ՙՄՏԱՀՈԳՈՒԹԵԱՄԲ ԵՆՔ ՀԵՏԵՒՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԷՄ ՅԱՃԱԽ ԿՐԿՆՈՒՈՂ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ՚
Լիբանանահայ համայնքը հայկական մեծ սփիւռքի ամէնից իւրայատուկ, մշտապէս Հայաստանի, Արցախի կողքին կանգնած, համազգային հոգսերով ապրող կարեւոր գաղթօճախներից մէկն է, որը նաեւ ազդեցիկ ներգրաւուածութիւն ունի Լիբանանի պետական, քաղաքական ու հանրային բովանդակ կեանքում: Ցաւօք, այսօր Լիբանանն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցները ոչ-հեշտ ժամանակներ են ապրում` ներքաղաքական, տնտեսական ու մի շարք այլ ցնցումների եւ անորոշ վիճակի պատճառով:
Ի՞նչ մարտահրաւէրներ ու նպատակներ ունի Լիբանանի հայութիւնը, որքանո՞վ է պահպանւում կապը մայր հայրենիքի հետ եւ ի՞նչ տեսլական ունի Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած գոյաբանական խնդիրների յաղթահարման հարցերում: ՙՀրապարակ՚-ի զրուցակիցն ՙԱրարատ՚ օրաթերթի (հիմնադրուել է 1937թ.) գլխաւոր խմբագիր, ՙԱրեգ՚ պարախմբի հիմնադիր Անի Եփրեմեանն է:
– Լիբանանի հայ համայնքը, ինչպէսեւ Հայաստանն ու Արցախը, առհասարակ, դժուարին ժամանակներ են ապրում: Օրինաչափութիւն է, թէ բախտի քմայք, բայց ցաւը կրկին մէկտեղել է բովանդակ հայութեանը` ենթարկելով հերթական պատմական փորձութեանը: Ի՞նչ իրավիճակ է այժմ Լիբանանում, ի՞նչ խնդիրների էք բախւում քաղաքական ու տնտեսական ճգնաժամ ապրող երկրում եւ ինչպէ՞ս էք կարողանում դիմագրաւել այդ ամէնը:
– Լիբանանն իր հմայքի, գեղեցկութեան, տարբեր կրօններ եւ մշակոյթներ զօդող երկիր լինելու իւրայատկութեան կողքին, դժբախտաբար, եղել է նաեւ բախումների եւ վերիվայրումների երկիր:
Լիբանանցի զուարթախոհ ու ընկերասէր ժողովուրդն իր պատմութեան ընթացքում շատ տագնապներ ու ճգնաժամեր է ապրել, բայց բոլորի դէմ-յանդիման միշտ ցուցաբերել է անկոտրում ու ամէն դժուարութիւն դիմագրաւող ոգի: Այս ոգով օժտուած է նաեւ հայը, որի ամբողջ պատմութիւնը լի է չընկրկելու դէպքերով: Հետեւաբար, Հայոց ցեղասպանութեան հետեւանքով ծնունդ առած սփիւռքի մէջ ապրող հայերը լիբանանեան հայրենիքի մէջ բաժնեկցեցին երկրի քաղցր ու դառը պահերը, ե՛ւ լաւ, ե՛ւ վատ օրերը: Վերջին տարիներին` 2019-ից սկսեալ, երկրի տնտեսութիւնը սկսեց գահավիժիլ, անմիջապէս վրայ հասաւ Քովիտ-19-ը, որից յետոյ` Պէյրութի նաւահանգստի մահաբեր աղէտը: Այս բոլորը միասին լիբանանցու կեանքը վերածեցին անվերջ տագնապի, որից անմասն չմնացին նաեւ հայերը: Բայց շնորհիւ մեր միասնականութեան, իրար օգտակար դառնալու եւ նեցուկ կանգնելու մեր յանձնառութեան, բոլորս ձեռք-ձեռքի տալով` մեր առաւելագոյն ջանքն ենք թափում, որպէսզի լիբանանահայ գաղութը շարունակի ապրել ու արարել արժանապատիւ ձեւով:
– Գաղտնիք չէ, որ հայերն ակտիւ դերակատարում ունեն այդտեղի թէ՛ պետական, թէ՛ քաղաքական եւ թէ՛ հանրային կեանքում: Միշտ էլ եղել են լիբանանահայ ազդեցիկ գործիչներ, պաշտօնեաներ, նախարարներ, պատգամաւորներ եւ այլք, որոնք մասնակցել են կարեւոր որոշումների ընդունմանը, հանդէս եկել արժէքաւոր նախաձեռնութիւններով: Ինչպէ՞ս է վերջին շրջանում արտայայտւում լիբանանահայ համայնքի ներգրաւուածութիւնը մեզ համար բարեկամ այդ երկրի քաղաքական ու հանրային կեանքում, ի՞նչ նոր նախաձեռնութիւններ կան, որոնք կ’ուզէիք յիշատակել:
– Անկախ Լիբանանի պատմութեան սկզբից ի վեր հայ համայնքը, որպէս երկրի բաղադրիչ կարեւոր տարրերից մէկը, ներկայացուցիչ ունի երկրին խորհրդարանի մէջ: 5 հայ առաքելական, 1 հայ կաթոլիկ, մերթընդմերթ ունեցել ենք նաեւ փոքրամասնութեան կողմից հայ աւետարանչական պատգամաւոր, բոլորն էլ դեր են ունեցել երկրի քաղաքական կեանքի մէջ եւ յառաջ են տարել գլխաւորաբար լիբանանահայութեան շահերը: Մինչեւ օրս էլ լիբանանեան խորհրդարանի հայ պատգամաւորները, ինչպէս նաեւ տարբեր կառավարութիւնների մէջ պաշտօններ ստանձնած հայ նախարարները գործում են թէ՛ ի նպաստ մեզ հիւրընկալող Լիբանանի եւ թէ՛ միաժամանակ հայ գաղութի օգտին` միշտ վայելելով տեղացիների յարգանքը:
– Լիբանանում գործող ՙԱրեգ՚ պարախմբի հիմնադիրն էք. հետաքրքիր է` ե՞րբ եւ ինչու՞ որոշեցիք ստեղծել այն, եւ որքանո՞վ է պահպանւում մայր հայրենիքի հետ կապը` փորձի փոխանակման, համագործակցութեան եւ, գուցէ, փոխադարձ համերգներ կազմակերպելու առումով: Չէ՞ որ սփիւռքում գործող ցանկացած մշակութային միութիւն, պարախումբ, երգչախումբ թէ այլ համախումբ, որպէս կանոն, փափաքում է այցելել Հայաստան ու ներկայանալ հայաստանցի հանդիսատեսի առջեւ:
– ՙԱրեգ՚ պարախումբը գործում է ՙՆոր սերունդ՚ մշակութային միութեան հովանիին ներքոյ, որի ատենապետուհին է համեստս: Պարախումբը ստեղծուել է 1983 թուականին, հայրենի պարուսոյց Նորիկ Մեհրաբեանի ջանքերով: 40 տարուայ ընթացքում ՙԱրեգ՚ պարախմբի գեղարուեստական ղեկավարի դերը ստանձնել են հայրենի վաստակաւոր արուեստագէտներ Մարտին Պօղոսեանը, Ասատուր Կարապետեանը, Արտաւազդ Աւետիսեանը, որոնց աշակերտած` պարախմբի փայլուն անդամներից Գարլօ Մթրըպեանն այս տարի դարձել է մեր պարուսոյցը: Զանց առնելով քովիտի պարտադրած սահմանափակման տարիները, ՙԱրեգ՚ պարախումբն ամէն տարի բեմ է բարձրացել հիասքանչ ելոյթներով: 2015 թուականին, Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան հիմնադրման 125-ամեակի առիթով, ՙԱրեգ՚ պարախումբը ելոյթ է ունեցել նաեւ Հայաստանի մէջ` հիացնելով հայրենի հանդիսատեսին: Հայրենիքի մէջ համերգներով հանդէս գալու փափաքը միշտ էլ ունեցել ենք եւ յուսով ենք, որ այդ մէկը յաճախ կը կրկնուի:
– Արցախեան 44-օրեայ պատերազմի աւարտից շուրջ 2,5 տարի անց, որի հետեւանքով ունեցանք մարդկային, տարածքային եւ այլ ահռելի կորուստներ, թշնամին շարունակում է կրկին սպառնալ մեզ` Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութեանն ու անվտանգ, արժանապատիւ գոյութեանը: Ի՞նչ մտածումներ ունէք այս առթիւ, որքանո՞վ էք իրազեկ մեզանում կատարուող զարգացումներին, եւ արդեօ՞ք Լիբանանում ապրող մեր հայրենակիցները հաւատում են, որ Երեւանն ու Պաքուն խաղաղութեան պայմանագիր կը ստորագրեն, ինչպէս նաեւ կը կարգաւորուեն հայ-թուրքական յարաբերութիւնները:
– Սփիւռքի մէջ գտնուող իւրաքանչիւր հայ ապրում է Հայաստանի հոգսերով ու երազներով: Ուրախանում եւ հպարտանում ենք մեր հայրենիքի ձեռքբերումներով եւ տխրում նրա ձախորդութիւններով: Պատերազմը չարիք է մարդկութեան համար, եւ նրա գործած աւերներից ու պատճառած անդառնալի կորստից մենք երկար տարիներ պիտի տառապենք ու միշտ պիտի սգանք մեր նահատակ տղաների յիշատակը: Այդուհանդերձ, մենք հրամայական ենք համարում ներքին միասնականութիւնը, Եղիշէ Չարենցի պատգամով հաւատում ենք, որ մեր փրկութիւնը մեր հաւաքական ուժին մէջ է: Հայը չպէտք է պառակտուի եւ պէտք է դէմ լինի բաժանարար ամէն տեսակի փորձերին: Մենք մտահոգութեամբ ենք հետեւում թշնամու կողմից մեր հայրենիքի սահմանների յաճախ կրկնուող սադրանքներին, ապրում ենք շրջափակուած Արցախի ցաւը, չգիտենք, թէ որքանով կարելի է վստահիլ թշնամու հետ խաղաղութիւն հաստատելու հաւանականութեանը, բայց յոյս ունենք, որ տեղի ունեցող բանակցութիւնները եւ, ընդհանրապէս, հայրենիքի ապագայ օրերը կը լինեն խաղաղ ու անվտանգ: Մենք հաւատում ենք բանակի կամքին եւ ուժին, որ ամէն գնով պէտք է զօրացնել, որպէսզի յարկ եղած դէպքում դիմագրաւի ամէն տեսակ ոտնձգութիւն:
Մեզ նաեւ պէտք են աշխարհի հետ լաւ ու առողջ յարաբերութիւններ: Հետեւաբար, մաղթում եմ, որ լինենք միասնական, բռնենք միմեանց ձեռքը, լինենք իրար թիկունք եւ ապաւէն, բոլորս էլ մեր լուման բերենք բանակի հզօրացման եւ հայրենիքի շէնացման վեհ գործին մէջ, տնտեսապէս բարգաւաճենք եւ դառնանք հզօր պետութիւն:
Զրուցեց` Արա Ալոյեանը