ՙԱրդարութիւնը առանց ուժի
անօգնական է, ուժն առանց
արդարութեան` բռնակալ՚
Պլեզ Փասքալ
Քսաներորդ դարի մարդկութեան մտքին ու խղճին ծանրօրէն ճնշողը` իրար յաջորդող Ա եւ Բ համասփիւռ պատերազմներն են միլիոնաւոր մարդկային զոհերով եւ անհաշիւ նիւթական աւերումներով, որ յաջորդաբար նախաձեռնեցին գերման իշխանութիւնները իրենց հզօր բանակով, որ փնտռում էր կենսական տարածքներ ձեռք բերել, եւ չմոռանանք նրանց հիմնական դաշնակիցն էր երկու դէպքում` արդէն ժողովրդավար դարձած Թուրքիան:
Առաջին դէպքում առիթը յարմար լինելով Եղեռնը իրականութիւն էր դարձած, իսկ երկրորդին թուրք բանակը կազմ ու պատրաստ տեղաւորուել էր սահմանին եւ սպասում էր գերմանական բանակի մուտքը Կովկաս, որ ինքը եւս հարուածի հարաւից:
Այս անհերքելի փաստերի կողքին, ինչպէ՞ս եղաւ որ գերմանները որպէս այդ դժոխքի հեղինակ եւ հրահրող դատապարտուեցին ՙվնասաց հատոյց՚ վճարել տարբեր երկրների: Մինչդեռ թուրքերը երկու դէպքում այդ աղէտի հիմնական դաշնակիցը լինելով ոչ միայն չդատապարտուեցին, այլեւ շահաւոր եղան: Այդ տարիներին էր, որ Չանաքալէի ճակատամարտում դաւադրութեան միջոցով յաղթող եղան եւ տիրացան` իբր ժամանակաւոր, Կարսի ու Սուրմալուի հայ նահանգներին, ռուս-թուրքական գաղտնի համաձայնութեամբ ազերիներին զիջելով Նախիջեւանն ու Արցախը, իսկ 48-ին փոխարէնը Ստալինը հրաժարուեց վերանայել վերոնշեալ նահանգների պայմանագիրը, այն յետաձգելով անյայտ ժամանակների համար:
Մէկ բան ստոյգ է, որ հէնց էնպէս ոչինչ չի լինում աշխարհում: Այստեղ է որ չեմ կարող չյիշել Սիամանթոյի ՙՈ՜վ մարդկային արդարութիւն, թող որ թքնեմ քո ճակատին՚ պարբերութիւնը: