«Մենք գիտենք, ինչպէս
պաշտպանուել երկնքից եկած
աղէտներից, բայց ոչ նրանցից,
որ ինքներս ենք ստեղծել»:
Չինական
Իւրաքանչիւր մարդ ունի իրեն յատուկ անձնական յատկութիւնները` դրական թէ բացասական, որ մասամբ պահպանւում են ցմահ, թէեւ մասամբ կորչում են` սերտօրէն կապուած անձի կենցաղային, կրթական եւ այլ պայմաններից: Բացառուած չէ, որ հաւաքական համայնքային կեանքի պայմաններում շատերը ինքնաբերաբար սկսում են իրար նմանուել մանաւանդ գաղափարական տեսակով, որի դէպքում է, որ ստեղծւում են ընկերային կուսակցութիւններ, կրօնական համայնքներ եւ այլազան խմբեր իրար մօտ լինելու եւ իրար ձեռք մեկնելու պատրուակով: Բացառուած չէ, որ նման խմբաւորումներ ծաւալեն համախոհ գործունէութիւն` երբեմն չարակամ աւազակախմբեր եւ կլաններ, որոնք մինչեւ իսկ կարողանում են գրաւել պետական, հոգեւոր կամ այլ պատասխանատու աթոռ` դառնալով ազգային չարիք: Բացի այդ, տարբեր սովորութիւններ, յաճախ աննպատակ, մաս են կազմում աւանդական լինելու անուան տակ, ինչպէս տարբեր տեսակի թղթախաղերը եւ անբաժան նարդին, ամէն առիթով գինովանալու իղձը, մոտային համեմատ հագուստը եւ այլն… եւ այլն:
Համարանիշ.- Նման կենցաղային աւանդոյթները համատարած են, միայն թէ, ամէն մի երկիր ունենում է ի՛ր տեղական երանգն ու բովանդակութիւնը: Մեր աւետեաց երկրում հաստատուած «կուռքերից» երկրպագուելու աստիճան պաշտուածն ու փնտռուածն է մեքենան, որի համար շատերը գրեթէ պատրաստ են զոհել ամէն ինչ: Ողբալի զաւեշտի էր նման այն լուրը, որ պետական մարմինները 300.000 տոլար վճարումի դիմաց մի քանի զրոյով golden համարանիշ են յատկացրել ոմն քաղաքացու: Երեւոյթը ճիշդ չէ, նախ իշխանութեան կողմից` թիթեղի կտորը վաճառել այդ գնով եւ ի՞նչ է նշանակում դրամով սոնքացող դիրք ունենալ շրջապատի նկատմամբ, մինչեւ իսկ, եթէ այն` լոկ ցուցադրական եւ զուտ թիթիզութիւն է: Միւս կողմից. եթէ այդ գումարը վճարող անձը քրտինքով շահած լինէր` երբեք քամուն չէր տայ: Ինչեւէ մարդկային տխմարութիւնը անսահման եւ անհասանելի է, իսկ մեքենաների վթարներից զոհուածների թիւը անհամար, զանց չառնելով քաղաքի երթեւեկութեան անդամալոյծ վիճակը որպէս տիրող չարիք, որի մասին անդրադարձել ենք բազմիցս:
Հեռախօս.- Միեւնոյն մակարդակի եւ ծաւալի համաճարակի բնոյթի համաշխարհային ազգային փորձանք է դարձել բջջային հեռախօսը: Վարակը տարածուել է ի սփիւռս աշխարհի: Այդ չարիքի դէմ դիմադրողականութիւն ու պայքարելու փորձ անող չի եղել: Ընդհակառակը աւելի է տարածւում վարակուողների քանակը, քանի որ այն գործածողների տարիքը հասել է մանկապարտէզ, իսկ արտադրողների համար հսկայական գումարների հետ կապուած եկամուտները երաշխաւորուած են: Միւս կողմից` պետական կառոյցները ունեն անզուգական մի գործիք, որ թոյլ է տալիս առանց որեւէ դժուարութեան տեղեկանալ ցանկացած քաղաքացու քայլերին:
Մեքենայ եւ հեռախօս կուռքերը լուրջ մրցակից են:
Քաղաքական հերոս.- Ողբալի, ձախող դիպուածի վկան է ողջ հայ գիտակից հասարակութիւնը ի սփիւռս աշխարհի, որ տեղի է ունեցել Մանուշեանի պանթէոն մուտքի առիթով նախագահ Մաքրոնի կողմից հրաւիրուած ճաշի ընթացքին, մասնակցութեամբ ՀՀ վարչապետի եւ Ֆրանսահայ ընկերակցութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահների: Առ երեւոյթ արտակարգ ոչինչ չկայ, քանի որ հայրենիքը ներկայացնող վարչապետը հանդիպելու էր ֆրանսահայ գաղութի ներկայացուցիչներին, բայց կարեւոր խնդիրն այն է, որ նրանց միջեւ գաղափարախօսութեան մեծ տարբերութիւն կայ եւ միեւնոյն ակնոցով չեն տեսնում երկրում տիրող պատկերը` լինելով այլախոհ: Տեղին է յիշեցնել, որ CCAF-ի համանախագահներից Մուրատ Փափազեանը 19 ամսուայ ընթացքին արգելուած է եղել մուտք գործել ՀՀ տարածք, որ անշուշտ անհետեւանք չի մնացել, թէեւ ՀՀ արդարադատութեան համակարգը ի վերջոյ չեղեալ է յայտարարել մուտքի արգելքը: Բայց դիպուածի ձախողութիւնը այն է, որ հանդիսաւոր ճաշի ընթացքին վարչապետի հասցէին քննադատութիւններ են հնչել ի լուր բոլորի ոչ-ժողովրդավար գործելու համար: Աւելի հեռու գնալով` տուժած համանախագահը, դիմելով նախագահ Մաքրոնին, բարձրացնում է իր ատելութեան ձայնը` «Պարոն նախագահ, այդ մեր սխալն է, մե՛ր հայ ժողովրդի սխալը, որ իր գլխին է այս տեսակ մի ղեկավար, որ իրականում չունի որեւէ մակարդակ եւ բարկացկոտ է, քանզի բռի է (inculte)»։
Այս բառերի հեղինակի անունը, տարիքը եւ կրթական մակարդակը կարեւոր չէ, միայն թէ անհասկանալի, ողբալի, մինչեւ իսկ անհանդուրժելի է, բարոյական կամ իրաւական հիմունքների սկզբունքներից ելնելով է, որ Սփիւռքի որեւէ գաղութային հաւաքականութիւն ներկայացնող համանախագահի հանգամանքով եւ բարեկիրթ կեցուածքի տարրական ու նուազագոյն կանոնների բացակայութեամբ համարձակւում է օտարերկրեայ պաշտօնական հաւաքոյթի ընթացքին բացայայտօրէն վարկաբեկել իր երկրի ժողովրդին եւ նրա գերիշխան ընտրութիւնը:
Այս ճղճիմ եւ շատ այլ նմանատիպ միջադէպերը չեն լինում պատահմամբ` անզգուշութեան հետեւանքով, այլ նախապէս պատրաստուած եւ ծրագրուած` նպատակ ունենալով առաւելագոյնս նսեմացնել ՀՀ վարկը, որ ըստ երեւոյթին եւ գործող անձանց անհատականութիւնը նկատի ունենալով, երեւանեան ցոյցերի շարունակութիւնն է, գրեթէ միեւնոյն բառապաշարով եւ թիրախով, որին կարելի է աներկբայ աւելացնել նաեւ վարչապետին տեղափոխող մեքենայի վրայ լոլիկ ու հաւկիթ նետելը:
Նման ամօթալի արարքների հեղինակները որոշ մամուլի կողմից քաջալերուած են իրենց «հերոսական» քայլերի դիմաց: Ողբամ քեզ, իմ Ժողովուրդ:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Սան Ռաֆայէլ