ՙՋրի ակունքը կարող ենք թմբով փակել,
սակայն երբ այն գետ է դարձել, չենք
կարող անցնել նոյնիսկ փղին հեծած՚:
Պարսկական
Տարեմուտի տօնական օրերին իւրաքանչիւրի մտորումները սաւառնում են տարբեր ուղղութիւններով, եւ դժուար է անել մեզ լքող տարուան ճիշդ հաշուեկշիռը: Վեր ի վարով այն փառահեղ չի եղել մեր երկրի եւ հասարակական հանրութեան համար, քանզի ունեցանք կարեւոր, շատ կարեւոր կորուստներ, որոնցից մեծագոյնը Արցախի հայաթափ լինելն է իր իշխանութեան լուծարումով: Ոչ ոք իրաւասու է եղածը բարդել ոեւէ մէկի վրայ, քանզի այն մեր բազում ազգային անիրաւ կորուստների յաջորդն է ներառեալ Կարսն ու Արդահանը, Ջաւախքն ու Գողթան գաւառը, շատ այլ կորուստների հետ մէկտեղ: Պատճառը մեր իսկ համատարած հաւկուրութիւնն ու տգիտութիւնն է:
Սոյն գրութեան նպատակը չէ մեղաւորներ պեղել կամ յանցաւորներ յայտնաբերել, սակայն աներկբայ է, որ մեր հանրութիւնը իր մեղադրանքի բաժինը ունի տեղի ունեցած անյաջողութիւնների մէջ: Բացառուած չէ, ինչ որ տեղ, որեւէ պայմաններում նուազ խելամիտ չլինելով, ճիշդ քայլեր եւ անհրաժեշտ դիրքորոշում չենք ունեցել, ապա մեզանից աւելի խորամանկ եւ ուժեղ թշնամին յաղթական է եղել: Սխալ չի լինի ենթադրել, որ մեր ղեկավար այրերը շատ դիւրահաւատ են եղել եւ մնում են այդպիսին միջազգային հանրութեան արդարադատութեան նկատմամբ, որից յաւակնել են հրաշքներ: Արդեօք նոյնը չէ՞ այսօր, որ պաշտօնական Երեւանը հայեացքը ուղղել է դէպի Արեւմուտք:
Այլ է մերկ իրականութիւնը եւ դժուար չէ տեսնել ու հասկանալ, թէ ինչ որ կատարւում է Ուքրաինայում եւ Կազայում պատահական չէ (sic), այն ծրագրուած եւ նախատեսուած է ամիսներ եթէ ոչ տարիներ առաջ գերտէրութիւնների եւ սիոնական կեդրոնի կողմից: Կարելի է ասել, թէ աշխարհը կորցրել է համընդհանուր բանականութիւնը, շատ բան մնացել է քաղաքական ոլորտից դուրս` դառնալով գերիշխանութիւնների շահերի պաշտպանման միջոց: Աւելի քան երբեւէ մարդկութեանը անհրաժեշտ են իրական մտաւորական-փիլիսոփաներ` կորած քաղաքակիրթ բանականութիւնը վերականգնելու:
Մարդաղացը գործի է դրուել եւ յայտնի չէ, թէ երբ պիտի դադարի` զանց չառնելով տարածքներ աւերելու կատարեալ հմտութիւնը, որ միլիառաւոր տոլարի է կարօտում, որին հետագային գումարուելու է վերակառուցումը տասնապատիկ արժէքով:
Մինչդեռ UNICEF (ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ) մարդասիրական միջազգային մարմինը ջանք, եռանդ չի խնայում, արդի տօնական օրերի առիթով, կոչ անել համայն մարդկութեան` մասնակից լինել սովամահ եղած երեխաներին սնունդ հասցնելու միջոցառման ծախսերին, համեստ նուիրատուութեամբ մասնակցել: Գաղտնիք չէ, բոլորը գիտեն, որ միայն պայթեցուած հրթիռների եւ ռումբերի արժէքը` Ուքրաինայի, Կազայի, կամ փորձարկման այլ տարածքում, բազմապատիկ աւելի է քան միլիոնաւոր անօթիներին կերակրելը, բայց ո՞ւմ հոգն է, քանի աշխարհը իրաւ շուռ է եկել, եւ մեր աւետեաց երկիրը անմասն չէ այդ վիճակի հետեւանքներից, որ այլ բան չէ, քան ԵՄ եւ ԱՄՆ միացեալ ծրագիրը` հակադրուել Արեւելքին, մասնաւորապէս ի դէմս Ռուսաստանի: Անմիջական տեսանելի հետեւանքը հազարաւոր զոհերն են, տուն ու տեղից զրկուածներ, աւերակ քաղաքները եւ այդ բոլորը` բարեգործութեան քօղի ներքոյ, մինչ մեր 44-օրեայ դժոխքի եւ Արցախը պարպելու օրերին մատը մատին զարկող չեղաւ, բայց բազում էին ցաւակից կոչեր հնչեցնողները` կրակը շուտաքայլ դադարեցնելու միտումով, ոչ աւելին:
Թէպէտ աւելորդ չէ նշել, մեր դաշնակից ՀԱՊԿ-ի երկրները ռուս քաղաքական վերնախաւի հետ մէկտեղ կատարեալ լուռ ու մունջ դիրք ընտրեցին` չմոռանալով խաղաղապահ ջոկատի կրաւորական կեցուածքը: Դարձեալ պիտի յիշեմ լուսահոգի մօրս խօսքը ՙԵղունգ ունես ` գլուխդ քորի՚:
Պիտի չհամարձակուեմ գնահատական տալ Ուքրաինոյ մէջ տիրող իրավիճակի ու մասնակից երկրների մասին, միայն թէ բոլորը չեն, որ համախոհ ծափահարում են այդ կացութիւնը: Բացայայտօրէն հունգար նախագահը յայտարարեց, թէ քիեւեան արկածախնդրութիւններին մտադիր չէ մասնակցել, իր երկրի հարկատուների հաշուին: Պարզ է, յստակ եւ տրամաբանական:
Ասելիք շատ կայ մեր ներքին խնդիրների առիթով: Այս համատարած թոհուբոհի պայմաններում նաւարկելը եւ խելամիտ մնալը դժուար է, եթէ ոչ անկարելի մեզ նման փոքր երկրների համար, երբ դրսից պարտադրուած իրավիճակներին յարմարուելու պարտաւոր ենք, իսկ ներքին պառակտումները աւելի են բարդացնում տիրող կացութիւնը: Իր ամբողջականութեան շրջանակում դրական է հայ վարչապետի մասնակցութիւնը Սան Փեթերպուրկի համաժողովին եւ ռուսների հետ հաշտ վերաբերմունք ցուցադրելը, թէեւ շատերը այդ կարծիքի չեն եւ նրանց հետ խզումի թեզեր են տարածում: Անխոհեմ լինելու փաստեր շատ ունենք եւ տեղին է յիշել Կարսի պայմանագիրը, որի ընթացքին էր, որ վերջնականապէս մեր իրաւասութիւնից դուրս մնացին Սուրմալուն եւ Արդահանը, Ջաւախքն ու Նախիջեւանը Արցախի հետ մէկտեղ եւ արդի լաց ու կոծը ոչ տեղին է եւ ոչ յարգելի: Վերջին ժամանակների սխալ քայլերից` նաեւ երիցս դատապարտելի, Երուսաղէմի պատմական հայկական տարածք ՙԿովերի պարտէզ՚-ի օտարումն է ի օգուտ ոմն հրեայ գործարարի: Անընդունելի, անհաւատալի եւ անհիմն է, որ տեղի պատրիարքը նման կարեւոր պայմանագիր է ստորագրում` առանց հետեւանքների մասին մտածելու, որ իր առաջնակարգ պարտականութիւնների բաժինն է համարւում: Այժմ նոյն անձը պաշտօնապէս դիմում է աշխարհի բոլոր եւ տարբեր կրօնական հաստատութիւններին` հայցելով ճնշում գործադրել Իսրայէլի պետական մարմինների վրայª խնդիրը լուծարելու նպատակով: Ո՞ւր կþերթաս… Նոյն կարգի է բռնի հանուած արցախցիների ետադարձի խնդիրը:
Մտածելու եւ հասունանալու բաւական տեղ, առիթ եւ ժամանակ ունեն որեւէ ղեկավար աթոռ զբաղեցնող մեր ազգակիցները, հայրենի հողի վրայ թէ սփիւռքում, իրար կոկորդ կրծելու փոխարէն:
Հասկացողին հազար ողջոյն:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Սեն Ռաֆայէլ