Թուք ու նախատինք, զառանցանք, ատելութիւն, արհամարհանք, ապագան քարկոծելու ու աւարտելու պաթոսային բռնկումներ, կրակը իւղով օծելու դառնաղի յղումներ, սեփական անձը քարկոծելու անէծքաբանութիւն, միմեանց հասցէին թունաւոր արտանետումներ, ինքնամերժում, ամպագոռգոռ նախասութիւններ, որ գրւում են յարմարաւէտ բազմոցների վրայ: Իրօ՞ք չենք նկատում, չենք հասկանում, որ նպատակաւոր իրարանցում են առաջացնում, որ իւրաքանչիւրս հարթակ նետի խելքին փչածն ու էլ աւելի խորանայ քաոսը, խելագարութիւնն ու մահը, դաժանութիւնը: Սթափութիւնը տեղ չի զբաղեցնում մեր էջերում, հազուադէպ են գրառումները միասնականութեան կոչերի: Մեղաւորներ փնտռելու փոխարէն մի բան յստակ է` պատերազմ, որ հայը տեսել է իր ծննդեան օրից: Համախմբման կոչեր հնչեցնենք, հին ու նոր չխառնենք, եթէ դժբախտութիւն էր ՙանցաւորների՚ Հայաստանում յայտնուելը, ապա դա միթէ՞ չեն նկաատել այնքան խելացի ու կարեւոր մարդիկ, որ չարիքն իրենց ձեռքով Հայաստան են բերել ու ապականել կեանքը, ում ՙԱստծոյ ժողովուրդ՚ են ասում: Ներկան կախուած է անցեալի փէշերից, ում մերժում են: Ներկան ամօթալի ու խայտառակ չէ, ներկան մարմնաւորում է թշնամու կերպն ու նրա հեռահար նպատակները: Դադարենք իրար միս ծամել, քարկոծել, թունաւորել իրար, մեր կեանքն ու բախտն անիծել, նոր ահասարսուռ ներկայացումների սցենարներ յղանալ, երբ անզէն ձեռքերով կանգնած ենք մահուան դիմաց: Դադարենք նուաստացնել ինքներս մեզ, դադարենք կործանել, առանց այն էլ Աստծոյ հետ մեն-մենակ մնացած մեր ժողովրդի ներքին մերկութիւնն ի ցոյց դնելով: Մեզ ի՞նչ եղաւ: Թեթեւսոլիկութեան բաց դրսեւորումներով ո՞ւմ ենք զարմացնելու: Չկայ աշխարհի վրայ ապահով անկիւն: Ոչ-ոք ողբի այսպիսի դրսեւորումներ չի ունենում: Արժանապատիւ լռութիւն պահենք` մտածելու ժամանակ շատ կ’ունենանք: Կորուստներն ու մահերը սարսափելի են, էլ աւելի սարսափելի է ատելութիւնը, որ մեր մէջ է: Ողբով ու իրարանցումներով հարցեր չենք լուծի: Մենք չգիտենք ինչ է պահել Աստուած մեզ համար եւ ինչու: Բաց ենք թողել պահը կարեւոր, թոյլ ենք տուել, որ անողջախոհութիւնը յաղթանակի մեր մէջ: Ոչ Նիկոլ, ոչ Սերժ, ոչ Քոչարեան: Հիմա հաւաքուելու պահ է, էլ ժամանակ չկայ: Մեր պետականութիւնը թանկ է` ազնուագոյն…
ՙՀայեր, բաւ է ցրուած մնաք մատներիս պէս,
Բռունցքուելն է յաւերժութիւնն Հայաստանի…՚
ԼԵՆԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Բիւրական
20 09 2023 թ.