Բանակի նուիրական օրուայ առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինուորներին եւ համայն մեր ժողովրդին:
Արցախեան շարժման օրերից կամաւորական ջոկատների եւ զինապարտների միաւորումով կազմաւորուեց հայոց կանոնաւոր բանակը, որն աւելի քան երեք տասնամեակ, Արցախեան պատերազմների եւ Հայաստանի սահմաններին Ատրպէյճանի սանձազերծած ռազմական գործողութիւնների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով: Բազում քաջորդիներ անմահացան` ընդունելով յանուն հայրենիքի նահատակութեան պսակը:
Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրութեան մէջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզօրացումը: Մեզ պատած աղէտալի ողբերգութիւնների, Արցախի բռնազաւթման յանդիման` բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխաւորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիւ կեանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականութեան: Գոհութեամբ ենք հաստատում, որ մեր հոգեւոր սպասաւորները հովուական խնամքի համար եղել են եւ լինելու են Հայոց բանակի սպաների ու զինուորների կողքին, որպէսզի զօրացնեն ոգին մեր քաջարի մարտիկների եւ ամուր պահեն նրանց հաւատքն ու յոյսն առ Աստուած:
Այսօր մենք մտահոգ ենք աշխարհում առկայ լարուած ու պատերազմական իրավիճակի, մասնաւորապէս մեր հայրենիքի շուրջ ծաւալուող իրադարձութիւնների, մեր պետութեան նկատմամբ դրսեւորուող նուաճողական նկրտումների պատճառով: Հաւատն ունենք, որ Աստծոյ օգնութեամբ, ուժեղ բանակով եւ համազգային միաբանութեամբ կարող կը լինենք դիմակայել մարտահրաւէրներին եւ հաստատել մեր պետութեան եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդի լուսաւոր գալիքը:
Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփուած մեր նահատակների քաջարի սխրանքը եւ լոյս յիշատակը թող մեզ համար դառնան սրբազան աւանդ` աննուազ պահելու հայրենեաց սէրը եւ նուիրումը, մեր ցաւն ու վիշտը դարձնելու ուժ ուվճռականութիւն յանուն մեր հայրենեաց շէնացման ու բարգաւաճման:
Բանակի այս նուիրական օրը աղօթում ենք յանուն հայրենիքի զոհուած հերոս հայորդիների հոգիների հանգստութեան համար եւ հայցում շուտափոյթ վերադարձ գերեալ հայորդիներին ու անյայտ կորածներին: Թող Տէրը խաղաղ ու անվտանգ ծառայութիւն շնորհի մեր զինուորներին ու սպաներին եւ Իր խնամքի ներքոյ օրհնի ու պահպանի հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփիւռ համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն: