Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Ալիսիա Կիրակոսեանի Գրականութիւնը

Գրիշ Դաւթեան

July 16, 2026
in Յօդուածներ
0
Ալիսիա Կիրակոսեանի Գրականութիւնը

Սպանահունչ այն հռչակուած բանաստեղծուհին է, որ գրաւած լինելով իսպանախօս ժողովուրդների սիրտը, եւ արժանացած լինելով բազմաթիւ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, ապա արդէն հեղինակաբար հնչում է հայաղօղանջ։ Նրա բանաստեղծութիւնները սպաներէն, ապա անգլերէն, նաեւ ստեղծագործուեցին հայերէնով։ Դա մեծ տեղաշարժ էր հեղինակի ու հայ ընթերցողի փոխյարաբերութեան մէջ, ըստ որում դա սկսեց տեղի ունենալ թարգմանչի չմիջնորդուածութեամբ, այլ ուղղակի, հեղինակային հայերէնով, որպէս ստեղծագործութիւն։ Թէ տուեալ ստեղծագործութիւնը իր նախնական մտապատկերային եւ բառամտածողությեան վիճակում ի՞նչ լեզուով է իր սաղմնային գոյառույթը ստացել, հետաքրքրական չէ․ դրա բացայայտումը այլեւս կը լինի փսփսուքային մանրուք։ Բուն խնդիրը՝ ստեղծագործութիւնն է։ Ալիսիա Կիրակոսեանը հեղինակային անհատականութեամբ պատկանում է արժանթինեան, ամերիկեան եւ հայկական եռամշակոյթներին։

Քսաներորդ դարի եօթանասունական թուականներից սպանական աշխարհատարած ծաւալում արդէն հանրայայտ ճանաչում նուաճած, նա ներխուժեց հայոց բանաստեղծութեան գեղաշխարհը, Հայաստանից՝ Սփիւռք, հայաստանցի չլինելով հանդերձ․ հիմնականում, հայրենի բանաստեղծ Վահագն Դաւթեանի վարպետ թարգմանութեամբ։ Մի շարք ակնառու տուեալներով Ալիսիա Կիրակոսեանը ընթացիկ հայ գրականութեան մէջ վաստակել է իր արժանաւոր ու անզիջելի բարձը։ Նրա սպաներէն բանաստեղծութիւնների մի գրքի շապիկը նկարազարդել է աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Փապլօ Փիքասօն։

Ա․ Կիրակոսեանը բանաստեղծական խոհաշխարհով ըմբռնում է կեանքը տիեզերական զանգուածեղութեամբ, ուր խորանում է իր մարդկային սահմանափակ փորձառոյթների պարոյկով, հարցախուզութեամբ, բողոքներով, խոստովանութիւններով, աղօթքների ու աղերսանքների մրմունջներով, վախերի ու ցաւերի կտտանքներով, երազների ու բաղձանքների մաղթանքներով, յարատեւ ամրացող հավատքով․ միաժամանակ, քննարկումների ու վերլուծութիւնների մարգարտաշարով։ Բանաստեղծական մենախօսութեան մի խոհամարտ, կեանքի ընդմիջից մինչեւ աստուածային ամենաբովանդակութիւնը․․․ նուաճելու ստեղծագործողի հասունութիւն, շահելու ընթերցողին, որպէս հեղինակային հուսկ նպատակ։ Նա իր բանաստեղծական մտածողութեամբ աւելի արագ է սուրում, քան ժամանակը, որ քարշ է գալիս հետքից, ոտքերին կառչած։ Նրա բանաստեղծական մտորումը թեւեր ունի, թռչում է։ Իմաստային ու առնչական իմաստով նա գերտարածական բանաստեղծութեան է հասել բազմագոյ էութիւնների ներսեփականումով։ Նախ զգում, մտապատկերում է․ ապա բառակերտում է, որպէս ստեղծագործութիւն, որպէս երկ ու բանաստեղծութիւն, որպէս կեանքի ալիսիական արտացոլում մանրահամատիեզերական երկարութեամբ, լայնութեամբ ու

խորութեամբ, բովանդակութեամբ․․․ Նա բազմաէակ անհատականութիւն ունի․ ներհայեցողութեամբ արդէն դառնում է երկու էակ․ մէկը՝ որ նայում, զննում է իր ներաշխարհը, որպէս մի գոյ էակ․ միւսը, որ ներաշխարհն է, որպէս մի առանձին գոյ էակ։ Այդ երկու էակների մասին մտորելը, զգալը, նա կատարում է տակաւին մի երրորդ, անկախ էակի միջոցով, որի հետ հարցազրոյցի, կամ քննախուզութեան է մտնում եւս մի այլ գոյ էութեան միջոցով։ Այդպիսով է նա մէկ կեանքին պարգեւում բազմակի գոյութիւն։ Ի հարկէ, կարծեցեալ։ Այդ բազմակի գոյութիւնների փոխյարաբերութիւններով նա հասնում է գերտարածականութեան։ Այդպիսով է ծնւում նրա գերտարածական բանաստեղծութիւնը, ինքնալրումի փուլեր բոլորելով։ Նրա ստեղծագործութիւնների գեղարուեստական, մտապատկերային համակարգը իւրայատուկ է։ Գերտարածական համեմատութիւններով ու բնորոշումներով կարելի է նրան հոգեհարազատ համարել Նարեկացու հետ, ընթացիկ արդիականութեամբ։ Որպէս ստեղծագործող նախ ընկալում է իր տեսածը աշխարհը, կուտակում է իր մէջ, ապա ներհայեցողութեամբ արտացոլում է բանաստեղծութեամբ, որ հաւատացած է՝ կեանքի նկարկենն է, կենդանագիրը։ Այլեւ խորքով ու իմաստային գերտարածութեամբ է ընկալում բառը, դրա կարեւորութիւնը հաղորդակցուելու ընդկեանքի, կեանքի ու գերկեանքի հետ։ Տարածութիւնների ենթակայական բաշխումներ։ Հաւատում է հոգու անմահութեանը, վերմարդեղութեանը՝ Շամիրամից մինչեւ Գլէոփաթրա․․․ մինչեւ Ալիսիա Կիրակոսեան։

Նա հմայուած է մայրութեան աշխարհով․ նրա մայրերգութիւնը պարզ ձօն չէ մայրութեան, այլ նաեւ մօր կողմից՝ վասն զաւակի սիրոյ ու նուիրուածութեան, զաւակի մայրստեղծութեան հրաշքի փառերգութիւն է, իւրովի մտապատկերած, երեւոյթի ընկալման գիւտված նորութեամբ։

Իւրովսանն սփիւռահայի անհատականութեամբ է վերաբերւում մեր ազգային ու հայրենական սրբութիւններին, որոնց հետ հարազատ է ու մերձ դարերի վաղեմիութեամբ․ օրհներգում է արդի ու ընթացիկ վերահանդիպումը, նախկին, վաղնջական հարազատի ջերմութեամբ, գերտարածական վերմարդեղութեամբ։

Իւրաքանչիւր խորագրի տակ նրա բանաստեղծութիւնները յաճախ չեն հասնում մի գերագոյն աւարտի, այլ մի տեսակ մերւում են անվերջանալիույեան, անսահմանույեան հետ, աստղունքով ընդմիջուած, որ երգուած նիւթի գերտարածումն են բնորոշում։ Նրա բանաստեղծութիւնը յագեցած է մի խորհրդաւոր ներշնչումով, եւ դիպչում է ընթերցողի այնպիսի զգացումներին, որ համարւում են սրտի գաղտնարանում պահուած ներանձնական ծաւալ։

Նա ժամանակին ըստ արժանւոյն ներկայացուել եւ ընդունուել է, որպէս Նոպէլեան մրցանակի թեկնածու։ Եթէ պատահի, որ արդարութիւնը եւ ճշմարտութիւնը համընկնեն այս տարի, ուրեմն պէտք է հաւատալ նոպէլեան տուչութեան արդար ու ճշմարիտ յատկութեանը, ու մերժել որեւէ քաղաքադիւանագիտական նկատառումների ներգործութիւն, որ հայոց դէպքում չգոյ է։

Լոս Անճելեսում, կեանքի 78-րդ տարում, մահացաւ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանը․ նա ծնուել էր 1936 Յուլիսի 13-ին, Արժանթինի Քորտոպա քաղաքում: Ալիսիա Կիրակոսեանը  գրել է սպաներէն, իտալերէն, յետոյ նաեւ` հայերէն եւ անգլերէն: Նա ծնուել է վանեցի Գուրգէն Կիրակոսեանի ընտանիքում: Սովորել է Պուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրաւաբանական բաժանմունքում, 10 տարի խաղացել է արժանթինեան թատրոնում, որպէս դերասանուհի: ԱՄՆ-ում բնակւում էր 1971-ից: ԱՄՆ-ի սպանախօս գրողների միութեան պատուաւոր նախագահն էր: Կիրակոսեանի բանաստեղծութեան թեմատիկ առանցքն են կազմում սէրը, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը:

Սպաներէն եւ իտալերէն ժողովածուներն են` «Մէկ օր, հինգ ձայն» 1966 թ, «Էութիւն եւ կէտադրութիւն» 1967 թ, «Փետրօ Ամօր» 1969 թ, «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մէջ» 1970 թ, «Հայաստանեան ապրումներ» 1970 թ, «Երկունքի ոլորտ» 1972 թ, «Հակաշխարհ» 1972 թ, «Մոխիրներից յետոյ» եւ «Նամակ առ Հայաստան» 1972 թ, «Մայրութեան քերթուածներ» 1989 թ:

Նրա «Փետրօ Ամօր» կտորը ներկայացուել է Պուենոս Այրեսի «Փայրօ» թատրոնում: Հայերէն լոյս են տեսել նրա «Արմատ եւ էութիւն» 1967 թ, «Նամակ առ Հայաստան» 1979 թ, «Խորան I» 1992 թ, «Խորան II» 1992 թ, «Ամբողջական երկեր» 2005 թ. «Հարցազրոյց Աստծու հետ», «Սիրոյ մէկուկէս հազարամեակ» գրքերը: Եռալեզու հրատարակուել է «Բանաստեղծութիւն եւ գերտարածութիւն» 1994 թ, «Խաղաղութիւն քուանտային» 2005 թ, անգլերէն` «Սէր եւ մայրութիւն բառերից այն կողմ» 1992 թ, «Մտորում բառից այն կողմ» 1992 թ, «Արմատ բառից այն կողմ» 1992 թ, «Բեմ` երկնքի համար» 1992 թ գրքերը:

Կիրակոսեանը գերտարածական կոչուող բանաստեղծական շարժման հիմնադիրն է․ տեսութիւնը հրապարակել է սպաներէն, հայերէն եւ անգլերէն 1992 թ: Նրա բանաստեղծութիւնը բնորոշւում է անհատի ներաշխարհի պատկերներով, արդիական լեզուամտածողութեամբ, բանաստեղծական վերաիմաստաւորումների ինքնատիպութեամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանեան պատմական իրադարձութիւններին: Սպաներէնի է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: Բազմիցս այցելել է Հայաստան:

Պարգեւատրուել է Խաչատուր Աբովեանի անուան մրցանակով: ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտոր է ընտրուել 2007 թ: Դուստրը` Լարան ծնուած 1973 թ, անգլիագիր բանաստեղծուհի է:

Share61Tweet38
Previous Post

Խմբագրատունէն Դէպի Անհատական Հարթակ․ Հանրային Խօսոյթի Նոր Ուղիներ

Next Post

Մեծարենց Եւ Պրէտպըրի Երկու Հոգեղբայր

Next Post
Մեծարենց Եւ Պրէտպըրի  Երկու Հոգեղբայր

Մեծարենց Եւ Պրէտպըրի Երկու Հոգեղբայր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.