Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Հիպնոտիկ Արուեստի Քրմապետը

Մարիաննա Գէորգեան

June 18, 2026
in Մշակութային
0
Հիպնոտիկ Արուեստի Քրմապետը

«Մի քիչ սիրով նայէք նկարներին, եւ նրանք կը խօսեն ձեզ հետ»

Հրանտ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

ՀՀ ժողովրդական նկարիչ

 

Թաթոսը ժողովրդի նկարիչն է։ Նա ամուր կառչած հայոց սրբազան հողին, իր կախարդական վրձինով կերտում է ազգային ու համամարդկային արժէքներ։

Արուեստագէտն իր գոյներով՝ սիրոյ մեծ մոլորակ է, որտեղ թեւածում է արեգակնային լոյսն ու ջերմութիւնը։ Եւ իր արարած կտաւներից մարդկութիւնը սնուցւում է արուեստի կենսատու ուժականութեամբ:

1938 թուականի Ապրիլի 20-ին, Շիրակ աշխարհում տիեզերական գոյների հողմապտոյտ էր։ Այդ օրն է ծնուել Հրանտ Յովհաննէսի Թադեւոսեանը։ Այսօր մեծն Վարպետը 88 տարեկան է։ Ճաշակելով կեանքի դառն ու դաժան ճշմարտութիւնները, նա, սակայն, երբեք չի չարացել։ Սրտում անսահման սէրն է, հոգում ՝ բոցավառուող լոյսը, ի կեանք։ Այս ամէնը երեւակուած է նկարչի վրձինից ծնուած անզուգական կտաւներում։ Ամէն մի կտաւ իւրայատուկ ներուժ ունի, շունչ ու սրտի թրթիռ ունի, կեանք ու իմաստ ունի։ Սիրոյ, լոյսի ու բարութեան առաքեալն է Վարպետն իր արուեստով։ Հրանտ Թաթոս արուեստագէտի կեանքի ուղին հեշտ չի եղել։ Իր աշխատասիրութեան ու բարձրեալի կողմից տրուած տաղանդի շնորհիւ, նա տարիների բովում թրծուել ու կայացել է որպէս հայ գեղարուեստի քրմապետ։ Անուանի գեղանկարիչը ստեղծագործում է բազմաժանր։ Նրա վրձինը կերտել ու կերտում է նատիւրմորտներ, դիմանկարներ, վերացական յօրինուածքներ, բնապատկերներ։

Երեւելի արուեստագէտը շրջանաւարտն է Խաչատուր Աբովեանի անուան ՀՊՄՀ գեղագիտութեան բաժանմունքի։ Նա երկար տարիներ մանկավարժական անխոնջ գործունէութիւն է ծաւալում՝ դասաւանդելով ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանում։ Փրոֆեսորը, կրթելով սերունդներ, իր փորձն ու գիտելիքներն անվերապահօրէն ու անմնացորդ փոխանցում է ուսանողներին։

Երփնանկարչի ոճն ու ձեռագիրն աննման է, տարբերուող ու շէնշող։ Նա ունի գոյնի եւ պատկերի նրբաճաշակ, էսթետիկ ընկալում, մկրտուած է բացառիկ լոյսով։ Վարպետին յատուկ է գեղարուեստափիլիսոփայական խորը, ինքնատիպ մտածողութիւն, գոյների համահաւաք, ներդաշնակ տարածութիւն։ Հրանտ Թաթոսին տրուած է մարդկային շնորհներից ազնուագոյնը՝ ստեղծագործելու, արարելու շնորհը։ Նա իր անսպառ ներուժով այն հասցրել է կատարելութեան, խոնարհութեամբ ծառայել ի նպաստ հայրենիքին ու իր ժողովրդին։ Վերջին տասնամեակներում հայ մշակոյթի երկնակամարում Հրանտ Թաթոսի անունը փայլատակում է վառ լոյսով՝ ջերմացնելով հայրենակիցների ու արուեստի երկրպագուների սրտերը։

Գեղանկարչի անհատական ցուցահանդէսները փայլուն կերպով կայացել են Հայաստանի, Արժանթինի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Զուիցերիայի մի շարք քաղաքներում։ Աշխարհի տարբեր երկրների մասնաւոր հաւաքածուներում սփռուած վարպետի կտաւները պատմում են ու խորհրդանշում հային։ Որտեղ կայ գոյների մայեսթրոյի վրձնահարուածը, այնտեղ տիրում է գերբնական խաղաղութիւն, սէր, լոյսով լցուած ջերմ մթնոլորտ։

