27 Նոյեմբերին Հայ Առաքելական Եկեղեցւոյ խումբ մը եպիսկոպոսներ իրենց ստորագրած յայտարարությամբ պահանջած են Արշակ արք. Խաչատրեանի եւ Ամենայն հայոց Գարեգին Բ. կափողիկոսի հեռացումը եկեղեցիէն:
Այս եպիսկոպոսները նոր յայտարարութիւն տարածած են, որուն մէջ ըսուած է.
«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս, սիրելի հայորդիներ.
Շատ ենք ցաւում վերջին աﬕսներին մեր Եկեղեցու ներսում եւ մեր Եկեղեցու շուրջ առկայ անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամէնը գուցէ չլինէր, եթէ արդար, առանց ահաբեկումների լինէր 1999թ. կաթողիկոսական ընտրութիւնը:
Հայ Եկեղեցու սխալ կառավարման հետեւանքով ե՛ւ եկեղեցու ներսում, ե՛ւ եկեղեցի-պետություն յարաբերութիւններում յատկապէս վերջին ամիսներին առաւել ահագնացած ճգնաժամը աննախադէպ վտանգաւոր իրավիճակ է ստեղծել ինչպէս Հայրենիքում, այնպէս էլ Սփիւռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հաւատն ու միասնութիւնը։
Բազմաթիւ նուիրեալ հոգեւորականների չարդարացուած, հակականոնական կարգալուծութիւնները յաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապէս կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։
Յաճախ նախընտրաբար հոգեւոր աստիճան են ստացել եւ պաշտօնի կոչուել միջակութիւններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ:
Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտութիւնների, կարգալուծութիւնների հետեւանքով յաճախ փոթորկւում են Սփիւռքի մեր թեմերն ու առանձին հովուութիւններ ու վիճակներ, երբեմն ստիպուած լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ։
Կաթողիկոսի հասցէին տարատեսակ լրատուամիջոցներով եւ տարբեր հարթակներից ու ամպիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառոյցների կողմից անուշադրութեան են մատնւում, չեն մեկնաբանւում, չեն հերքւում, այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկութեան վերաբերեալ։
Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ ու թողտուութեամբ եկեղեցականների ներգրաւումը ներքաղաքական գործընթացներում, հոգեւորականների կողմից հնչեցուած քաղաքական կոչերն ու յայտարարութիւնները, քաղաքական հանրահաւաքներին մասնակցելն ու կազմակերպելը անընդունելի է, դատապարտելի է եւ յարիր չէ մեր Եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնութիւնը պահելու մեր Եկեղեցու առաքելութեանը։
Եկեղեցու Կանոնադրութեան ստեղծման տեւական, դիտաւորեալ ձախողումները եւ ի վերջոյ այդ աշխատանքների վերջնական դադարեցումը հնարաւորութիւն են տուել Կաթողիկոսին անցնող քսանվեց տարիների ընթացքում երբեմն Եկեղեցին կառավարել սեփական պատկերացումներով, կամայականօրէն:
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, Ազգային Եկեղեցական ժողով կամ Ներկայացուցչական ժողով, որ պիտի գումարուէր իւրաքանչիւր տարի կամ երկու տարին մէկ՝ քննելու եւ լուծումներ գտնելու Հայ Առաքելական Եկեղեցու առաքելութեան, կառավարման, ֆինանսական, տնտեսական գործունէութեան, ինչպէս նաեւ համազգային նշանակութեան հարցերի վերաբերեալ, միտումնաւոր կերպով նախատեսուած պարբերականութեամբ չի իրականացուել։
ՀՀ պետակամ մարմինների, պետական գործիչների կողﬕց կաթողիկոսի ընթացքի ու գործունէութեան վերաբերեալ բազմիցս հնչում են մտահոգութիւններ, քննադատութիւններ, մեղադրանքներ, որոնք մնում են անպատասխան։ Ի դէմս կաթողիկոսի եւ իր հետ համագործակից որոշ հոգեւորականների՝ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Հայրենիքին ու Հայրենի պետութեանը չպէտք է եւ չի կարող որեւէ վնաս, վտանգ սպառնալ:
Այս խախտումների, սխալների, բացթողումների, թերացումների շարքը կարելի է երկար շարունակել։
Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգաւոր, վնասակար եւ կորստաբեր է եւ չի կարող այլեւս շարունակուել։ Դիմում ենք Երուսաղէﬕ եւ Կոստանդնուպոլսի Սրբազան պատրիարքներին, Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասին, հոգեւորականութեանը, Հայրենի պետական մարմիններին եւ պետական գործիչներին, ﬔր հաւատաւոր ժողովրդին.
Սրբազան պատրիարքներ, որպէս մեր եկեղեցու բարձրաստիճան գահակալներ եւ ժողովների ատենապետներ, գլխաւորէք կամ առնուազն կոչ ուղղէք, միացէք ու նպաստէք՝ ստեղծուած իրավիճակից շուտափոյթ ելք գտնելու համար:
Սիրելի Սրբազաններ, հոգեւոր եղբայրներ, վստահ ենք, որ այս մտահոգութիւնը կիսում էք շատերդ: Եթէ ցանկանում էք օր առաջ տեսնել Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին կրկին իր աստուածահաճոյ ու ժողովրդանուէր առաքելութեան մէջ, առանց յապաղելու կապ պահէք Յանձնախմբի անդամների հետ, Ձեր դիրքորոշումն ու վերաբերմունքն արտայայտէք:
Մենք՝ մի խումբ եպիսկոպոսներս, գիտակցելով հանդերձ ստեղծուած իրավիճակում մեղաւորութեան մեր բաժինը, այս նախաձեռնութեամբ նպատակ ունենք սկիզբ դնել Հայ Եկեղեցու բարեկարգման, որպէսզի մեր Սուրբ Եկեղեցին կարողանայ այսուհետ կատարել մեր Տէր Յիսուս Քրիստոսի կողմից նախանշուած իր անփոխարինելի առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում, այս վտանգաւոր ժամանակաշրջանում նպաստի հայրենի պետութեան ամրապնդմանը, որպէսզի Ամենայն Հայոց կաթողիկոսը լինի բոլոր հայերի կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրօնական հայեացքներից անկախ, որպէսզի մեր Մայր Եկեղեցին իրապէս Մայրութիւն անի եւ համախմբի տարբեր կրօնական կառոյցներում հաւատք որոնող, խարխափող մեր ազգի զաւակներին։ Անհրաժեշտ է մշակել եւ առաջին իսկ Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել Հայ Առաքելական Եկեղեցու մի կանոնադրութիւն, որ այսուհետ Կաթողիկոսների ու Առաջնորդների հոգեւոր ու իմացական կարողութիւններով, որակական յատկանիշներով միայն չպայմանաւորուի մեր Եկեղեցու հեղինակութիւնը, ընթացքը, կանոնականութիւնը, իր Սուրբ Առաքելութեան իրականացումը։
Հարազատ մեր ժողովրդի միասնութեան ու բարգաւաճման, մեր Հայրենիքի ու մեր Պետութեան հզօրացման, անվտանգութեան ու յարատեւությեան, մեր Մայր Եկեղեցու աստուածահաճոյ առաքելութեան իրականացման համար մեր այս անձնուրաց քայլը որոշ մեր հոգեւոր եղբայրների, իրավիճակից անտեղեակ որոշ լրագրողների, քաղաքական ու հասարարական գործիչների կողմից յանիրաւի քննադատւում է։ Կոչ ենք անում սթափ դատել եւ իրատես լինել, որովհետեւ մենք կանգնած ենք Եկեղեցու ամբողջական հեղինակազրկման, պառակտման, մեր ժողովրդի կրօնական մասնատման վտանգի առջեւ։
Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը, ի սէր մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի, սթափ կը գնահատի ստեղծուած իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին աւելորդ ցնցումների, կամովին հանգստեան կը կոչուի եւ այդ կերպ հնարաւոր կը լինի նոր ընտրութիւններ կազմակերպելու:
Եւ թող ամենատես ու ամենակալ Աստուած առաջնորդի մեզ: Ամէն։
- Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեան
2. Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեան
3. Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեան
4. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեան
5. Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամեան
6. Տ. Վազգէն արքեպիսկոպոս Միրզախանեան
7. Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեան
8. Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան
9. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեան
10. Տ. Գէորգ եպիսկոպոս Սարոյեան»:

