ՙԱզնուութիւնը առաջին քայլը
լինելով է դէպի մեծութիւն,
հէնց ինքը մեծութիւնն է՚:
Պովի
Երբ տխմարութիւնը անհատական բնոյթի է, ընդունելի կամ հանդուրժելի է, քանի որ այն բնական երեւոյթ է: Ենթադրաբար` նախախնամութիւնը, առատաձեռն չլինելով անհատի նկատմամբ, որակական ինչ-որ թերացում է եղել նրա կազմաւորման ընթացքին:
Տարբեր է խնդիրը, երբ այն հանրային բնոյթի է. այն` գրեթէ անբուժելի է, նոյնիսկ աւելի վտանգաւոր, քանզի հետեւանքները կարող են լինել անսպասելիօրէն աւերիչ: Յիշեցնեմ, որ ոչ ի ծնէ տխմարութեան աղբիւրը կարող է լինել շահամոլութիւնը կամ ինչպէս մեր հայրենաբնակներն են նախընտրում` ՙլափամանից օգտուելը՚: Նրանց համար ի սկզբանէ կայ մի սկզբունք, այն է` մի բանի տիրանալ, իսկ տրամաբանութիւնն ու բարոյականութիւնը` գրողի ծոցը:
Այդ չէ՞ պատճառը, որ մեր հասարակութիւնը դարձել է երկշերտ` սեւ ու սպիտակ, եւ յաճախ անհնար է զանազանել ճշմարիտը կեղծիքից, երբ քաջալերւում է յանցանքը եւ տուժում արդարը: Ինչպէ՞ս էր հանդուրժում համակարգը, երբ զինծառայողները տարիներ շարունակ տարրական հիգիենիկ պիտոյքներ չունէին, եւ ըստ մեր ունեցած տեղեկութեանց` ծնողները պիտի հասցնէին գուլպայ ու սրբիչ, օճառ ու ատամի մածուկ, մինչդեռ անձնական պալատների շինութիւնը` բարձր պաշտօնեաների նախընտրելի սիրած զբաղմունք էր դարձել, բայց ի՞նչ փողերով:
Տարիներ շարունակ երկիրը ղեկավարողների պիղծ գործելակերպի հետեւանք է այդ: Նրանք ոչ միայն երկրի թալանով ա՛յն դէպի տնտեսական անկումի են տարել, այլ նաեւ վճարելով կատարել հանրային ուղեղների լուացում: Զինուած մեր փիւնիկեան վերածնուելու յատկութիւններով` պէ՛տք է կարողանանք վերականգնել, եթէ արդի խանգարող ուժերը մեզանից աւելի զօրեղ չլինեն: Այս է կարեւոր խնդիրներից մէկը: