Հատուած մը, հրամանատար Գէորգ Կիւզէլեանի ղեկավարած «Մեծն Մուրատ» ջոկատի հիմնադրութեան օրերէն, քաղուած Գրիգոր Ճանիկեանի «ՋՈԿԱՏԸ, ՈՐ ԿՈՉՒՈՒՄ ԷՐ ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ» գրքոյկի Ե. Զ. եւ Է. բաժիններէն:
Պէյրութի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զուարթնոց» օդանաւակայանում։ Գէորգը Արարատը երբեք չէր տեսել, ամբողջ կեանքում պատկերը տեսիլքի նման հոգում կրել, կարօտել էր, բայց հայեացքը շրջեց։ Մտածում էր, որ Արարատը իւրաքանչիւր հայի ինքնութեան խորհրդանիշն է ու քանի դեռ գերի է, ամէն զէնքի ատակ հայորդի մեղք ունի, պարտք ունի նրա հանդէպ։
– Ո՞ւր գնանք, Գէորգ ջան։
– Էջմիածին։
Գէորգ Գեղամեանին թուաց, թէ ուզում է նախ Մայր Տաճար մտնել, ուխտը նուիրագործել։ Դրա համար զարմացաւ, երբ հապճեպ մոմ վառելուց յետոյ ասաց.
– Այստեղ հայրենադարձ սիրիահայերի գիւղեր կան, չայցելե՞նք։
– Ո՞ր գիւղը։
– Օրինակ՝ Ոսկեհատը։
Հասան։ Թակեց առաջին պատահած դուռը։ Տանտէրերը տարակուսած, զարմացած դէմքին էին նայում: Մտքներով չէին անցկացնում, որ արտասահանեան պարբերաթերթից կտրուած, պատին փակցուած մեծադիր լուսանկարի տղան է։
Ես այստեղ կիլիկիացի, բնիկ պէյլանցի զարմիկներ ունեմ։ Ինչպէ՞ս գտնեմ:
– Գէորգ ջան…
Հենց զարմիկի՝ Յուսիկ Կիւզէլեանի դուռն էր թակել, բայց նա տանը չէր։ Հարազատները չգիտես ինչու չուզեցին ասել, թէ ուր է, ուրախութիւնից ծիծաղեցին, յուզմունքից հեկեկացին, ձեռքից ձեռք խլեցին, ու ծեր հօրեղբայրը գոմ մտաւ, որ ոտքերի տակ մատաղ անի։ Թոյլ չտուեց։
– Մատաղը յաղթանակից յետոյ կանես, հիմա կռուելու ժամանակն է։ Ես Հայաստան եմ հասել, որ «Մեծն Մուրադ» ջոկատ կազմաւորեմ, Ղարաբաղ գնամ, կռուեմ։ Կմիանա՞ք ինձ։
Եթէ Գէորգը Պէյրութն էր թողել–եկել, իրենք ինչո՞ւ պիտի վարանէին։ Ոչ միայն զարմիկները։ Այգիներում, բանջարանոցներում, ով այդ մասին լսեց, գործը կիսատ թողեց՝ ասես ամաչեց` խաղողի որթ էտելու, սմբուկի ածու փխրեցնելու համար։ Շատերը հենց դաշտից Յուսիկենց տուն եկան։
Գէորգը ոտքից գլուխ զննեց առաջինը ներս մտնողին.
– Անուն–ազգանունդ ի՞նչ է։
– Լեւոն Օհանեան:
– Ինչո՞ւ ես ուզում ազատամարտիկ դառնալ։
– Ո՞նց ասեմ, մերոնք Սուրմալուից են, քանի՜ տարի առաջ Էջմիածին են գաղթել, բայց մինչեւ հիմա թուրքից սարսափում, կոտորածի ու գաղթի արհաւիրքներն են պատմում։ Ու սերնդից սերունդ փոխանցւում է նոյն վախը։ Ուզում եմ կռուեմ, յաղթեմ, որ էդ ամօթալի զգացումը մեր ցեղից վերանայ։
Մօտեցաւ, ձեռքը ուսին դրեց։ Այդպէս էլ կարծում էր։ Չէ, վստահ էր։ Հայաստանում լաւ տղաներ կային, շատ կային, որոնք չէին կարող իր հետ չլինել։ Չանդրադարձաւ՝ մտածե՞ց, թէ՞ ասաց.
– Հաստատ մենք միասին կռուելու ու հաւատա՝ այս անգամ յաղթելու ենք:
«Մեծն Մուրադի» Գէորգ Կիւզէլեանը արագ, իրեն յատուկ գործնականութեամբ ծանօթացաւ Հայաստանում կազմաւորուող միւս ջոկատների հրամանատարների հետ, իրավիճակը պատկերացրեց, անելիքը յստակեցրեց։ Պէյրութի իր զինընկերները ռումբերի որոտի ներքոյ էին ծնուել, մանկութեան տարիներին ինքնաձիգներով ու ձեռնառումբերով էին խաղացել, հայկական թաղերը պաշտպանելով մեծացել։ Հայաստանում, այդ տարիքի տղաները, չնայած նոյնքան յանդուգն էին թւում, ռուսական զէնքերով անգամ դիպուկ կրակել չէին կարողանում։ Երկու տարի խորհրդային բանակում ի՞նչ էին արել՝ չէր հասկանում։
Վերջին օրը, վերջին պահին, անսպասելի յայտնուեց Յուսիկը։ Ծնողները նրա բացակայութեան մասին Գէորգին ոչինչ չէին ասել, որովհետեւ չէին ուզել մարտադաշտ չհասած, ահաբեկել։ Ներքուստ նրան մահացած էլ էին համարում։ Ոսկեհատում հերթական յարձակման ժամանակ հակառակորդները նրան արիւնաքամ գերել էին, Պաքու տարել։
Որդուն ողջ-առողջ իր դիմաց տեսնելով, մայրը ուշաթափուեց, հօր ոտքերը կքոտուեցին, ծնկի իջաւ․
– Էս հրաշքը ո՞նց պատահեց, բալա ջան…
Մերոնք ատրպէյճանցի մի բարձրաստիճան սպայ գերեցին, փոխանակեցին,– կարճ ասաց Յուսիկն ու բակ ելաւ։
Գիւղը նրան ամայի, դատարկուած թուաց.
– Տղաներն ո՞ւր են։
Պէյրութից քո հօրեղբոր որդին՝ ԱՍԱԼԱ–ի Գէորգն է եկել,- ասես նոր յիշեց հայրը,– Արագածի փեշերին մարզում է, որ Ղարաբաղ տանի:
– Բա ինչի՞ շուտ չէիր ասում։
Ծածկի տակից հանեց փոշու մէջ կորած ԼԱԶ–ն ու հսկայ բեռնատարը Օրգովի դիք դարաւանդները հասցրեց։ Շատ չանցած Գէորգին գտել, յաղթ հասակով գետնից պոկել ու երկար ժամանակ բաց չէր թողնում։ Ի վերջոյ իջեցրեց, ասաց.
– Ես Պաքուի բանտում անգամ դիմացել, լաց չեմ եղել, հիմա տեսնո՞ւմ ես, լաց եմ լինում։ Եթե դու եկած չլինէիր, մեն–մենակ էի գնալու Ղարաբաղ:
– Հասկանում եմ,– Գէորգը ձեռքը ուսին խփեց,- ինքս էլ եմ ութ տարի ֆրանսական բանտում տանջուել: Գնա՛, գնա տուն, հանգստացիր:
– Ո՞նց գնամ, ո՞նց հանգստանամ, այրւում եմ։
Ի՞նչդ է այրւում։
– Ձեռքերս…
Պարզեց՝ ասեղներով ծակծկել, քրքրել էին։
– Ոտքերս…
Կօշիկները հանեց, ցույց տուեց՝ աքցանով եղունգները քաշել էին:
– Կուրծքս…
Վերնաշապիկը բացեց՝ մազերը խանձել, կիսալուսիններ էին խարանել:
Նա վերջին օրն անգամ չէր համբերում, չէր դիմանում, բոլորին շտապեցնում էր Արցախ։ Առաւօտեան, սակայն, հենց փոխադրամիջոցները շարուեցին գիւղի հրապարակում, մայրերը զաւակների հետեւներից շաղ տալու համար դոյլերով ջուր, ջահել աղջիկները ճերմակ մեխակներ բերեցին, պոռթկաց․ – Էդպէս չեն գնում պատերազմ։
Ջոկատը տարաւ իրենց տուն, հեռուստացոյցի վրայից քաշեց ծածկոցը, փոխարէնը մարտական դրօշը փռեց, որի վրա, բոցերի միջից ցոլցլում էր «Մահ կամ ազատութիւն» ազդակոչը ու ոչ այն է՝ պահանջեց, ոչ այն է՝ խնդրեց..
– Դէ երդուէք, բոլորդ հերթով, մէկ–մէկ երդուէք… Տղաները զարմացան.
– Ո՞նց երդուենք, Յուսիկ ջան…
Ոնց ուզում էք՝ երդուէք, որ հոգով, մարմնով, ամբողջ էութեամբ էք կռուելու։
– Երդւում ենք…
– Երդուէք, որ ինչ էլ լինի, չէք զոհուելու։
– Երդւում ենք…
– Երդուէք, որ յաղթանակած էք ետ դառնալու։
– Երդւում ենք…