«Մեզ պակասում է այն մարդը,
որ կը կարողանար
մեզ ստիպել անել այն,
ինչին մենք ընդունակ ենք»:
Էմերսոն
Մարդկային եւ կենդանական աշխարհին յատուկ է համատեղուել՝ կազմելով խմբեր եւ վոհմակներ՝ «նման զնմանն իւր գտանէ», որ աւելի դիւրին է դարձնում պաշտպանութիւնը եւ որսը: Փոքր խմբերը միանալով դառնում էին համայնք, իսկ վերջինները ըստ պահանջի իրենց հերթին՝ գիւղ եւ քաղաք, ի վերջոյ՝ պետութիւն:
Մենք եւս անցել ենք այդ փուլերով եւ հազարամեակների ընթացքին ունեցել ենք տարբեր թագաւորութիւններ, որոնցից արժանի են յիշուել․-
ա) Վանի թագաւորութիւն (9-7-րդ դար հին տոմարով), որ յայտնի է նաեւ Ուրարտու կամ Նաիրի անունով:
բ) Երուանդունեաց թագաւորութիւն (7-2-րդ դար հին տոմարով), մայրաքաղաքը՝ Տուշպա-Վան:
գ ) Արտաշէսեան թագաւորութիւն, որ տիրել է հին եւ նոր տոմարների սահմանին: Այն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը Արտաշատ մայրաքաղաքով եւ սահմանակից էր Կասպից ծովին:
դ) Արշակունեաց թագաւորութիւն (62-428 թուականներ), որ ընդգրկում էր արտաշէսեանների նոյն տարածքը, ներառեալ Արարատը: Մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Դուինը եւ Վաղարշապատը:
Այս թագաւորութիւնները որ մրցում էին Հռոմի, Ասորեստանի մարերի ու պարսիկների դէմ անզօր էին զսպել, դիմակայել եղբայրասպան ներքին բախումները, որ շարունակւում էին դարերի ընթացքին: Աներկբայ է, թէ որեւէ երկրի գլխին կանգնած անձի գաղափարախօսութեան եւ անհատական յատկութիւնների հետ է կապուած երկրի ներկան թէ ապագան, նրա առաջընթացը, բարեկարգումն ու կործանումը:
Բազում են օրինակները, եւ ընդհանուր կարծիք կայ, թէ Ասորեստանի անկումի պատճառը կապուած է նրա ղեկավարների սխալ քայլերի եւ գործունէութեան հետ: Թերեւս կան նաեւ այլ յաւելեալ պատճառներ, որոնք անհասանելի են:
Արդի պայմաններում աշխարհի մօտ երկու հարիւրից աւելի երկրների յարաբերութիւնների ոլորտում սկզբունքային շատ բան չի փոխուել. երկրները միշտ մնում են իրար նկատմամբ գրեթէ հակադիր վիճակում, սակաւ են արդար բարեկամութիւն ունեցողները: Չմոռանանք, որ կար ժամանակ, երբ Մեծն Բրիտանիոյ տարածքում արեւը երբեք մայր չէր մտնում: Եթէ 1945-ի պատերազմի աւարտին բոլորից բարձր վարկանիշ ունեցող երկիրն էր ԱՄՆ իր քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական եւ աշխարհակալ լինելու առումով, ապա նոյնը չէ պատկերը այսօր եւ հաւասարակշռութեան նժարները արեւմուտքից անցել են դէպի արեւելք: Գաղտնիք չէ եւ հրաշք եւս չէ, որ նախկին ծայրայեղ աղքատ երկրներ՝ Չինաստան, Սինկափուր, Քորէա եւ այլ մեծ ու փոքր, դարձել են առաջնակարգ, ոչ թէ նաւթի առկայութեամբ, այլ իրենց ղեկավարների ճիշդ եւ խելամիտ վարքով, որոնք ձեռնպահ են եղել պետական գանձարանի թալանից եւ յարմարուել են ժամանակի պահանջին՝ նեցուկ ունենալով իրենց սեփական ներուժը:
Նշենք Գոլոմպիայի եւ Վենեզուելայի պարագան Հարաւային Ամերիկայում, որ նաւթի պաշարներ ունեն, թէպէտ սահմանափակ, բայց աղքատութիւն է տիրում այդ երկրներում եւ բնակչութեան մի մասը արտագաղթի ճամբան է բռնած: Հարիւրաւոր մղոն քայլելով փորձում են անցնել ԱՄՆ սահմանը իրենց երազած երկրում ապրելու: Այդ կամաւոր աքսորի միակ պատճառը երկրի իշխանութիւնների վերին աստիճանի կաշառակերութիւնն է եւ պետական եկամուտների թալանը, որ յար եւ նման է մեր երկրում տիրող վիճակին նախկինների ժամանակ, որ աւելորդ չեմ համարում կրկին յիշեցնել, քանզի յանցագործները դեռ իրենց արժանի պատիժը չեն կրել եւ յոյս ունեմ, որ այդ սխալը կ’ուղղուի:
Ի դէպ արդի աշխարհաքաղաքական քաոսի պայմանում, սակաւ են երկրները, որոնց ղեկավար մարմինները կարողանում են գործել առանց դրսից եկած միջամտութեան: Դիտենք միայն, թէ ի՛նչ է կատարւում Ուքանիայում, ուր անյայտ է, թէ ո՞ւմ շահերի համար են միլիառների ծախսերը, անմեղ զոհերը եւ անիմաստ աւերումները: Հաւանաբար, բարձր դասակարգի ղեկավարների հոգեկան եւ մտքի հիւանդագին վիճակի հետ է կապուած այդ:
Դառնալով մեր աւետեաց երկրին, արդէն հինգերորդ տարին է, որ նախկինները ընդդիմադիր պիտակի ներքոյ փորձում են իշխանափոխութիւն իրագործել՝ ամէն անգամ քաղաքական մի խրտուիլակ բեմ հանելով, անուններ չտանք, որոնցից վերջինը ներկայանում է կղերականի անունով եւ հագուստով, առանց մի ակնթարթ մտածելու, որ նախկինների հովանու ներքոյ գործելով, երբեք չի կարողանայ հասարակութեանը համոզել փողոց ելնել՝ հին մաշած տաշտակի առջեւ կանգնելու համար: Նա նաեւ դեռ չի հասկացել, եւ կը հասկանա՞յ արդեօք, եթէ իմացականութիւնը բաւարար լինի, որ իրեն վստահել են, կամ ակամայ ինքն է ընտրել տխմար խամաճիկի դեր: Առանց որեւէ ծրագիր կամ ասելիք ունենալու, նա գաղափարապէս մերկ է ու բոբիկ՝ հիմնուելով լսած կամ չլսած տարածուող սուտ ու կեղծ փաստերի վրայ: Որքան ընդունելի կը լինէր, եթէ նա քաջութիւն եւ իմաստութիւն ունենար իր բողոքի քայլերը ամբողջացնէր իր վերադասի հրաժարականի պահանջով, որ թէ՛ տեղին է եւ թէ՛ անհրաժեշտ:
Իրաւ է, որ իմաստուն, բանիմաց, արդարամիտ ղեկավարը ամենազօրի պարգեւն է:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