Ֆրանսական «France Football» ամսագրի հեղինակաւոր «Ոսկէ գնդակ» մրցանակի յանձնման արարողութիւնը տեղի ունեցաւ Երկուշաբթի երեկոյ, 28 Հոկտեմբեր 2024-ին, Սէնի ափին, 2036 հանդիսատէս ընդգրկող Շաթըլէ թատերասրահին մէջ, Փարիզ: Արարողութեան ընթացքին մրցանակներ շնորհուեցան 2023/2024 մրցաշրջանի արդիւնքներով ֆութպոլային 10 բաժիններուն համար.
1) Ballon d’Or մրցանակ – ՌՈՏՐԻ – (լաւագոյն ֆութպոլիստը):
Թեկնածուներն էին՝ Վինիշըս Ճունիըր («Ռէալ Մատրիտ»), Ռոտրի («Մանչեսթըր Սիթի»), Կիլիան Մպափէ («Ռէալ Մատրիտ»), Էրլինկ Հալընտ («Մանչեսթըր Սիթի»), Ճուտ Պելինկհըմ («Ռէալ Մատրիտ»), Հերի Քէյն («Պայերն Միւնիխ»), Լամին Եամալ («Պարսելոնա»), (ամբողջական ցուցակը կը ներառէր 30 խաղցող):
2) Ballon d’Or Féminin – ԱՅԹԱՆԱ ՊՈՆՄԱԹԻ (լաւագոյն ֆութպոլիստուհին):
Թեկնածուներն էին՝ Այթանա Պոնմաթի («Պարսելոնա»), Ալեքսիա Փուտելիաս («Պարսելոնա»), Լորեն Ճէյմզ («Չելսի»), (ամբողջական ցուցակը կը ներառէր 30 խաղցող):
3) Kopa Trophy Մրցանակ – ԼԱՄԻՆ ԵԱՄԱԼ (մինչեւ 21 տարեկան լաւագոյն ֆութպոլիստը):
Թեկնածուներն էին՝ Լամին Եամալ («Պարսելոնա»), Արտա Կիւլեր («Ռէալ Մատրիտ»), Ուորըն Զաեր-Էմերի (Փարի Ս.Ժ.), (ամբողջական ցուցակը կը ներառէր 10 խաղցող):
4) Yashin Trophy – ԷՄԻԼԻԱՆՕ ՄԱՐԹԻՆԵԶ, (լաւագոյն բերդապահը):
Թեկնածուներն էին՝ Էմիլիանօ Մարթինեզ («Ասթոն Վիլա»), Ճիանլուիճի Տոնարումա (Փարի Ս.Ժ.), Եան Զոմեր («Ինթեր»), (ամբողջական ցուցակը կը ներառէր 10 բերդապահ):
5) Gerd Müller Trophy – ՀԵՐԻ ՔԷՅՆ (Պայերն Միւնիխ) եւ ՔԻԼԻԱՆ ՄՊԱՓԷ (Փարի Ս. Ժ.) (լաւագոյն ռմբարկուն): Երկուքն ալ 52 կոլերով ունին հաւասար արդիւնք:
6) Club of the year – «ՌԷԱԼ ՄԱՏՐԻՏ», (տղոց – Տարուայ լաւագոյն ակումբը):
Թեկնածուներն էին՝ «Պորուսիա Տորթմունտ» (Գերմանիա), «Ժիրոնա» (Սպանիա), «Պայերն Միւնիխ» (Գերմանիա), «Մանչեսթըր Սիթի» (Անգլիա) եւ «Ռէալ Մատրիտ» (Սպանիա):
7) Women’s Club of the Year – «ՊԱՐՍԵԼՈՆԱ», (կանանց – Տարուայ լաւագոյն ակումբը):
Թեկնածուներն էին՝ «Պարսելոնա» (Սպանիա), «Չելսի» (Անգլիա), «Նիւ Ճըրզի/Նիւ Եորք Կոթեմ» (ԱՄՆ), «Լիոն» (Ֆրանսա) եւ «Փարի Ս.Ժ.» (Ֆրանսա):
8) Men’s Coach of the Year – ՔԱՐԼՕ ԱՆՃԵԼՈԹԻ, (Տղոց – Տարուայ լաւագոյն մարզիչը):
Թեկնածուներն էին՝ Խապի Ալոնսօ («Պայերն Միւնիխ»), Քարլօ Անճելոթի («Ռէալ Մատրիտ»), Լուիս տը լա Ֆօնթէն (Սպանիոյ հաւաքական), Ճան Փիերօ Կասպերինի («Աթալանթա»), Փեփ Կվարտիոլա («Մանչեսթըր Սիթի») եւ Լիոնել Սքալոնի (Արժանթինի հաւաքական):
9) Women’s Coach of the Year – ԷՄՄԱ ՀԷՅՍ, (կանանց – Տարուայ լաւագոյն մարզիչը):
Թեկնածուներն էին՝ Սոնիա Պոմփասթոր («Լիոն» եւ «Չելսի»), Արթուր Էլիաս («Քորինթիընս» եւ Պրազիլի հաւաքական), Ճոնաթըն Հիրալտես («Պարսելոնա» եւ «Ուաշինկթըն Սփիրիթ»), Էմմա Հէյս («Չելսի» եւ ԱՄՆ հաւաքական), Ֆիլիփա Պաթաօ («Պենֆիքա») եւ Սարինա Վիկմէն (Անգլիոյ հաւաքական):
10) Socrates Award – ՃԷՆԻ ՀԵՐՄՈՍՕ (Tigres UANL ակումբի ֆութպոլիստուհի),
(Սոյն մրցանակը կը շնորհուի աշխարհի մէջ կատարուած լաւագոյն մարդասիրական աշխատանքին համար):
Ճէնիին այս նուաճումը հետեւանք է անցեալ տարուայ՝ Սպանիոյ աշխարհի ախոյեան դառնալէ ետք մրցանակաբաշխութեան ընթացքին ֆետերասիոնի նախագահէն՝ Լուիս Ռուպիալէն առանց համաձայնութեան համբոյր մը ստանալուն: Այս իրավիճակը սրուեցաւ միջազգային մակարդակով, որուն որպէս հետեւանք նախագահը պաշտօնէն հրաժարեցաւ: Իսկ Հերմոսօ այս պատահարին դիմաց ցուցադրած էր սեռային ոտնձգութիւններու դէմ պայքարի իր անշեղ նուիրուածութիւնը: