«Կրօնը մեզ աւելի լաւ չի դարձնում,
բայց այն մեզ թոյլ չի տալիս
չափազանց վատ դառնալ»։
Լուիս տէ Պոնալտ
Քաղաքական խմբերի ու մանաւանդ եկեղեցի-պետութիւն անվայել բախումների առիթով, մեր համասփիւռ հանրութիւնը հոգեկան խռովքի մէջ է: Իրաւ է, որ իրար ոչնչացնելու տիրող անյագ քայլերն ու մթնոլորտը, որոնց կարիքն ու պահանջը չունենք, յարիր եւ պատշաճ չեն մեր վերակառուցման երկար ճամբայ անցնելու եւ նպատակը գործադրելու:
Գաղտնիք չէ, որ այդ բոլոր խառնաշփոթութեան ակունքը միակ չէ, այլ մեր տխմար արկածախնդիր գործիչների եւ օտար ուժերի հովանաւորութեամբ՝ հինգերորդ շարասիւնն է գործում, որոնց հետ մասնակից են նաեւ հոգեւորական դասի վերնախաւը եւ գրպանային քաղաքական խմբերը: Կամայ թէ ակամայ, այս համախմբումից որեւէ դրական լուծում ակնկալելի չէ, քանզի նրանց նպատակային գործարքը ուղղուած է դէպի անկում: Մէկ այլ թերի յատկութիւն է արմատացել մեր ազգակիցներից ոմանց կենցաղում՝ տարրական բանականութեան բացակայութիւնը: Բազում են զանազան մակարդակի, կրթութեան, տարիքի ազգակիցներ, որոնք անկարող են տարբերել պետականութիւնը պաշտօնակատարից, եկեղեցին՝ հոգեւոր հայրապետից, ինչպէս նաեւ կրօնը՝ հաւատքից, որ տարբեր արժէքներ են ու ծաւալ: Իրականում շատերն են ձեւացնում, թէ չեն հասկանում: Անհերքելի է, որ ոմանք դիտաւորեալ վիճակը խառնում են պղտոր միջավայր ստեղծելու, շահադիտական նպատակների հասնելու համար: Նրանց հիմնական հովանաւորող, քաջալերող ուժերը թաքնուած են գործակալ տարրերի եւ ընդդիմադիր մամուլի մէջ:
Ոմանք չեն տարբերում փիլիսոփայական սկզբունք կրօնը ծէսից ու աղօթքից, եկեղեցին՝ կղերական դասից, որոնք տարբեր մակարդակի են բովանդակութեան եւ պատասխանատուութեան, մինչդեռ նրանք պիտի գործեն կատարեալ ներդաշնակութեամբ եւ յարգանքի փոխադարձ մթնոլորտում:
Սուրբ սեղանի առջեւ ընդունելով կաթողիկոսի պաշտօնը, Գարեգին Բ. ուխտել է նուիրումով ընծայուել կաթողիկոսական պարտաւորութիւններին՝ կատարել եւ անթերի խնամքով պահպանել Հայ Մայր աթոռի իրաւունքները եւ կանոնադրութիւնը: Աւա՜ղ ուխտը մնաց օդում կախուած, քանզի նա իրաւունք չունէր առաջադրուել հայրապետի պաշտօնին որովհետեւ նա արդէն անօրէն ունէր կին եւ զաւակ, որ անհերքելի եւ ապացուցուած փաստ է, որ ամիսներ ի վեր ոչ մէկ փորձ եղաւ հերքելու իրականութիւնը:
Ի դէպ, ըստ տարածուած լուրերի, երեւոյթը միակ չէ: Բարձրաստիճան կղերի մի մասը նոյն կարգավիճակի է եւ ոչ ոքի չի զարմացնում: Հայրենաբնակների մի տեսակ ամբոխ կայ Մայր Աթոռին յարակից, որ ներքաշուած լինելով քաղաքական դաշտ, գործակցում է ընդդիմադիր ուժերի հետ եւ պատրաստ է ամէն գնով պահպանել կաթողիկոսին անձեռնմխելիութիւնը, համարելով որ այդ բոլորը եկեղեցական ներքին խնդիրներ են եւ ոչ մէկը իրաւասու է խառնուելու: Միաժամանակ, Մայր աթոռը ցանկանում է իր իւրուրոյն խօսքն ու կարծիքը ունենալ երկրի կառավարման ոլորտում:
Մի խօսքով ՀԱԵ յատուկ պետութիւն է պետութեան մէջ իր գահով, արքայով, համակիր բարերարներով, կանոններով, հարկատու չէ, իշխանութեան հաշուետու չէ անվտանգութեան ծախս չունի քանզի ընդդիմադիր երդուեալ ամբոխը միշտ պատրաստ է նրա կողքին լինել, իսկ միւս բոլոր խնդիրները լուծում է աղօթքով կամ կաթողիկոսական պատարագով, ինչպէս Արցախի անկման դէպքում: Վերջերս բարձրաձայնեցին, թէ հարկ եղած պարագային կազմ եւ պատրաստ են վարչապետի թեկնածութեան:
Այս է վիճակը․ հանդուրժենք նրանց ուխտադրուժ սայթաքումները եւ աղօթենք բարեկեցութեան համար:
