակական կեանքում: Նրա ուժն ու ազդեցութիւնը կարեւոր է տնտեսական, բարոյական, մշակութային, առօրեայ կեանքի բոլոր բնագաւառներում: Իրաւ է, որ մամուլը իր անքակտելի տեղն ունի ամէնուրեք, միայն թէ նրա անկախութիւնն ու ճշմարտախօսութիւնը միշտ չէ, որ ապաովուած է: Անկախ, անշահախնդիր, գրագէտ ու պարտաճանաչութիւններին գիտակից մամուլը մեծ նուէր է իւրաքանչիւր երկրի համար: ՙԱրմենփրես՚-ի վերակառուցման եւ կարգի հրաւիրելու կարիք կայ հայերէնի տեսակով:
ժդ) Պետութիւն-եկեղեցի (կրօն)
Աւելորդ չէ յիշել պետութիւն-եկեղեցի կապի ու յարաբերութիւնների ներկայ եւ հետագայ կարգավիճակը: Ժողովրդավար բոլոր երկրները եկեղեցին` կրօնը, անջատել են հանրապետութիւնից, ոչ թէ ատելութեան սկզբունքից ելնելով, այլ որ նրանք տարբեր բնագաւառներ են ու պիտի գործեն իրարից անկախ:
Երկրում աչքի է զարնում եկեղեցաշինութեան մի նոր հոսանք: Ամէնուր աւելի մեծ ու գեղեցիկ են կառուցւում նրանք, միայն թէ տեղին է հարց տալ նրանց անհրաժեշտութեան մասին, երբ կենսական այլ խնդիրներ լուծման են սպասում:
Այսուհանդերձ, ճիշդ կը լինի այս խնդիրները դարձնել ժողովրդական քննարկումների նիւթ, առաւել ձեւով որոշելու եկեղեցւոյ դերը եւ նրա մասնակցութիւնը հարցերի ու պահանջների շուրջը: Բոլոր պայմաններում քաղաքականութեան ու կրօնի իրարից անջատումը դրական երեւոյթ է` թողնելով իւրաքանչիւրին իր ոլորտում: Տեղին է նաեւ չմոռանալ աղանդ կոչեցեալներին: Երկար դարերի ընթացքին հայ առաքելական եկեղեցին է, որ իր հոգեւոր պարտականութիւններին համընթաց յանձն էր առել նաեւ` քաղաքացիական ոլորտը: Այսօր այլ են մարտահրաւէրները եւ խնդրոյ հանրային քննարկումը կարող է որոշակի եզրայանգման բերել, օգտուելով այլ երկրների փորձառութիւններից:
Վերոնշեալ մասնաճիւղերից բացի, կան նոյնքան կարեւոր միւս բնագաւառները (Ամավարկ (պիւտճէ), Սփիւռք, Արտաքին, Ելեւմտական (ֆինանս գործեր), Անվտանգութիւն-ոստիկանութիւն դիւանագիտութիւն եւ այլն) որոնք եւս պիտի քննարկուեն ու ներկայացուեն մասնագէտ եւ բնագաւառին մօտ կանգնած անձանց կողմից: Այս միջոցով կարելի պիտի լինի կազմել ապագայ տարիների զարգացման ծրագրերը:
Ի վերջոյ նշենք նաեւ, որ ներկայ գրութիւնը որեւէ ծրագրի մօտենալու յաակնութիւնը չունի:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Սեն Ռաֆայէլ