Հաճընը սփռուած էր լեռնային Կիլիկիայի հիւսիսում, եռանկիւնաձև բլուրի վրայ։ Նախնադարեան բերդը, միջնադարեան Ս. Յակոբի վանքն ու վեց եկեղեցիների գմբէթները՝ յանդուգն ու ինքնավստահ, շրջապատող լեռների հետ մրցում, երկինք էին մխրճւում։ Խրոխտ, աննուաճ էր ոչ միայն քաղաքի դիրքը, այլեւ հաճընցիների ոգին, որոնք 500 տարի յետոյ էլ օսմանեան բռնատիրութեան հետ չէին համակերպւում, իրենց՝ Կիլիկիայի հայկական թագաւորութեան ժառանգորդներ էին համարում։
1885 թուականին հաճընցի դեղագործների տոհմիկ գերդաստանի զաւակը՝ Համբարձում Պոյաճեանը, ում 18 տարին նոր էր լրացել, Պոլիս մեկնեց, որ պետական համալսարան ընդունուի, բժիշկ դառնայ, արդիականացնի հօր՝ դեղաբոյսերի անշուք վաճառատունը։ Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքում, սակայն, նա, իր համար էլ աննկատ, ուսումնառութեան փոխարէն ազգային-ազատագրական պայքարով հմայուեց, անդրանիկ՝ նոր-նոր ձեւաւորուող ընդյատակեայ կազմակերպութեանն անդամագրուեց։ Մի քանի տարի անց էլ, երբ Պոլիս այցելեց Հնչակեան կուսակցութեան հիմնադիր անդամ Ռուբէն Խանազատն ու զատ-զատ գործող խմբակցութիւնները միաւորեց, մարտախմբեր ստեղծեց, յեղափոխական օծուեց: Շատ չանցած Էրզրումի լեռներում ըմբոստութեան, ընդվզումի ազդակոչեր հնչեցին, եւ Պոլսի հնչակեանները վճռեցին զօրակցել ապստամբ` լեռնականներին, առաջին անգամ Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքում համազգային ցոյց կազմակերպել։ Ցոյցը, ըստ նախնական պայմանաւորուածութեան, սկսուելու էր Գում-Գաբուի հայկական եկեղեցում։ Մէկը խորանից կարդալու էր Պեռլինի ղաշնագրի 61-րդ յօդուածն իրագործելու, հայկական նահանգներում վայրագութիւնները դադարեցնելու, բարենորոգումներ նախաձեռնելու պահանջագիրը, միւսը խաղաղ ցուցարարներին առաջնորդելու էր պալատ՝ Բ. Դուռ, պահանջագիրը երբեւէ թագաւորած ամենահայատեաց սուլթանին՝ Ապտուլ Համիտին յանձնելու համար։ Քայլերթի նախորդող գիշերը գումարուեց վերջին գաղտնի ժողովը։ Ղեկավարներ ընտրելու համար։ Առաջինը լռութիւնը խզեց Յարութիւն Ջանկիւլեանը՝ ոտքի կանգնեց, պարտաւորուեց խորանից ընթերցել պահանջագիրը։ Համբարձում Պոյաճեանը լրացրեց նրան.
- Բարեկամներ, վիճակահանութեան կարիք իսկապէս չկայ։ Ժողովուրդին ես պալատ կ’առաջնորդեմ։
Յեղափոխական երկու ընկերները փաթաթուեցին։ Գիտէին՝ ձախողուելու դէպքում կողք–կողքի կախաղան են բարձրանալու։
Գում-Գաբուի քայլերթը, որին հինգ հազարից աւելի հայ էր մասնակցում, խաղաղ էր, նպատակը արեւմտահայութեան հանդէպ Եւրոպայի հովանաւորութիւնը, պաշտպանութիւնն ակնկալելն էր։ Նոյնիսկ հայոց պատրիարքն էր խաչով, բուրվառով միացել ցուցարարներին։ Ապտուլ Համիտը, սակայն, համաժողովրդական անդրանիկ շարժումը անողորմ մոլեգնութեամբ վճռեց անճիտել հայերի ազատասիրական բոլոր նկրտումները։ Սուլթանը Համբարձում Պոյաճեանին (յեղափոխական անունով` Մուրատին, որին յետոյ ժողովուրդը Մեծ պատուանունը պիտի յաւելէր) գտնելու համար լուսանկարը տարածել էր երկրով մէկ, գլուխը բերողին երկու հազար ոսկի էր