Վեց հազարից աւելի կտաւների շարքում մի առանձնայատուկ նշանակութիւն ունեն հայկական ու համաշխարհային կոթողները, քրիստոնէական տաճարները, սրբավայրերը, միջնադարեան հոգեւորկրթական համալիրները, որոնք նա յաւերժացրել է իր մոգական վրձնով։ Սրանք պատմական Հայաստանի, հայ ազգի անդուլ հաւատի, կրօնի խօսուն ու լուռ վկաներն են։ Յատկանշական են Անիի սուրբ Աստուածածին կաթողիկէ եկեղեցին, որը դասւում է հայ ու համաշխարհային ճարտարապետական նմուշի շարքին, Օձունի սուրբ Աստուածածին գմբէթաւոր բազիլիկ եկեղեցին, որը վաղ միջնադարեան եզակի կառոյցներից է՝ յաւերժացած Վարպետի կտաւներում։ Նաեւ սուրբ Կարապետ վանական համալիրն իր զօրութեամբ։ Մռաւ սարի լանջին բազմած պատմական Արցախի Դադիվանք վանական համալիրը։ Դրանք նա պատկերել է իր վրձնի գոյներով, յատուկ վեհութեամբ ու անսահման հաւատով։ Արագած լեռան լանջին՝ Ամբերդ ամրոցի տարածքում, թադեւոսեանական վառ գունապնակով արարուել է «Առաւօտ լուսոյ» կտաւը՝ վեհաշուք սուրբ Աստուածածինը։ Անձեռակերտ կտաւ է «Խոնարհուած եկեղեցին»՝ արարուած վարպետի հոգու ամենանուրբ գոյներով, ճշմարիտ հաւատքի նուիրական ծաղկունքով։ Ծաղկած եկեղեցիների շարքը անվերջանալի է, քանզի վարպետն ստեղծագործում է ամէն օր, ամէն ժամ։

Հայրենի բնաշխարհն իր վրձնով յաւերժացրած գեղանկարիչը հայ մշակոյթի գանձարանը հարստացրել է արուեստի արժէքաւոր գոհարներով։ Վարպետի իւրաքանչիւր բնապատկերում Հայաստան աշխարհի արբեցնող բոյրն է։

Վարպետի կախարդական վրձնահարուածից արթնացած խաշխաշները, հիւսելով քնքուշ մեղեդի, սփռում են գունեղ տեսիլքներ։ Հիպնոտիկ ազդեցութեամբ գերում ու բժշկում հոգիներ։

Հայ գեղանկարչութեան մէջ եզակի նմուշ կարող ենք համարել Հրանտ Թաթոսի սպիտակ ցուլը՝ «Դադար»։ Գլխաւոր մեղեդին կանգ առած ակնթարթն է։ Երբ երաժշտութիւնը դադարել է, բայց օդում սաւառնում են հնչիւնները։ Կտաւում մենակատարը ճերմակ ցուլն է՝ յստակ, մաքուր, առինքնող։ Սա երաժշտա-խոհափիլիսոփայական առասպելական կտաւ է, որտեղ խորհուրդը սպասողական լռութիւնն է։ Արուեստագէտի մտահորիզոնը հատելով ժամանակի սահմանը, փիլիսոփայօրէն իմաստաւորած ընտրել է իր հոգուն ներդաշնակ գունաֆոն։ Ճերմակ ցուլն իր հետեւում թողնում է մութն ու խաւարը՝ մուգ դարչնագոյնից անցնելով կարմիրով, ուղենիշը՝ դէպի արեւի ոսկեդեղինը։ Խորհրդաւոր այս կենդանուց լոյս է ցոլում։ Պերճաշուք կեցուածքով ցուլը, հզօր, բայց հանգիստ, հաստատուն ու անդրդուելի քայլ է անում դէպի նորի սկիզբ, դէպի յաղթանակ։

Հրանտ Թաթոսի «Վարագոյրի հետեւում» կտաւը գայթակղութեան բարձրակէտ է։ Ստեղծագործ մտաւորականն արարել է շնչահեղձութեան հասնող զգացմունք։ Հիւթեղ կարմիրում կնոջ շքեղութիւնն ու առաքինութիւնն է՝ զուգորդուած այնպիսի խոնարհ կերպարանքով, որ լցւում-լիանում ես այրող ու մաքուր բոցով։ Վարագոյրից այն կողմ պատկերուած է կանացի ողջ հմայքը, գաղտնի, խորհրդաւոր էութեամբ։ Սիրոյ, կրքի բոցավառուող կարմիրից, ակամայից Աւ. Իսահակեանի տողերն են գալիս. «Եկէք ստեղծենք Ադամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելէ դրախտի հրապոյրները»։

… Եւ Աստուած բռնեց դէպի վեր սուրացող կրակն ու նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։

Եւ նայելով իր ստեղծածին՝ հիացած ասաց.

«Բարի է, որովհետեւ գեղեցիկ է»։

Անուանի նկարչի հետ շփումը մեծագոյն պատիւ է։ Նա մարդկային բարձր արժանիքներով օժտուած իմաստուն մտաւորական է։ Իւրաքանչիւր բառը, խօսքը, անգամ վարուելաձեւը մշակոյթ է՝ բնորոշ ազնուագոյն արուեստագէտին։ Նշանակալի է իր սիրելի ու գեղեցկուհի տիկնոջ դերը վարպետի կեանքում։ Տիկին Սիլվան, հայ կնոջը յատուկ հեզութեամբ, ջերմութեամբ, հոգատարութեամբ, մեծ սիրով ոգեշնչում է Հրանտ Թաթոս մեծութեանը։ Գեղանկարչի աչքերին նայելով՝ սուզւում ես մինչեւ հոգու անյատակ խորքը, որտեղից բարութիւն ու ջերմութիւն է յորդում։ Ծայրայեղ նրբանկատ ու վեհանձն է գոյների մայեսթրօն։ Երջանկութիւն է լինել նրա ժամանակակիցը, բարեբախտութիւն՝ անձնապէս ճանաչելը։

 

Share61Tweet38
Previous Post

Ալեքսանդր Թօփճեանի Գրական Վաւերագրութիւնը Ռուբէն Սեւակի Մասին (Մաս Բ․)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.